ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանն ավարտել է իր նախընտրական հանդիպումները հանրապետության տարբեր շրջաններում: Այժմ թեկնածուն հանդիպումներ է անցկացնում մայրաքաղաքում:
Երեկ նրա հերթական հանդիպումն առողջապահության համակարգի աշխատողների հետ էր: Սահակյանը ներկայացնելով իր ծրագրային դրույթները՝ փաստեց, որ ծրագիրը հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի: Ինչպես միշտ` այս անգամ էլ Բակո Սահակյանի հանդիպումները մարդաշատ էին, թեեւ ասում են նաեւ, որ որոշ տեղերում շատ քիչ մարդ է հավաքվել: Սա հասկանալի է, քանի որ, ինչպես վերլուծաբաններն են ասում, օգտագործվում է վարչական ողջ ռեսուրսը: Ի տարբերություն այս թեկնածուի՝ նախագահի մյուս հիմնական թեկնածու Մասիս Մայիլյանի հանդիպումներին ամեն կերպ խոչընդոտում են: Այդ իսկ պատճառով նրանք ստիպված են լինում աշխատել «գաղտնիության» ռեժիմով, քանի որ նախօրոք տեղյակ լինելով հանդիպումների մասին` որոշ մարդիկ փորձում են խափանել դրանք: Այս փաստերի եւ մի շարք այլ օրինախախտումների մասին երեկ ԼՂՀ ԿԸՀ-ին դիմում է ներկայացրել Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբը: Դիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Ստիպված ենք փաստել, որ քարոզարշավը սկսվելու առաջին իսկ օրվանից լուրջ օրինախախտումներ են տեղի ունենում: Եթե անհետաձգելիորեն դրանց չտրվի սկզբունքային գնահատական եւ հետեւողականորեն միջոցներ չձեռնարկվեն հետագա օրինախախտումները կանխարգելելու ուղղությամբ, ապա ստիպված ենք լինելու կանգնել նորանկախ երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ընտրությունների վարկաբեկման փաստի առաջ, ինչը լրջորեն վնասելու է երկրի միջազգային հեղինակությանը եւ արգելակելու է երկրի հետագա զարգացումը»: Շտաբը լուրջ կասկածներ ունի, որ Մ.Մայիլյանի թեկնածության առաջադրման օրվանից սկսած՝ նա եւ թիմակիցները գտնվում են հատուկ ծառայությունների սեւեռուն ուշադրության եւ մշտական հսկողության տակ, եւ, որ գաղտնալսվում են նրանց հեռախոսազրույցները: «Քարոզարշավի առաջին իսկ օրը՝ Հանրային հեռուստատեսությամբ, թեկնածուներին հատկացված եթերաժամից հետո, հեռարձակվել է Մուրադ Պետրոսյանի հեղինակային հաղորդումը, որում նա անօրեն կերպով քարոզչություն է արել թեկնածու Բակո Սահակյանի օգտին եւ հակաքարոզչություն՝ թեկնածու Մասիս Մայիլյանի դեմ: Մ.Մայիլյանի նախընտրական շտաբն այս կապակցությամբ դիմել է ԿԸՀ-ին: ԿԸՀ-ի պաշտոնական պատասխանում ընդունվել է այս փաստը, նաեւ տեղեկացվել է, որ «ԿԸՀ-ն առաջարկել է ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ առաջնորդվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումները կանխելու համար»: Սակայն նմանօրինակ օրինախախտումները շարունակվել են, եւ դրանց սկզբունքային գնահատական չի տրվել»,- ասվում է դիմումի մեջ: Թվարկելով օրինախախտումների շարքը` նշվում է, որ հունիսի 7-ին «Արցախէներգո» ՊՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի անվտանգության գծով տեսուչ Ջ. Ղահրամանյանը նույն մասնաճյուղի տնօրեն Արմեն Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից՝ իբր թոշակային տարիքի պատճառով, թեեւ նույն Ա.Սիմոնյանը Ջ.Ղահրամանյանին աշխատանքի է վերցրել նույն՝ թոշակային տարիքում, ավելին՝ հիմնարկում շարունակում են աշխատել Ջ.Ղահրամանյանից տարիքով մեծ մարդիկ: Առանձնազրույցի ժամանակ տնօրենը Ջ.Ղահրամանյանին ասել է, որ այդպես է վարվել այն պատճառով, որ նա պաշտպանում է Մայիլյանին: «ԼՂՀ ազատամարտիկների միության Ասկերանի շրջանային վարչության ղեկավար Սամվել Աղաջանյանը հավաքել է շրջանի Իվանովկա բնակավայրի ընտրողներին եւ հայտարարել, որ ԱԱԾ կողմից լիազորված է այստեղ ապահովել թեկնածու Բակո Սահակյանի օգտին միաձայն քվեարկություն, ինչն առաջացրել է ընտրողների դժգոհությունը: ԼՂՀ ԱԱԾ Մարտունու ստորաբաժանման ղեկավարն իր ենթակաների հետ միասին «կոմպրոմատ» է պատրաստել Մ.Մայիլյանի վստահված անձ Գ.Բաղդասարյանի դեմ, որը պիտի օգտագործվեր Մարտունու շրջանի Ճարտար գյուղում ընտրողների հետ Մայիլյանի հանդիպման ժամանակ: Այդ նպատակով բազմացվել է տարիներ առաջ գյուղի պրոբլեմների մասին լրագրող Գ.Բաղդասարյանի քննադատական հոդվածը»,- նշված է դիմումում: Ըստ նրանց` Մայիլյանի հանդիպումները փորձում են խափանել նաեւ Ոստիկանության աշխատակիցները եւ համայնքի ղեկավարները: Օրինակ` հուլիսի 10-ին եւ 11-ին Մարտակերտի շրջանի Հաթերք, Զարդախաչ եւ այլ գյուղերում ընտրողների հետ Մ.Մայիլյանի հանդիպումները փորձել է խափանել Ոստիկանության գնդապետ Արկադի Միրզոյանը: Շտաբի ներկայացուցիչները փաստում են նաեւ, որ ԼՂՀ ԿԸՀ-ին ընտրացուցակների ճշտման անհրաժեշտության մասին մի քանի անգամ բանավոր հորդորելուց եւ որեւէ արձագանք չստանալուց հետո՝ Մայիլյանի շտաբի երիտասարդական թեւի ներկայացուցիչները հասարակական հիմունքներով ուսումնասիրել են ընտրացուցակները եւ բացահայտել բազմաթիվ անճշտություններ, որոնց վրա կրկին հրավիրում են ԿԸՀ-ի ուշադրությունը: