Արշակունյաց 65 փողոցը ժամանակին մայրաքաղաքի այն հատվածն էր, որտեղ տեղակայված էին Հայաստանի խոշոր գործարաններից շատերը, եւ այդտեղ ապրող մարդիկ վաղ առավոտից մեծ խմբերով գնում էին աշխատանքի: Այսօր, սակայն, այդ գործարաններից շատերը չեն գործում: Հետեւաբար, Արշակունյաց 65 փողոցի բնակիչներից շատերը, որ աշխատում էին այդ գործարաններում, այսօր գործազուրկ են:
Մայրուղուն կից երեւում է մի կիսաքանդ շինություն, որին նայելիս դժվար է հավատալ, թե այնտեղ մարդիկ են ապրում: Շենքի որոշ պատուհաններից միայն մթություն ու գորշություն է երեւում: Ուսումնարանի 4 հարկանի այս շենքը նման է բոլոր այն հանրակացարաններին, որտեղի բնակիչներն ապրում են ծայրահեղ վատ պայմաններում: Շենքի մուտքի ու ելքի հարցում դժվար է կողմնորոշվել. ջարդուխուրդ եղած մի քանի փայտե աստիճաններ տանում են դեպի լաբիրինթոսի պես խճճված ինչ-որ անհայտ ուղիներ: Ինձ դիմավորում է մի տղամարդ եւ հրավիրում իրենց տուն, որտեղ հասնելու համար անհասկանալի մի ճանապարհով ենք գնում: Մտնում ենք ներս: Նման պայմաններում ապրող մարդիկ սովորաբար ինձ դիմավորում են մռայլ տրամադրությամբ եւ սկսում են պատմել իրենց կյանքի դառնություններից: Սակայն, ի զարմանս ինձ` այս ընտանիքի բոլոր անդամներն անծանոթ հյուրին դիմավորում են ժպիտով եւ շատ հյուրընկալ են: Տիկին Հրանուշը բազմանդամ այս ընտանիքի մայրն է, ով կարողանում է տանը խաղաղ եւ համերաշխ մթնոլորտ ստեղծել: Կիսաքանդ շինության այս տան մեջ ապրում են տիկին Հրանուշը, ամուսինը, նրանց երկու որդիները, հարսները եւ թոռները: Այս ընտանիքում, չնայած վատ պայմաններին, բոլորը ժպտում են եւ բոլորի հայացքներում ինչ-որ հետաքրքիր խաղաղություն կա: Հարսի` Մարիաննայի երեք երեխաները մեկը մյուսից գեղեցիկ եւ դաստիարակված են: 5-րդ դասարանցի Լիանային դպրոցում ջրահարս են անվանում: Գլուխը խոնարհելով ասում է` «Ես երազում եմ բժշկուհի դառնալ, որպեսզի կարողանամ տատիկիս քրոջը բուժել»: Ընտանիքում բոլոր երեխաները գերազանց գնահատականներով են սովորում, իսկ տիկին Հրանուշի մեծ թոռները սովորում են բուհերում: Ասում եմ` «Ինչ լավ է, որ ժպտում եք: Նման պայմաններում ապրող մարդիկ մշտապես դժգոհում, բողոքում են»: Տիկին Հրանուշն իր հմայիչ ժպիտով պատասխանում է. «Դա նրանից է, որ մենք մեր արժեքները չենք կորցնում: Ես մեծ հավատք ունեմ եւ իմ ընտանիքում մշտապես սերմանում եմ ազնվությունը, բարությունը: Երեւի նկատեցիք, որ մեր ընտանիքում մեծ սեր կա, մենք բոլորս իրար շատ ենք սիրում»: Տիկին Հրանուշի եւ նրա հարսի` Մարիաննայի փոխհարաբերություններից ակնհայտ է, որ այս ընտանիքում հարաբերություններն իդեալական են: Հարցնում եմ` «Դուք ինչ-որ հավաքույթների՞ եք մասնակցում, չլինի՞ Եհովայի վկա եք»: «Չէ, չէ, աղջիկ ջան, ի սեր Աստծո, նման բաներից հեռու ենք: Մենք ամեն շաբաթ օր մեր թոռնիկներին տանում ենք Հայ Առաքելական եկեղեցի: Մենք ճշմարիտ հավատք ունենք, նրանց հետ գործ չունենք: Մենք մեր ընտանիքում Աստվածաշնչով ենք դաստիարակում մեր երեխաներին, եւ բոլորս էլ առաջնորդվում ենք Աստծո պատվիրաններով: Իմ երեխաներին մշտապես խորհուրդ եմ տալիս երբեք չստել, վատ արարքներ չանել, ուրիշներին չվնասել եւ սիրել»,- ասում է տիկին Հրանուշը, ում լսելիս ապշում ես, թե մեր իրականության, համատարած կեղծիքի մեջ ինչպե՞ս կարող է մարդն այսքան լավատես լինել: Այս ընտանիքը սովետական տարիներին բնակարան ստանալու համար հերթագրվածների ցուցակում է եղել, սակայն սովետական կարգերի փլուզումից հետո նրանց հատկացրել են Ուսումնարանի հանրակացարանի կիսափուլ սենյակը: Կենցաղային դժվար պայմաններում անգամ, նրանք ապրում են գոհունակության եւ սիրո մթնոլորտում: Տիկին Հրանուշն ասում է. «Մինչ այդ մենք նկուղում ենք ապրել, սարսափելի պայմաններում գոյատեւել ենք: Երբ մեզ այս տունը հատկացրին, ես այնքան գոհ էի: Ուսումնարանի ղեկավարը զարմանքով հարցրեց, թե` իսկապե՞ս գոհ եք: Ասացի` այո՛, անչափ գոհ ու շնորհակալ ենք այս տան համար»: Թեեւ այս փոքրիկ եւ գորշ տանն ապրում են երեք ընտանիքներ, այդուհանդերձ, նրանք կարողանում են բավարարվել ունեցածով եւ աշխատում են սեփական քրտինքով բարելավել կենսական պայմանները: Ընտանիքի բոլոր տղամարդիկ, ինչպես նաեւ տիկին Հրանուշն աշխատում են, սակայն, այս ամենի հետ, բնականաբար, ունեն դժվարություններ: Մարիաննան փետրվար ամսին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային` Լուիզային, որը հրեշտակի նման է: Ասում է, որ երեք երեխա մեծացնելն այլեւս Հայաստանի պայմաններում ռիսկային է, որովհետեւ դպրոցական երեխաների ծախսերը խեղճացնում են իրենց: Չնայած մեր պետությունը վերջին տարիներին ծնելիության աճն ավելացնելու ռազմավարական ծրագրեր է մշակում, այդուհանդերձ, Մարիաննայի օրինակը վկայում է, որ նման մարդկանց աջակցության հարցում մեր պետությունը ձեռքերը լվացել է: Ասում է` «Օրենք էր դուրս եկել, որ 2007-ին ծնված երեխաներին պիտի 200.000 դրամ հատկացնեին: Մենք այդ օրենքի մասին ավելի ուշ էինք իմացել եւ ծննդաբերելուց հետո գումարը չտվեցին` պատճառաբանելով՝ հղի ժամանակ չեք գրանցվել գումարը ստանալու համար: Բայց հավատացե՛ք, որ մեր պայմաններում շատ դժվար է երեք երեխա մեծացնելը: Այդ 200.000 դրամը մեզ շատ հարցերում կօգներ: Ճիշտ է, մեր ընտանիքում տղամարդիկ աշխատում են, բայց հազիվ կարողանում են ամենօրյա սնունդն ապահովել: Հաճախ պարտքերով ենք յոլա գնում»: Բազմանդամ այս ընտանիքը «Փարոսի» նպաստառուների ցանկում ընդգրկված չէ զուտ այն պատճառով, որ տարիներ առաջ մեքենա են ունեցել, որի վաճառքից հետո գրանցումը մնացել է անփոփոխ, իսկ «Փարոսի» ներկայացուցիչները պնդում են, որ նրանք մեքենա ունեն: Տիկին Հրանուշն, անգամ իրենց դժվար օրերից խոսելով, չի դադարում ժպտալ: Ասում է` «Մի խոսքով` ապրում ենք Աստծո հույսով: Պատկերացրե՛ք, որ այդ հավատքով իմաստավորվում է մեր կյանքը: Եթե չհավատայինք, հավատացե՛ք, որ մյուսների պես մենք էլ կգլորվեինք անդունդը: Էս խնդիրները մարդուն շատ են կոտրում»: Առաքինի եւ բարեհամբույր այս կինը հիշում է, թե ինչպես են 30 տարի գոյատեւել նկուղային պայմաններում: «Երազում էի, ասում էի` տեր Աստված, 4 հատ ուղիղ պատ ունենամ ու էլ ոչինչ չեմ ուզում: Եկանք էստեղ, պայմանները սարսափելի էին, բայց տարիների ընթացքում մեր աշխատասիրությամբ շատ բան փոխեցինք: Աստվածաշունչն ուսումնասիրելով իմաստություն ստացանք ու հասկացանք, թե ինչպես պետք է ճիշտ ապրենք: Երեխաներիս կարգադրում էի արդարությամբ, սրբությամբ ու մաքրությամբ ապրել: Փորձությունները շատ էին, բայց, փառք Աստծո, որ հրաշալի երեխաներ դաստիարակեցի»,- պատմում է նա` ասելով, որ ներկայումս դասավանդում է քոլեջում:
Տիկին Հրանուշի բնակարանը, որը գտնվում է կիսաքանդ հանրակացարանում եւ ջախջախված գործարանների մերձակայքում` շրջապատված է բազում ծաղիկներով: Խնամքով ու հոգատարությամբ մատնացույց անելով իր ծաղիկները` պատմում է, թե ինչպես է դրանց կենդանություն տվել: 55-ամյա այս կնոջ՝ կյանքի հանդեպ լավատեսությունն ու բարությունը շշմեցնող է: Նա կարողացել է իր երեխաներին որպես լավ մարդ, լավ քաղաքացի դաստիարակել: Եթե տիկին Հրանուշի ընտանիքի պես ընտանիքները շատ լինեն, հավատացե՛ք, որ մենք կունենանք լավ պետություն եւ ամուր արժեքներ, որոնք հնարավոր չի լինի խարխլել: