«Շպիգել օնլայն» հանդեսին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը թերեւս առաջին անգամ գրեթե ուղիղ ասել է իր ցանկալի իրավահաջորդի անունը:
«Ես աջակցում եմ Սերժ Սարգսյանին: Երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Եվ այն հանգամանքը, որ բանակն այսօր ամենամեծ վստահություն վայելող պետական կառույցն է, նախեւառաջ նրա ձեռքբերումն է»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա իր նախագահության ձեռքբերումներից է համարում «տնտեսական բարեփոխումները», որը, ըստ նրա, հաջորդ նախագահը պետք է շարունակի: Քոչարյանն ասել է նաեւ, թե «մեր անվտանգության ուժերը լավ կազմակերպված են» եւ, որ «մեր բարդ պատմության ֆոնին Հայաստանի քաղաքացիները հատուկ պաշտպանության կարիք են զգում»: Հարցին, թե արդյոք Հայաստանը պատկերացնո՞ւմ է Եվրամիության կազմում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Մենք իրատես ենք: Մոտ ապագայում մենք մեր առջեւ Եվրամիությանն անդամակցելու նպատակ չենք դնում»: Նա, սակայն, խոստանում է անել ամեն հնարավորը՝ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ապա այստեղ Քոչարյանն ավելի զգուշավոր է. «Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հարեւանների հետ կվատթարանան, եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին: Դրանից մեր անվտանգության մակարդակը չի բարձրանա»: Թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ի ՆԱՏՕ-ին անդամակցելը վատացնի հարաբերությունները մեր հարեւանների հետ (մանավանդ, որ այդ հարեւաններից երկուսը ձգտում են դեպի ՆԱՏՕ, իսկ մեկն էլ արդեն ՆԱՏՕ-ի անդամ է), Քոչարյանը չի մանրամասնել: Հարցազրույցը վարող լրագրողը նկատել է. «Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ Հայաստանը մնա Ռուսաստանի վերջին ֆորպոստը Հարավային Կովկասում»: Քոչարյանին հարցի նման ձեւակերպումը դուր չի եկել, եւ նա դա չի թաքցրել: «Ինձ դուր չի գալիս նման ձեւակերպումը: Հավաքական անվտանգության պակտին մեր մասնակցությունը համահունչ է անվտանգության ապահովման մեր շահերին: Հայաստանի համար կարեւոր է, իհարկե, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը, սակայն անդամակցությունը դաշինքին չի բարձրացնի մեր անվտանգության մակարդակը, ավելին` մեր գործողությունները միանշանակ չեն ընկալվի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան բանակցություններին, ապա դրանք, ըստ Հայաստանի նախագահի, արդյունավետ չեն, քանի որ «Ադրբեջանը չի ուզում ընդունել իրականությունը՝ սխալ կերպով կարծելով, թե հնարավոր է հետ պտտել պատմության անիվը»: «Ժողովուրդը, որ անկախություն է ձեռք բերել, դրանից երբեք չի հրաժարվի,- ասել է Քոչարյանը՝ ներկայացնելով Ղարաբաղի ապագայի իր տեսլականը,- LՂ-ի ու Հայաստանի ապագան ես պատկերացնում եմ ասիմետրիկ համադաշնության տեսքով: Այսօր, սակայն, Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է եւ շատ հարցերում այն ավելի մեծ հաջողություններ ունի, քան, ասենք, Ադրբեջանը»: Իսկ որքանո՞վ է հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս տարի առաջին անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցեց Հայաստանի ողջ բյուջեն: Այս հարցին Ռոբերտ Քոչարյանը հետեւյալ կերպ է պատասխանել. «Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մեր ողջ բյուջեից ավելի մեծ է: Ես խորհուրդ կտայի դատողություններ չանել միայն թվերի վրա հիմնվելով: Դուք պետք է հաշվի առնեք նաեւ այն հանգամանքը, որ սեփական հողը պաշտպանող զինվորի եւ ուրիշի հողում կռվող զինվորի շարժառիթները տարբեր են» (թարսի պես՝ ադրբեջանցիներն էլ դաստիարակվում են այն ոգով, որ Արցախը, Զանգեզուրն ու անգամ Երեւանը պատմական ադրբեջանական տարածքներ են, որոնք բարբարոս հայերն օկուպացրել են): «Շպիգել օնլայնի» հետ զրույցում Ռ. Քոչարյանը նաեւ նշել է, որ «Հայաստանը չի պատրաստվում առաջինը սկսել ռազմական գործողություններ, սակայն նախապատրաստված ռազմական ագրեսիայի դեպքում մենք որոշումներ կկայացնենք, որոնք թելադրված կլինեն ռազմական դրությամբ»: Խոսելով Կոսովոյի եւ Lեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռների մասին՝ Ռ. Քոչարյանն ասել է, թե «ղարաբաղցիներն անկախություն ստանալու պակաս իրավունք չունեն, քան Կոսովոյի ալբանացիները, առավել եւս, որ իրենց այդ իրավունքը ղարաբաղցիները միայնակ են պաշտպանել՝ առանց միջազգային հանրության աջակցության»: Իսկ ԼՂ հարցի վերջնական լուծման մասին էլ Ռ. Քոչարյանն ասել է, թե դա կապված է LՂ-ի ճանաչման ու անվտանգության երաշխիքների հետ: Դրանք, ըստ Քոչարյանի, ենթադրում են խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում: Ադրբեջանական կողմն արդեն իսկ արձագանքել է այս հարցազրույցին: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խազար Իբրահիմը հայտարարել է. «Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից: Նման հայտարարությունները չեն նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը»: