«Բոգդան» ավտոբուսներն ի՞նչ անել» հոդվածի հրապարակումից հետո «168 Ժամ» էր զանգահարել Հրաչ Ղուկասյանը, ով ներկայացավ որպես «Ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրեն: Նշյալ հրապարակումն այն մասին էր, որ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է «Բոգդան» ավտոբուսները վաճառել մասնավոր ընկերությունների:
Մեզ հետ զրույցում միկրոավտոբուսների երթուղիներ սպասարկողները նշել էին, որ քաղաքապետարանն առաջարկում է ավտոբուսները գնել 30.500 դոլարով: Նշենք նաեւ, որ քաղաքապետարանն ավտոբուսների շահագործումից հրաժարվելը բացատրել է նրանով, որ տրանսպորտի այս տեսակը վնասով է աշխատում եւ մրցունակ չէ միկրոավտոբուսների համեմատ: Ուստի նպատակահարմար է ավտոբուսների շահագործումը նույնպես հանձնել մասնավոր հատվածին եւ հետագայում հենց նրանց միջոցներով էլ լրացնել Երեւանին անհրաժեշտ շարժակազմերի քանակը:
Հրաչ Ղուկասյանն ասում է, որ տրանսպորտի համակարգում աշխատելու երկար տարիների փորձ ունի, իսկ «Ավտոբուս» ՓԲԸ-ում էլ աշխատել է 2003-2005թթ, որի հաշվեկշռում էլ ներառվել են «Բոգդան» ավտոբուսները: «Ճիշտ ժամանակին էր քաղաքապետարանի այն որոշումը, որ մայրաքաղաքում ուղեւորափոխադրումները չեն կարող կատարվել փոքր տարողությամբ շարժակազմերով: Ներկայումս անգամ Վրաստանում «Գազելներով» ուղեւորափոխադրումներ չեն կատարում: Երեւանում քաղաքակիրթ ուղեւորափոխադրումներ կազմակերպելու համար հարկ է վերականգնել ավտոբուսային պարկերը»,- սա համակարգը լքած մասնագետի կարծիքն է: Իսկ Երեւանում «Բոգդանների» նախապատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2003թ. «Ավտոբուս» ՓԲԸ-ն վարձակալությամբ սկսել էր շահագործել «Ավիատրանս» ընկերության սեփականատեր Իսահակ Սեյրանյանի ներկրած 14 «Բոգդան» տիպի ավտոբուսները: «Այնուհետեւ վարկային միջոցներով ձեռք ենք բերել եւս 60 ավտոբուս եւ կարողացել ենք մարել վարկային պարտավորություններն ու գնել վարձակալած ավտոբուսները: Այս ավտոբուսները 60 տոկոս բեռնվածության դեպքում էլ եկամուտով են աշխատում: Հիմնավորված չէր քաղաքապետարանի կողմից ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ դարձնելը, անգամ 50 դրամի դեպքում այն չի կարող վնասով աշխատել: Որակական առումով այս ավտոբուսները նույնպես խնդիրներ չունեն: Այն տեսակետը, որ շարժիչները ժամանակից շուտ են շարքից դուրս գալիս` մեր վարորդների անփութության արդյունքն էր: Յուղը ժամանակին չեն փոխում, որի պատճառով էլ ավտոբուսներից երկուսի շարժիչը փչացել էր: Մենք Ուկրաինայի հետ մեքենայի մասերի մատակարարման պայմանավորվածություն ունենք եւ անմիջապես վերացրել ենք անսարքությունները: Մինչ իմ տնօրեն ընդունվելը պարկի ամսական շրջանառությունը կազմել է մոտ 3 մլն դրամ, իսկ չորս ամիս հետո այն հասել է 31 մլն դրամի: Յուրաքանչյուր ավտոբուսի օրական վճարը 30.000 դրամ էր սահմանված, եւ նրանք կարողանում էին կատարել օրվա պլանը: Այս ամենն արտացոլված է «Ավտոբուս» պարկի հաշվապահությունում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է ավտոբուսի պարկը ներկայումս վնասով աշխատում»,- ասում է Հ.Ղուկասյանը: Մեր զրուցակիցը բացահայտում է, որ 30.500 դրամով վաճառքի հանված ավտոբուսները ձեռք են բերվել 28.000 դոլարով, եւ զարմանք է հայտնում, թե ինչպես կարող են 4-5 տարի շահագործված ավտոբուսներն ավելի թանկ արժենալ, քան նորերը: Նա նաեւ ասաց, որ քաղաքապետարանը մնացած 77 ավտոբուսները ներկրել է ոչ թե վարկով, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին, եւ այն էլ՝ մաքսատուրքը եղել է զրոյական: «Նման արտոնյալ պայմաններում, իմ հաշվարկներով՝ հնարավոր էր պարկի միջոցներով տարեկան ներկրել եւս 100 նոր ավտոբուս, եւ այս թիվը պետք է հասցվեր մինչեւ 1500-ի: Իմ պաշտոնավարման ժամանակ, երբ մենք մարում էինք նաեւ վարկային պարտավորությունները, քաղաքապետարանը պարկին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Իսկ ներկայումս 50-100մլն դրամի ֆինանսավորում են անում պարկին` ասելով, թե վնասով են աշխատում»,- պատմում է Ղուկասյանը: Տեղեկացնենք նաեւ, որ Ղուկասյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը գնահատել է Ղուկասյանի աշխատանքը եւ չի ցանկացել նրան ազատել աշխատանքից, սակայն վերջինս համառել է եւ երկրորդ անգամ է դիմում ներկայացրել, որը եւ քաղաքապետը ստորագրել է: Սա նրա ազատման պաշտոնական պատճառաբանությունն է: Ո՞րն էր ձեր՝ աշխատանքից ազատվելու պատճառը` մեր այս հարցից Ղուկասյանը սկզբում խուսանավում էր եւ միայն հետո որոշ մանրամասներ պատմեց: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալներից մեկը փող աշխատելու մեծ ախորժակ է ունեցել եւ Ղուկասյանին պարտադրել է վառելիքի մատակարարման մասով պայմանագիր կնքել միայն իր «հավանությունը» ստացած կազմակերպության հետ, այն էլ` արդեն որոշված գներով: Բացի այս էլ` խոչընդոտել է, որպեսզի իր «դաբրոյով» աշխատողների «գծերի» վրա ավտոբուսի երթուղիներ բացվեն, եւ համանման այլ մեքենայություններ է արել: Ղուկասյանը հրաժարվել է գործարքի գնալ, որի արդյունքում էլ «Ավտոբուս» ՓԲԸ-ում ստուգումներ են սկսվել: Իրավիճակը փրկել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը` իջեցնելով իր նշված տեղակալի պաշտոնը: Ստացվում է, որ «Բոգդան» ավտոբուսներով բեռնափոխադրումներ կատարելը այսօր ամենաեկամտաբեր բիզնեսներից է, սակայն դրանից հրաժարվում են, թե՛ քաղաքապետարանը եւ թե՛ մասնավոր շահագործողները: Առաջինի դեպքը, եթե պարզ է` պետական բիզնեսում մեկը երբեք երկու չի դառնում, ապա անհասկանալի է մասնավոր հատվածի պահվածքը: Մեր զրուցակիցն այս հարցի պատասխանն էլ ուներ. «Այս ավտոբուսները շարքից դուրս են եկել: Մասնավորը երբեք չի համաձայնի գնել մի ապրանք, որն այդքան գին չունի: 28.000 դոլարանոց ապրանքի ամորտիզացիան փոխանակ հանեն, դեռ 3500 դոլարով էլ թանկացրել են: Բարձր է նաեւ ավտոբուսների հարկը, որը հաշվարկվում է նստատեղերի քանակով: Բացի այդ, մասնավորը դեռ չի հասցրել մաշել իր ներկրած միկրոավտոբուսները: Ի վերջո, ավտոբուսները պետական համակարգից հանելը հեշտացնում է փողերի լվացումը»: