Անկարան տարածքներ չի նվիրում

18/07/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էրբաշար Օզսոյը վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրեց Էրզրումը Հայաստանին հանձնելու մտադրության մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Haber» գործակալությունը, Օզսոյը պնդում է, թե «ՄԵծ Մերձավոր Արեւելք» բազմակողմանի աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկի վրա, որի համահեղինակներից մեկն է վարչապետը, Էրզրումն ընդգրկված է Հայաստանի կազմի մեջ: Օզսոյը հասարակությանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել դրան, եւ պետության փլուզումից խուսափելու համար հրաժարվել կառավարող կուսակցությանն աջակցելուց:

Օզսոյի ելույթը Թուրքիայում աննկատ չանցավ: Ենթադրվում է, որ իշխանությունները հանդես կգան պատասխան հայտարարությամբ, եւ բացառված չէ, որ շատախոս քաղաքական գործչից բացատրություն կպահանջեն: Քաղաքագետ, թուրքական հանրահայտ «Milliyet» թերթի լրագրող Սամի Կոենը կարծում է, որ Էրբաշար Օզսոյի մեղադրանքները միայն մի նպատակ են հետապնդում` վարկաբեկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որի առաջնորդն է Ռեջեփ Էրդողանը: «Դա, իհարկե, խելագարի հայտարարություն է: Այդպիսով պատգամավորության թեկնածուն փորձում է ստանալ ընտրողների ձայները: Ես խիստ կասկածում եմ, որ էժանագին պոպուլիզմի նման ձեւը որեւէ ազդեցություն կունենա ընտրազանգվածի վրա եւ անհրաժեշտ ձայներ կբերի. ընտրողներն այնքան էլ հիմար չեն: Ավելին, կարծում եմ` քարոզարշավի նման ձեւն անարդյունավետ է Թուրքիայի ընդդիմադիր ուժերի համար»,- ասաց Սամի Կոենը «168 Ժամի» հետ զրույցում: Էրբաշար Օզսոյի PR-կամպանիան լսեցին նաեւ Հայաստանում: Այստեղ անմիջապես «հիշեցին», որ մի ժամանակ Էրզրումը, որ նախկինում Կարին էր կոչվում, իսկապես մտնում էր հայոց պետության մեջ: Սակայն «Էրդողանի պլանների մերկացումը» Երեւանում ոչ ոք լրջորեն չընդունեց, բացառությամբ՝ մարգինալների նեղ շրջանակի: ՀՀ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ դատարկախոսությունն ակնհայտ է: «Սկանդալային տեղեկության հետեւում կանգնած է թուրքական խորհրդարանում ներկայացված Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը: Դա ընդդիմադիր կուսակցություն է, որը դիմակայում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը»: Տեղեկությունը հենվում է այն բանի վրա, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Մեծ Մերձավոր Արեւելք» կոնցեպցիայի կողմնակիցներից է եւ, իբր, համաձայն տարածաշրջանի վերաձեւման նախագծերից մեկի, Էրզրումն անցնում է Հայաստանին, ինչն արձանագրված է քարտեզներից մեկի վրա: Կարծում եմ` Թուրքիայի վարչապետի դեմ մեղադրանքներն ընդամենը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արված քայլ են` թուլացնելու համար իշխող կուսակցության ազդեցությունը Թուրքիայի արեւելյան վիլայեթներում, որտեղ գտնվում է Էրզրումը»,- «168 Ժամին» ասաց Սաֆրաստյանը:

Ասվածին կարելի է ավելացնել նաեւ այն, որ թեկնածուի հայտարարության դրդապատճառներն ավելի պարզ են դառնում, եթե նկատի ունենանք, որ Թուրքիայի արեւելյան ու հյուսիս-արեւելյան վիլայեթները մյուս վիլայեթների համեմատ ավելի հետամնաց են, այդ պատճառով Օզսոյի խոսքերը կարող են ընկնել բերրի հողի վրա: