«Ի՞նչ Մանուկ, ի՞նչ միավորում»

18/07/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մոտավորապես այսպես արձագանքեց մեր հարցին, թե` ի՞նչ պայմանավորվածություններով է իր գլխավորած կուսակցությունը նախագահական ընտրություններում միավորվելու նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի գլխավորած ԺՈՒԿ-ի հետ: Այսպիսով նա նաեւ հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե նախագահական ընտրություններից առաջ հնարավոր է ԺԿ-ԺՈՒԿ միավորում:

Տիգրան Կարապետիչը, որն առաջիկա նախագահական ընտրություններին, իր խոսքերով, մասնակցելու է հաղթելու հարյուր տոկոսանոց համոզվածությամբ, նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում, որ ընտրություններից առաջ կարող է միավորվել այս կամ այն ուժի հետ: Տիգրան Կարապետիչի ասելով` ինքը մամուլից է իմացել, որ իր ու Մանուկ Գասպարյանի միջեւ դաշինք կամ միավորում ձեւավորելու մասին քննարկումներ են տեղի ունենում: Ավելին` Կարապետիչը հավաստում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքը ոչ տեսել է, ոչ էլ խոսել է Մանուկ Գասպարյանի հետ: «Ընտրություններից հետո ես ոչ իրեն տեսել եմ, ոչ խոսել եմ իր հետ, ոչ էլ կուրսի եմ, թե ինչի մասին է խոսում: Նույնիսկ հեռախոսով չեմ խոսել հետը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԺԿ նախագահը:

Կարապետիչն ընդհանրապես բացառում է, որ իր կուսակցությունը որեւէ ֆորմատով կմիանա այս կամ այն ուժի հետ, քանի որ, իր խոսքերով` ինքն ընդհանրապես դաշինք կազմում է միայն ժողովրդի հետ, ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցության (այլ հարց է, որ ինչպես ցույց տվեցին անցած խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հետ Կարապետիչի դաշինքը միակողմանի էր.- Լ.Ս.): Ճիշտ այնպես, ինչպես Արտաշես Գեղամյանը, ով նախընտրում է միավորվել միայն ազգի հետ: Եվ չնայած նրան, որ Տիգրան Կարապետիչն ընդհանրապես դեմ է տարբեր տեսակի միավորումներին ու ֆորմատներին, այդուհանդերձ, համեստորեն խոստովանում է, որ կոնկրետ ինքը դեմ չի լինի, եթե 2008թ. իր թեկնածությունը որոշեն պաշտպանել ինչ-որ ուժեր: «Եթե իրենք ցանկանան ինձ սատարել` իրենց գործն է, բայց միանալու մասին խոսակցություն չի եղել»,- ասում է Տ. Կարապետյանը:

Պարզվում է` Մանուկ Գասպարյանն էլ տեղյակ չէր, որ ինքը Տիգրան Կարապետիչի հետ նախագահական ընտրություններին միասնական թիմով մասնակցելու շուրջ բանակցություններ է վարում: Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ պարզապես հայտարարել էր, որ պետք է սոցիալ-դեմոկրատական ուժերը միավորվեն: Բայց նույնիսկ այդ ժամանակ Մանուկ Գասպարյանին չէր հաջողվել պարզել, թե իրականում Տիգրան Կարապետիչը ո՞ր գաղափարախոսությունն է ընտրել իր կուսակցության համար: «Ես չգիտեմ՝ Տիգրան Կարապետիչը սոցիալ-դեմոկրա՞տ է, թե՞ ինչ է: Տեղեկություն չունեմ: Ես մի անգամ իր կուսակցության ծրագիրն ուզել եմ` չի տվել»,- պատմում էր Մ. Գասպարյանը` հավաստելով, որ ինքը չի կարող դաշինք կամ միավորում կազմել մի ուժի հետ, որի ծրագիրն իրեն չեն տվել նույնիսկ ծանոթանալու համար:

Մանուկ Գասպարյանն առայժմ որեւէ ուժի հետ միավորվելու մասին չի մտածում: Նրա խոսքերով, ինքը դեռ սպասում է, որովհետեւ իր հաշվարկներով առաջիկայում ընդդիմադիր երեք բլոկ է ձեւավորվելու: «Շուտով երեւի մի երեք հատ ընդդիմադիր բլոկներ կձեւավորվեն: Ոնց որ թե միասնական չի ստացվում, ամեն մեկն առանձին է հայտարարում: Այս ամեն ինչն արվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: «Այլընտրանքի» արածները Լ.Տեր-Պետրոսյանի հետ են կապված: ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն էլ ոնց որ իրար հետ են միանում. լավ են անում, հին ընկերներ են` միանում են: Ես ասում եմ` թող Լեւոնն ասի` ես առաջադրվում եմ, ես իմ կարծիքը կարտահայտեմ, բայց ես համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի առաջադրելու, բայց չգիտես ինչու մյուսներն են Տեր-Պետրոսյանի փոխարեն աքլորացել, ընկել մեյդան: Դրանք դատարկ խոսակցություններ են»,- ասում է Մանուկ Գասպարյանը` բնականաբար չմանրամասնելով, թե որտեղից է իրեն հայտնի` Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Վերջինիս հավաստմամբ, ինքը պատրաստ է միանալ ընդդիմության միասնական թեկնածուին` անկախ նրանից, թե այդ թեկնածուն ով կլինի: Բայց կասկածներ ունի, թե ընդդիմությունը կկարողանա միավորվել ու մի քանի բլոկներն իրար միացնելով՝ մեկ թեկնածու առաջադրել: «Ընդհանուր միասնական թեկնածուի դեպքում կպաշտպանեմ միասնական թեկնածուին` անկախ նրանից, թե ով է լինելու: Որտեղ ժողովուրդը, այնտեղ` ես: Իսկ եթե երեք խմբակ լինի, հնարավոր է՝ ինքս հայտարարեմ ու դուրս գամ խաղից: Երեք, թեկուզ երկու ճյուղով ես չեմ պատկերացնում այս իշխանություններին հաղթելը: Համաձայն եմ, եթե մեկին զապաս պահեն, երկու ընկերով մտնեն խաղի մեջ, ու վերջում մեկը դուրս գա, ասեն` ինքն ա մեր թեկնածուն: Դրան համաձայն եմ, բայց եթե 2-3-4 հոգով դնեն, 99 տոկոսով ոչ ոքի չեմ պաշտպանի»,- վստահեցնում էր Մանուկ Գասպարյանը:

Ի տարբերություն Մանուկ Գասպարյանի, Տիգրան Կարապետիչը դեմ է այն հաշվարկներին, ըստ որոնց` եթե «ընդդիմադիր, կենտրոնամետ կամ այլ էկզոտիկ անուն ունեցող քաղաքական ուժերը չհամախմբվեն», հնարավոր չէ պայքարել իշխանությունների դեմ, քանի որ ինքը «ձայների մանիայով» չի տառապում: Այն դիտարկումներին ի պատասխան, թե`իշխանություններին հաղթելու համար պետք է բոլոր կուսակցությունների առաջնորդները մի կողմ դնեն իրենց ամբիցիաներն ու միավորվեն, որպեսզի բոլորի ձայները գրանցվեն կոնկրետ մեկ թեկնածուի օգտին, Տ. Կարապետիչն ասաց. «Հասկանալի է, բայց ես ձայների մանիա չունեմ: Ես չեմ ուզում ամեն կերպ ունենալ ձայներ: Բացի դա` ես չեմ համարում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրված ձայներն իրական պատկերն էին: Իրականում մենք ունեցել ենք շատ ու շատ ձայներ: Մեր ձայները դրել են նորաթուխ ոմանց վրա: Դա է իրականությունը»,- ասաց Կարապետիչը, ով ակնհայտորեն ոչ միայն «ձայների մանիա» չունի, այլեւ՝ իշխանությունների դեմ պայքարելու ցանկություն: