Համաձայնեք, այնքան էլ հաճելի չէ գերմանական լրագրին տված հարցազրույցից իմանալ, որ քո երկրի նախագահն ունի հաջորդ նախագահի նախապատվելի թեկնածու: Եվ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Իհարկե, այստեղ կարելի է եւ առարկել, որ Քոչարյանը բազմիցս է հասկացրել, որ ինքը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ գրասենյակ գնալը չէր կարող այլ բան նշանակել: (Կարծեմ, հենց արցախյան արմատներ ունի խոսքը, թե «Թամամ խոսքը… իշուն կասեն»): Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկը, որպես կանոն, ստանձնում է այն թեկնածուն, որը վայելում է գործող իշխանությունների աջակցությունը:
Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ գոնե առայժմ մեր երկրում որեւէ անկանխատեսելի, նոր, հետաքրքիր իրադարձություններ չեն սպասվում:
Իսկ քանի որ Հայաստանում ամեն ինչ ձանձրալիորեն կանխատեսելի է, ապա անիմաստ է սպասել քաղաքական զարգացումների այնքան կտրուկ կամ անսպասելի ընթացքի, որը կխանգարի նշված սցենարի կատարմանը` մաքսիմում ճշտությամբ (իհարկե, եթե ելնենք նախագահի թեկնածուների կամ երկրի քաղաքական կյանքում առանցքային դեր ունեցող գործիչների անմահության կանխավարկածից): Այս պատմության մեջ ամենատխուրը, սակայն, այն չէ, որ նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված էին նույնիսկ ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի առաջ, այլ այն, որ Հայաստանում դարձյալ ոչ մի նոր իրադարձություն չի սպասվում: Հայաստանի շարքային քաղաքացուն սպասվող ամենանշանակալի իրադարձությունները, այս էլ քանի տարի է, շարունակում են մնալ մերձավորների ծնունդներն ու թաղումները: Որտեղ էլ, տոնակատարության «մեղավորի» կամ հանգուցյալի մասին մի քանի տրաֆարետային խոսքերից հետո, սկսվում է ավանդական զրույցը, թե ինչու են կառավարությունում կամ խորհրդարանում հայտնվում այնպիսի դեմքեր, որոնց տեղը չորս եւ ավելի տարիների համար ամենեւին էլ մայրաքաղաքի կենտրոնում տեղ զբաղեցրած կառավարության կամ խորհրդարանի շենքերը չեն, այլ ավելի հեռու եւ ցուրտ վայրեր: Սակայն նման զրույցները ոչինչ են, քանի որ, արդարության առաջ չմեղանչելու համար արժե նշել, որ խորհրդարանում հայտնված ամենալեգիտիմ պատգամավորները հենց օլիգարխներն են, որոնք աշխատեցրել են «մաքուր ընտրակաշառքի» մեխանիզմը:
Օրերս, երբ զրուցում էի մի հոգեւորականի հետ, նա անկեղծորեն խոստովանեց, որ խորհրդարանական ընտրություններին ձայնը տվել է Հանրապետական կուսակցությանը, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ընտրել է այժմ այլեւս ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին. «Ընտրությունը մեծ չէր, պետք է ընտրեի կա՛մ Հակոբ Հակոբյանին, կա՛մ Սեյրան Սարոյանին: Ընտրեցի վերջինին»: Հոգեւորականի հետ զրույցից ստացած մեր առաջին տպավորությունն անսպասելիությունից առաջացած շոկն էր, քանի որ քրիստոնեական արժեքները, գերազանց կրթությունը, լայն աշխարհայացքը մեր սիրելի հոգեւորականին չէին ստիպել չընտրել չարյաց փոքրագույնին: Երբ օլիգարխներին ընտրում է լյումպենը կամ նրանց հարյուրդոլարանոցների կապոցից սնվող մտավորականը, տեղավորվում է հայաստանյան իրականության տրամաբանության մեջ: Սակայն անսպասելի էր, որ փակ գաղտնի քվեարկության ժամանակ, երբ խցիկում հոգեւորականն ու Աստվածն են, նրանց` որպես «Երրորդություն», միանում է Էջմիածնում առաջադրված Սեյրան Սարոյանը: Մեր տարակուսանքը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ հոգեւորականը ձայնը տա նրան, ում բենեֆիսը` որպես պատգամավոր, տեղի ունեցավ ԱԺ միջանցքում եւ բնավ օրենսդրությանը վերաբերող թեմատիկայով չէր: Թերեւս հիշում եք, որ պարոն Սարոյանը նախընտրել էր խորհրդարանական լեքսիկոն ներմուծել «մմզ, պպզ» արխաիկ բառերը, որոնք անգամ երկար փնտրտուքներից հետո չես գտնի Սուրբ Գրքի որեւէ հրատարակությունում: Այս հարցի պատասխանը հարգելի հոգեւորականը չուներ:
Եվ մեր հոգեւոր, մտավոր, քաղաքական ու տնտեսական էլիտայի ձեռքով (ընդ որում, նրանց կամավոր ընտրության հետեւանքով) ստեղծված երկիրը կամաց-կամաց վեր է ածվել մի ճահճի:
Բացեք լրատվամիջոցները, դրանց արխիվները (ժամանակակից պատմագրության աղբյուրները ցավալիորեն քիչ են` ԶԼՄ-ներն ու գրող Արմեն Շեկոյանը), եւ կտեսնեք, որ մեր երկրում հասարակական կարեւորություն ու հնչեղություն ունեցող իրադարձություններն ընտրություններից անմիջապես առաջ բռնկվող եւ ընտրություններից անմիջապես հետո մարող միտինգներն են: Մեր երկիրը, եթե ինչ-որ տեղ հիշատակվում է, ապա միայն մոնիտորինգ իրականացնող միջազգային կառույցների մեկ-երկու տողանոց զեկույցներում: Դրանք էլ վերաբերում են ԶԼՄ-ների անազատության, ժողովրդավարության հետընթացի, աղքատության տարածման, կոռուպցիայի աճի սանդղակներում Հայաստանի գրաված առաջատար դիրքերին: Նման զեկույցներին, որպես կանոն, հետեւում են տեղական մի քանի սեմինարներ: Լրատվական «քույր» ակումբներում միեւնույն բանախոսների անընդհատ շրջապտույտն ու անընդհատ կրկնվող տեսակետները նույն խնդրի շուրջ արդեն դեպրեսիայի մեջ են գցում:
Անգամ ռուսաստանյան լրատվամիջոցներում Հայաստանի մասին հայտնված հոդվածները, որոնք հիմնականում պատվիրված են լինում, այնպիսի էկզոտիկա են, որ հայաստանյան իրենց հարգող բոլոր լրատվամիջոցները հարկ են համարում լրջորեն անդրադառնալ այդ հոդվածում տրված գնահատականներին, դրանց վերաբերյալ կարծիքներ են կորզվում տեղացի քաղաքական գործիչներից: Օրինակ, որքան կարեւոր է, որ ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կատարում է ապրիլին Երեւան կատարած այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին տված խոստումը` ապահովել Փոթիի նավահանգստով Հայաստանից Ռուսաստան արտահանվող 10 հազար տոննա ծիրանի փոխադրումը: Ճարպիկ լրագրողի համար սա արդեն թեկնածուական ատենախոսության նյութ է:
Ձանձրալի է պրիմիտիվ կրկնությունների այս անվերջ շրջապտույտը: