Քանի սաղ են, պետությանը պարտք են

18/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Տնտեսվարող սուբյեկտները հարկ վճարել չեն սիրում: Բայց բոլոր հարկատուներն էլ գիտեն, որ հարկ վճարելն այնպիսի պարտականություն է, որը կարգավորվում է ոչ թե զգացմունքներով, այլ օրենքներով:

Սակայն Հայաստանում այդ օրենքները, դրանք կիրառողների թեթեւ ձեռքով, ոչ բոլորի համար են հավասար գործում. մեկի նկատմամբ անհանդուրժող են, մյուսի նկատմամբ՝ զիջող: Եվ այնպես է ստացվել, որ օրենքի «խտրական վերաբերմունքից» օգտվելով՝ Հայաստանի հարկատուների մի մասը, հատկապես՝ խոշոր հարկատուները թաքցնում են իրենց շրջանառության ծավալներն ու այդպիսով քիչ են հարկ վճարում: Սակայն արի ու տես, որ այդ խոշորները նաեւ ժամանակին չեն վճարում «ամոթու խաթեր» չթաքցրած հարկերը եւ պետությանը մեծ գումարներ են պարտք մնում:

Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) խոշոր հարկատուների ցանկի հետ միասին հրապարակում է նաեւ հարկային պարտքեր ունեցող ընկերությունների ցանկը: Այստեղ էլ առաջին շարքերում նորից խոշոր ընկերություններն են: Եվ այսպես, ամենաշատ հարկային պարտքը կուտակել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը՝ մոտ 2 մլրդ դրամ: Պետության պարտքացուցակի երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է ազգային միակ փոխադրող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որը չի վճարել 420 մլն դրամ: Ի դեպ, ՀՊԾ-ն պարտադիր սոցիալական վճարների պարտքերը հրապարակել է առանձին ցանկով: «Արմավիան» այստեղ նույնպես ետ չի մնում եւ 112 մլն դրամով զբաղեցնում է 16-րդ տեղը: Այս ընկերությունը պետբյուջե չի վճարել 532 մլն դրամ: Հաջորդ աչքի ընկնող անպարտաճանաչ հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը պետությանը պարտք է 163 մլն դրամ սոցապվճարներ եւ 42,5 մլն դրամ էլ` այլ հարկատեսակների գծով: Տարիներ առաջ, երբ ՀԷՑ-ը պետական էր, եւ հոսանքի վարձերի հավաքագրումը ցածր մակարդակի վրա էր, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ այս ընկերության՝ հարկերի պարտք ունենալու պատճառները: Բայց հիմա ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է, եւ վարձերի հավաքագրումը կատարվում է ամբողջությամբ: Այս պարագայում արդեն դժվար է արժանահավատ պարզաբանումներ գտնելը: Իհարկե, ընկերությունը կունենա ինչ-որ պատճառաբանություններ, բայց դրանք այնքան էլ արժեք չեն ունենա, որովհետեւ այս համակարգում ինչպես հարկային պարտականությունները, այդպես էլ ներդրումները կատարվում են բաժանորդների վճարած հոսանքավարձերի միջոցներով: Իսկ բոլոր բաժանորդները ամսվա վերջում պարտաճանաչ վճարում են իրենց ծախսած հոսանքի վարձը: Հակառակ դեպքում ՀԷՑ-ը երբեք չի զլանում եւ անմիջապես անջատում է «անպարտաճանաչ» բաժանորդի հոսանքը: 71 մլն դրամ հարկային պարտք ունի «Երեւանի կոնյակի գործարանը», 79 մլն դրամ՝ «Արմենիա» հյուրանոցը, 60 մլն դրամ` ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի» կոնյակի գործարանը:

Շատ ավելի մեծ է պարտադիր սոցիալական վճարների պարտք ունեցողների ցանկը, եւ այստեղ ընդգրկվածներն ավելի հայտնի ընկերություններ են: Չնայած պարտադիր սոցիալական վճարումները ժամանակին չկատարելու համար տնտեսվարողները կարող են ինչ-որ պատճառներ բերել: Խոշորները կարող են ասել, թե երկու ամիս առաջ խորհրդարանական ընտրություններ են եղել եւ իրենք «մուծվել» են այնքան, որքան պետք է եղել: Որովհետեւ դժվար կլինի հավատալ, որ, ասենք, նրանք չեն վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը. այն աշխատակիցների, որոնք նույն ընտրությունների ժամանակ աշխատել են «հանուն երկրի կայունության»: Իսկ հնուց աշխատավարձերի պարտքեր ունեն շահագործման ճիշտ եղանակները չգտած այնպիսի գործարաններ, ինչպիսիք են «Նաիրիտ», «Պրոմեթեյ Քիմպրոմ» եւ այլ ընկերություններ: «Նաիրիտը» կուտակել է ավելի քան 1 մլրդ դրամի սոցապվճարի պարտքեր եւ այս ցանկում առաջին տեղն է զբաղեցնում: «Պրոմեթեյ Քիմպրոմն» ունի 182 մլն դրամի պարտքեր: Բայց այս ընկերությունների կողքին կան նաեւ շահույթով եւ բավականին հաջողությամբ աշխատող այնպիսի պարտքատերեր, ինչպիսին է նորից Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտը»՝ 94 մլն դրամ: Սոցապվճարներ չի սիրում վճարել նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»՝ 46 մլն դրամ, Արթուր Բաղդասարյանի հովանու ներքո գործող «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան»՝ 5,4 մլն դրամ եւ այլն: Եվ իսկապես, ստացվում է այնպես, որ Հայաստանում հարկ վճարելը կարգավորվում է ոչ թե օրենքներով, այլ զգացմունքներով: Մեկ էլ իշխանություններից ձեռք բերած արտոնություններով: