Ծիրանի այգում երկու ծառ է աճել

18/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավարտվեց, կազմակերպիչները պարգեւատրեցին հաղթողներին եւ ուղիղ հեռուստահեռարձակմամբ փակեցին փառատոնը։

Որքան էլ խոսենք այն մասին, որ փառատոնը նախեւառաջ լավ ֆիլմերն ու մարդկային շփումներն են, չենք կարող չնշել, որ փառատոնը նաեւ շրջանակներ են, սահմաններ, որոնք գծում են կազմակերպիչները։ Նրանք են ընտրում ժյուրիի անդամներին, մասնակիցներին, նրանք են կազմում մրցութային եւ այցելության ծրագրերը։ Իսկ այս տարվա գծած շրջանակները բավականին նեղ էին, լայն արձագանք ստացան միայն մի քանի ֆիլմեր ու մի քանի ռեժիսորների այցերը։ Սովորաբար, ռեժիսորները, կինոքննադատները, ֆիլմերի դիստրիբյուցիայով զբաղվող մարդիկ մեր երկիր են ժամանում ընդամենը մեկ կամ երկու օրով եւ, որպես կանոն, չեն հասցնում դիտել հայկական ֆիլմերն ու չեն շփվում հայ մասնագետների հետ (ասուլիսները հաշիվ չեն, քանի որ այնտեղ ներկա են լինում միայն իրենց գործն արագ անել ու տուն գնալ ցանկացող լրագրողները)։ Օտարերկրյա շատ կինոգործիչների համար Հայաստանը պարզապես էկզոտիկ ու կինոյի զարգացման համար անհեռանկար վայր է թվում, որտեղ իրենք պարզապես հանգստանում են ու լավ հյուրասիրության արժանանում, քանի որ նրանցից ավելին ոչ ոք չի պահանջում։ Գուցե փառատոնի կազմակերպիչները նշանակություն չեն տալիս հետագա կապերի ստեղծմանը կամ էլ գուցե համարում են, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում, սակայն պարզ է, որ մեր երկիր գալիս են մարդիկ, որոնց կարելի էր ավելի լավ «օգտագործել»։ Իսկ «օգտագործելն» այս դեպքում միայն ուտել-խմելու տանել չի նշանակում։ «Օգտագործել»` նշանակում է՝ նրանց փորձի ու գիտելիքների հետ ծանոթանալ։ Միջազգային կինոֆոնդերի ու կինոյի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներով ոչ ոք չէր հետաքրքրվում։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ «Հայֆիլմի», Կինեմատոգրաֆիստների միության կամ Ազգային կինոկենտրոնի համար «Ոսկե ծիրանի» հյուրերը դատարկ բան են, նրանք սեփական յուղի մեջ են տապակվում, լավ գիտեն իրենց անելիքը եւ բնավ էլ ստեղծագործական նոր կամուրջներ ստեղծելու կարիք չունեն։ Փառատոնի հիմնադիրներն էլ, իրենց հերթին, համարում են, որ իրենք ֆիլմեր ու հյուրեր են բերում, մնացածն իրենց չպետք է մտահոգի։ Արդյունքում ստեղծվում է մի անբնական ու անհեթեթ իրավիճակ. փառատոն ունենք, բայց այն հասցեատեր չունի։ Չունի նաեւ այն պատճառով, որ, շահագրգռված կինոմասնագետների բացակայությունից բացի, նաեւ հանդիսատես չկա։ Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր քաղաքի երկու կինոթատրոնները փառատոնային յուրաքանչյուր ֆիլմի դիտման համար 1500 դրամ արժողությամբ տոմսեր են վաճառում։ Այդ գումարը պետք է վճարեն բոլոր ֆիլմ դիտել ցանկացողները, նույնիսկ, եթե ֆիլմը տասը րոպե է տեւում, եւ այն Հայաստանում է նկարահանված։ Այդ նույն գումարը սահմանված է եւ՛ լայնամասշտաբ ամերիկյան բլոկբաստերների, եւ՛ հայկական խուլ գյուղերում նկարահանված վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի համար։ Պարադոքս է ստացվում. ուզում ենք, որ ֆիլմերը հանդիսատես ունենան, բայց ուսանողներին կամ իսկապես կինոսիրողներին դրանք դիտելու հնարավորություն չենք տալիս։ Ասում ենք՝ տո՛մս գնիր, փառատոնի մեխանիզմն այդպես է, այդպես են աշխատում բոլոր երկրներում… Եվ մոռանում ենք, որ մենք կինո արտադրող մեծ երկիր չենք, մեզ մոտ եւ՛ լավ ռեժիսորներին, եւ՛ լավ հանդիսատեսին կարելի է մատների վրա հաշվել։ Հայ կինոսիրողը պարզապես չի կարող օրական մի քանի ֆիլմ դիտել, քանի որ դրա համար առնվազն նա պետք է օլիգարխ լինի։ Իսկ մեր երկրում, ինչպես հայտնի է, օլիգարխները կինո հազվադեպ են նայում, իսկ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը նրանց երբեք չեն հետաքրքրել։ Հասկանալի է, երբ կինոթատրոնները տոմսեր են վաճառում աղմկոտ պրեմիերաների համար, բայց մեր ազգային կինոն դեռ չի ձգում աղմուկի, նրան օգնել է պետք հենց թեկուզ հանդիսատես ապահովելով ու արհեստական, «անվճար» աղմուկ ստեղծելով։ Իսկ «Ոսկե ծիրանը» ստեղծված անհասկանալի ավանդույթի համաձայն՝ հրավիրատոմսեր է բաժանում ում ցանկանում է, ամեն դիտման համար հարյուր տոմս ուղարկում է կառավարություն, տարբեր պետական գործիչների ու իշխանավորների է հրավիրում։ Նրանք էլ չեն գալիս, նրանց այդ ֆիլմերը հարյուր տարի պետք չեն։ Հրավիրատոմսերը կորչում են, իսկ հանդիսատեսի թիվը չի շտապում ավելանալ։ Եվ փառատոնի մասնակից-կինոռեժիսորները ստիպված են լինում հինգ հարյուր հանդիսատեսի համար նախատեսված կինոդահլիճներում իրենց ֆիլմերը ներկայացնել ընդամենը քսան մարդու առջեւ։ Եվ բնական է հնչում շատերի այն տպավորությունը, թե «Ուրեմն Հայաստանում ֆիլմ չեն դիտում»։ Այն մարդիկ, ովքեր ֆիլմեր դիտել են ուզում եւ նույնիսկ գտնում են դրա համար անհրաժեշտ գումարը, ուղղակի հերոսներ են։ Իսկ նրանք, ում հաջողվում էր շփվել ֆիլմերի հեղինակների հետ, երկակի հերոսներ են։ Եթե փառատոնի հյուրերի հետ այս տարի որեւէ մասնագիտական շփում էր տեղի ունենում, ապա դա արվում էր պատահաբար՝ հայկական կողմի էնտուզիաստների շնորհիվ, ովքեր այստեղից կամ այնտեղից իմանում էին, որ հետաքրքիր անձ է ժամանել եւ փորձում էին հանդիպել նրա հետ։ Եթե, իհարկե, փառատոնի գրաֆիկը դա թույլ էր տալիս։

Մինչդեռ հյուրերից շատերը պատրաստ էին, նույնիսկ՝ ուրախ էին, երբ զրուցելու առիթ էին ունենում։ Պարզապես այդ զրույցի առիթները չէին լինում։ Երկու օրով ժամանած մարդկանց փառատոնի կազմկոմիտեն տանում էր Գեղարդ, բերում էր ասուլիսի ու ուղարկում իրենց հայրենիք։ Երբ օտարերկրյա մասնակիցները ցանկություն էին հայտնում շփվել հայերի հետ, պարզվում էր, որ ժամանակ չկա, քանի որ ծրագիրը շատ խիտ է, եւ իրենք ուշանում են ինքնաթիռից կամ հերթական ճաշկերույթից։ Արդյունքում՝ փառատոնի հյուրերը գալիս-գնում էին՝ այդպես էլ չհասկանալով, թե ո՞վ ենք մենք եւ ի՞նչ ենք ուզում իրենցից։ Գուցե այդ հարցադրումներին նախեւառաջ մեր կինոգործիչները, կինոարտադրողները, Մշակույթի նախարարության պատասխանատուներն ու մասնավոր ստուդիաների եւ կինոթատրոնների տերերը պետք է պատասխանեն։ Կամ էլ գոնե փորձեն իրենց առջեւ նման հարցադրումներ դնել։

Մրցանակակիրներ

Այս տարվա «Ոսկե ծիրանի» լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել եւ 2 մլն դրամ մրցանակ ստացել Ուլրիխ Զայդելի ավստրո-ֆրանսիական «Ներմուծում-արտահանում» ֆիլմը։ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում լավագույն է ճանաչվել Մեծ Բրիտանիայի արտադրության Եղեռնի ճանաչման անհրաժեշտությանն ուղված «Աղաղակողները» ֆիլմը, որը ռեժիսոր Կարլա Կարապետյանի ու հանրահայտ «Սիստեմ օֆ դաուն» ռոք-խմբի համատեղ նախագիծն է։ Այդ ֆիլմի մասին շատ է խոսվել, ֆիլմը շատ էմոցիոնալ ու պրոֆեսիոնալ է նկարահանված։ Ռոքի միջոցով մեծ ողբերգության ու քաղաքական այրերի սեթեւեթող ու զգույշ պահվածքի մասին խոսելը շատ ազնիվ ու ժամանակակից քայլ է դիտվում։ Ֆիլմի ռեժիսորը մրցանակը ստանալով՝ ասաց, որ անչափ ուրախ է եւ պատրաստվում է 1 մլն դրամ մրցանակը կիսել Հայաստանում ապրող իր բարեկամների հետ։ Իսկ փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել այդ անվանակարգում առաջադրված միակ հայկական ֆիլմը, որը միանգամից երկու անվանակարգերում էր նշված (նաեւ «Հայկական համայնապատկերում», որտեղ զբաղեցրեց երկրորդ տեղն ու արժանացավ «Արծաթե ծիրանի»)։ Մի պահ մոռանալով հաղթող ֆիլմի արժանիքների մասին, կարելի է նշել, որ այդ քայլը շատ արտառոց է. եթե կա հայկական ֆիլմերի ցանկ, ինչո՞ւ է ֆիլմը երկու անվանակարգերում առաջադրվում։ Կամ էլ՝ ինչո՞ւ հենց միայն այդ ֆիլմը։ Ազգային ֆիլմերի մրցույթն արդեն իսկ հայկական ֆիլմերի համայնապատկեր է, եւ մեկ ֆիլմին առանձնահատուկ արտոնություն տալն առնվազն տարօրինակ է, եւ դա ոչ թե օգնում է հեղինակին, այլեւ՝ ընդհակառակը, խանգարում է եւ ստիպում մտածել կանխակալ վերաբերմունքի մասին։ Խոսքը «Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հիմնադիր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի ու խաղաղության օրերից» ֆիլմի մասին է, որն անընդհատ հիշատակվում ու պարգեւատրվում էր։ Ֆիլմը ստացավ գրեթե բոլոր հնարավոր մրցանակները (էկումենիկ՝ եկեղեցական ժյուրիի եւ «Ֆիպրեսիի»՝ կինոքննադատների մրցանակները նույնպես)։

Ընդ որում, արտոնյալ ներկայացմանը արժանացել էր նաեւ «Աղաղակողները» ֆիլմը, որը նույնպես նշված էր երկու ծրագրում ու երկուսում էլ հաղթեց (հայկական ֆիլմերի մեջ առաջին տեղը զբաղեցրեց, վավերագրական ֆիլմերի մրցույթում՝ երկրորդ, իսկ էկումենիկ ժյուրիի կողմից ստացավ խրախուսական մրցանակ)։ Այդ երկու ֆիլմերը միասին ութ մրցանակներ ստացան, ինչը բավականին զավեշտալի է դիտվում։ Թվում է, որ «Ոսկե ծիրանում» ուշադրության արժանի ուրիշ ֆիլմեր պարզապես չկային։ Մինչդեռ այդպես չէ, կային լավ ֆիլմեր, եւ կային երկխոսության ձգտող շատ հետաքրքիր հեղինակներ, որոնց համար, թերեւս, այս երկու ֆիլմերի փառաբանումը նվաստացուցիչ էր։ Էլ ո՞ւմ է պետք այն փառատոնը, որտեղ միայն երկու ֆիլմ է նկատվում ու պարգեւատրվում։

Ինչպես նշեցին աշխարհի տարբեր փառատոների ներկայացուցիչները, սովորաբար այդպես չի լինում, ազգային կինոն հատուկ ծրագրով ներկայացնելը փառատոների չգրված օրենքն է։ Եվ եթե ազգային արտադրության ֆիլմը համաշխարհային ֆիլմերի ծրագրում է ընդգրկվում, ապա այն հանվում է ազգային ֆիլմերի ցանկից։ Նկատենք, որ ծրագրերի ու մրցանակաբաշխության մեխանիզմներից խոսելով, մենք նկատի չունենք հաղթող ֆիլմերի որակն ու արժեքը։ Վարդան Հովհաննիսյանի ֆիլմն արժանի է գովեստի ու առանձին հիշատակման, սակայն, երբ նույնիսկ ամենալավ բանով սկսում ենք ամեն քայլափոխի «աչք ծակել», կարող ենք լիովին հակառակ՝ անառողջ ռեակցիայի ականատես դառնալ։ «Մարդկային պատմությունների…» ֆիլմի հերոսներն այդ աղմուկով դժվար թե ուրախանան։

Հ.Գ. «Ոսկե ծիրանի» պատահականության սկզբունքով շնորհված «Կենաց ծառի» կես մլն դրամ մրցանակին արժանացավ երիտասարդ ռեժիսոր, ուսանող Գոռ Բաղդասարյանը՝ իր երեք րոպեանոց «Ճաշի ժամ» ֆիլմի համար։ Մենք նրան սրտանց շնորհավորում ենք։