Դիմորդների մեծ հոսք է նկատվում մարզերից

15/07/2007 Զրուցեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

– Մի քանի օրից Հայաստանում կսկսվեն ընդունելության քննությունները։ Բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը տարիների կտրվածքով ավելանո՞ւմ, թե՞ պակասում է։

– Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը մարզերում կազմակերպելով՝ բուհերում դիմորդների հոսքը մեծացավ։ Եթե անցած տարիներին Երեւան ժամանող դիմորդները 7-8 հազար էին, այս տարի հայոց լեզվի միասնական քննությանը մասնակցեց 15.000 երեխա (այսինքն՝ նրանք, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել բուհական ընդունելության քննություններին – Ա.Մ.)։ Հայոց լեզվի քննության արդյունքում պարզվեց, որ դիմորդների մեծ մասը ստացավ միջին միավոր, ինչի շնորհիվ՝ շատերը բարձրագույն քննություն ստանալու համար մեծ շանսեր ստացան։ Օրինակ՝ շատ ուրախալի է, որ այսօր ճարտարագիտական ուղղությունը, որ միշտ թափուր տեղերի խնդիր է ունեցել, այժմ մեծ աճ ունի։ Հուլիսի 15-ին երբ ավարտվի դիմումների ընդունումն, անպայման կամփոփենք եւ կհայտնենք արդյունքները։

– Փաստորեն, այս տարի շրջաններից, գյուղերից դիմորդների թիվն է աճել։

– Այո, շատ երեխաներ, ովքեր չէին գալիս Երեւան, Գյումրի, Վանաձոր՝ հույս չունենալով ընդունվել, իրենց շրջաններում մասնակցեցին քննությանը եւ անցողիկ միավորներ ստանալով՝ մտան քննական գործընթացի մեջ։

– Տպավորություն է, որ այսօր Հայաստանում բոլորն ուզում են ուսանող դառնալ ու հիմնականում դառնում են, եթե ոչ՝ նույնիսկ պետական, ապա գոնե՝ մասնավոր բուհերում։ Փաստորեն, մեր ազգը ձգտում է բարձրագույն կրթություն ստանալուն։

– Դա միայն տպավորություն է։ Միջազգային բարձր չափանիշի համեմատ, 100 քաղաքացուն ընկնող ուսանողների թվով Հայաստանը շատ հեռու է յոթնյակի երկրներից։ Թվում է, թե ամենուրեք համալսարաններ են, բոլորն ուսանողներ են, սակայն մենք մինչեւ 2 անգամ ուսանողության թվաքանակի ավելացնելու հնարավորություն ունենք։

– Դուք բազմիցս խոսել եք այն մասին, որ կենտրոնացված քննությունները նվազեցնում են կաշառակերության գործոնը։ Հուլիսի 20-ից ընդունելության քննություններն ընթանալու են հին մոդելով, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ստվերի դեմ այս դեպքում։

– Այն, ինչ-որ հիմա ենք անելու, արել ենք ամեն տարի։ Ուղղակի այս տարի նորամուծություն ունենք եւ քննական դահլիճները նկարահանվելու են, ծնողները հնարավորություն են ունենալու հետեւել քննությունների ամբողջ ընթացքին, նույնիսկ կարող են դահլիճ մտնել։ Սեպտեմբերին կստեղծենք մասնագիտական խումբ, կհրավիրենք մամուլի ներկայացուցիչներին եւ ընտրողաբար կդիտենք քննությունների ընթացքը։ Սա կարեւոր պահ է՝ դահլիճում օգնությունը բացառելու համար։ Երկրորդը՝ բացարձակ թափանցիկ է լինելու։ Մամուլը, ինչպես անցած տարի, հիմա էլ կարող է մտնել ոչ միայն քննական դահլիճ, այլեւ՝ ստուգման սենյակներ։ Եթե մենք կարողանանք մաթեմատիկա, հայոց պատմություն, ֆիզիկա առարկաների քննության ժամանակ պահել խստապահանջությունը, ուրեմն կկարողանանք իջեցնել միավորների շեմը։ Ինչն էլ նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին իրենց երեխաներին լրացուցիչ պարապմունքների տալ, կտեսնեն, որ իրենց խելացի երեխան «էլիտար» բուհ ընդունվելու հնարավորություն ունի։

– «Էլիտար» բուհերից ոմանք հիմա նույնիսկ թափուր տեղեր ունեն։ Իրավաբանական ֆակուլտետի դիմորդների թիվը զիջում է անցած տարվա թվին։

– Սա նորից հայոց լեզվի քննության հետեւանք է, որովհետեւ շատերը ստանալով 12-13 միավորներ՝ չեն դիմում այլեւս այստեղ՝ հասկանալով, որ մրցույթն այստեղ հաղթահարելի չի լինի։ Մյուս տարի կենտրոնացված համակարգով կազմակերպվելու են նաեւ օտար լեզուների եւ մաթեմատիկայի քննությունները, ինչը նշանակում է, որ ձեր ասած հովանավորչությունը, կաշառակերությունը մեծապես կնվազեն։ Օրինակ, մյուս տարի տնտեսագիտություն ուղղությունն ամբողջապես կգնա միացյալ քննությամբ։

– Ասացիք, որ հայոց լեզվի քննությունը հաջող է անցել, սակայն բավական սուր քննադատություն հնչեց թեստերի բովանդակության վերաբերյալ։

– Աշխարհի որեւէ երկրում թեստի գնահատման մասնագիտական գնահատական չկա։ Հատկապես՝ լեզվական առարկաների դեպքում, ինչքան գիտնական` այնքան կարծիք։ Գիտնականը պարապում է երեխայի հետ եւ ասում է, որ՝ դու 20-ի ես, իսկ նա 14 է ստանում։ Ուրիշ բացատրություն չկա, քան այն, որ թեստն է անորակ։ Թեստի գնահատականը տրվում է երեխաների լուծման աստիճանով։ Եթե 15.000 երեխայից բացարձակ մեծամասնությունը ստանում է 16 միավոր, միջազգային չափանիշով նշանակում է, որ թեստը կազմված է ճիշտ։ Եթե թեստը բովանդակությամբ սխալ կազմված լիներ, այդ 15.000 երեխաները չէին գտնի 16 միավորի պատասխանները։ Ոչ մի պրոֆեսիոնալ չի կարող իրեն թույլ տալ եւ ասել, որ թեստը վատն է, եթե 15.000 երեխաների մեծ մասն այն կարողացել է լուծել։ Քննությունը ստուգում է ընդհանուր գիտելիքներ, քննությունը գործ չունի երկու լեզվաբանի վեճի հետ։

– Միասնական քննությունն ապագայում ընդունելության քննություններից հրաժարվելու միջո՞ց է։

– Միացյալ քննությունն օգտակար է այն առումով, որ երեխան քննությունը մեկ անգամ է տալիս։ Դիմում-հայտի ձեւը, 5-6 մասնագիտություն ընտրելը վերանում է։ Դպրոցն ավարտելիս երեխան ընտրում է այն առարկաները, որոնցից պետք է կենտրոնացված քննություն հանձնի։ Հետո ստանում է վկայական, որտեղ նշված է գնահատականների գումարը։ Բուհը սահմանում է իր շեմը, եւ երեխան դա համեմատելով իր գնահատականների հետ՝ ընտրում է այն բուհը, որտեղ կարող է ընդունվել։ Վկայականները եւ քննության համակարգը պետք է լինեն միջազգային չափանիշներին համապատասխան։ Եթե կարողանանք վստահություն առաջացնել գնահատականի որակի նկատմամբ, եվրոպական կառույցները նույնպես կճանաչեն այդ վկայականը։ Օրինակ՝ փորձում ենք անգլերենի միասնական քննությունը հավասարեցնել TOEFL-ին, եւ այդ դեպքում՝ երեխան իր վկայականով կարող է դիմել նաեւ միջազգային բուհեր։