«Արմենտելը» դե ֆակտո մոնոպոլիստ է

15/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժեց «ԱրմենՏելի» հայտը` բնակիչ-բաժանորդների համար ֆիքսված կապի բաժանորդավարձը, ինտերնետ կապի րոպեավճարը եւ մի շարք այլ ծառայությունների սակագները բարձրացնելու վերաբերյալ:

Իհարկե, «ԱրմենՏելը» դա ոչ թե բարձրացում, այլ վերաբալանսավորում է անվանում: Ընկերությունը ներկայացնում է, որ ֆիքսված կապի ծառայության սակագները ինքնարժեքից ցածր են, եւ, որ դրա պատճառած վնասը փոխահատուցվում է բջջային կապից ստացած շահույթով: «ԱրմենՏելն» այս հայտը ներկայացրել էր հունիսի 1-ին եւ հանձնաժողովին առաջարկել էր բնակիչ-բաժանորդների համար ֆիքսված հեռախոսակապի ամսական վարձը գործող 1100 դրամից դարձնել 2040 դրամ, իսկ ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման վճարը 1 դրամից դարձնել 2 դրամ: «ԱրմենՏելն» առաջարկել էր նաեւ ֆիքսված հեռախոսակապի խոսակցությունների անվճար տրվող րոպեների քանակը 1600-ից դարձնել 1000 րոպե, ինչպես նաեւ՝ բնակիչների համար՝ 4000 դրամով, իսկ գործարար բաժանորդների համար՝ 5000 դրամով բարձրացնել հեռախոսագծի միացման վճարները: Երեկվա նիստում հանձնաժողովն անընդունելի համարեց սակագները բարձրացնելու մասին «ԱրմենՏելի» ներկայացրած հիմնավորումները: Իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ դժգոհեցին, որ «ԱրմենՏելն» ուզում է ինտերնետ հասանելիության րոպեավճարը կրկնակի բարձրացնել այն դեպքում, երբ վերջերս, ասենք՝ Մոսկվայում, այն էժանացել է 4 անգամ: Հայտը մերժող այս որոշումից հետո կողմերը պետք է անցնեն բանակցությունների երկրորդ փուլին, որը կարող է տեւել 45 օր: Կողմերը չբացառեցին, որ այս ընթացքում կարող է զիջումների գնան եւ բանակցությունների ավարտից հետո նոր սակագներ հաստատեն: Հիշեցնենք, որ այս հայտն առաջին անգամ մերժվեց անցած տարի աշնանը: Այդ ժամանակ «ԱրմենՏելն» ավելի բարձր սակագներ էր սահմանել: Օրինակ՝ բնակիչների ամսական բաժանորդավարձն առաջարկվել էր դարձնել 4000 դրամ, ինչպես նաեւ՝ «ԱրմենՏելը» ցանկանում էր բարձրացնել գործարար բաժանորդների բաժանորդավարձը, ինչն այս անգամ հանվել է առաջարկությունների փաթեթից: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի ասելով, «ԱրմենՏելն» այդ զիջումներն արել է նախորդ բանակցությունների արդյունքում, եւ չի բացառվում, որ որոշ զիջումների կգնա նաեւ այս փուլում: Առաջիկա 45 օրերի ընթացքում կողմերի` սակագների վերաբերյալ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում պետք է միջազգային փորձագետներ հրավիրվեն: Իսկ եթե հանձնաժողովն ընդհանրապես չընդունի «ԱրմենՏելի» առաջարկությունները, ապա ընկերությունն այս տարի իրավունք չի ունենա նոր հայտ ներկայացնել, եւ գործող սակագները մինչեւ եկող տարի կմնան ուժի մեջ:

Աշնանը, ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերության ներկայացուցիչները, գնելով «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասը՝ հայտարարեցին, որ ցանկություն ունեն հրաժարվել որոշ ծառայությունների մասով ունեցած մենաշնորհի իրավունքից: Հիշեցնենք, որ սակագների վերաբալանսավորման հարցը որոշ չափով կապված է այս խնդրի հետ: Ըստ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի` իրենք մենաշնորհից հրաժարվելու դիմաց ակնկալում են սակագների վերաբալանսավորում, նույնն է թե, բարձրացում, որպեսզի «ընկերությունը կարողանա գոյատեւել»: Երեկվա նիստի ժամանակ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ բոլոր դեպքերում 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությունը կզրկվի թիվ 60 լիցենզիայով սահմանված մենաշնորհից, պարզապես մինչ այդ անհրաժեշտ է, որպեսզի հավասարակշռված սակագներ հաստատվեն եւ համապատասխան նորմատիվային դաշտ ձեւավորվի: Ի պատասխան՝ Օլեգ Բլիզնյուկն էլ հայտարարեց, որ հստակ չգիտի, թե դաշտը ե՞րբ կազատվի մենաշնորհից: «Ռոբերտ Նազարյանի հայտարարությունը հավանաբար ցանկություն է, որովհետեւ փաստաթղթով ոչինչ ամրագրված չէ»,- ասաց պարոն Բլիզնյուկը:

Միաժամանակ նա հայտարարեց, որ եթե անգամ «ԱրմենՏելը» հրաժարվի մենաշնորհից, ապա դա կլինի դե յուրե: «Դե ֆակտո, միեւնույն է, ֆիքսված հեռախոսակապը կմնա «ԱրմենՏելի» մենաշնորհը»,- ասաց Բլիզնյուկը:

Ակնհայտ է, որ «ԱրմենՏելն» ուզում է հրաժարվել իր ունեցած մենաշնորհներից միայն ֆիքսված կապի ոլորտում նոր՝ ավելի բարձր սակագներ սահմանելու դեպքում: Հանձնաժողովն էլ, ըստ ամենայնի, ամեն կերպ ուզում է, որ «ԱրմենՏելն» իր առաջարկության մեջ ավելի ցածր սակագներ ներկայացնի: