«Մաքսային պետական կոմիտեն վարչարարության արդյունքում մաքսավճարների գծով գերակատարել է պետական բյուջեի մուտքերի ապահովումը»,- երկու օր առաջ հրավիրված ասուլիսում հայտարարել է Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը:
Վերջինս, բնականաբար, չի անդրադարձել իր ղեկավարած համակարգում արմատացած կոռուպցիոն դրսեւորումներին եւ ընդամենը նշել է, որ երեք տասնյակ մաքսավորների ազատել է աշխատանքից: Մինչդեռ այսօր մաքսային համակարգի ամենաարդիական խնդիրը թերեւս կոռուպցիան է, որի միջոցով էլ, ամենայն հավանականությամբ, այդ կառուցը «գերակատարել է պետական բյուջեի մուտքերի ապահովումը»: Իսկ մաքսային համակարգում առկա կոռուպցիայի հետ առնչվում է արտահանմամբ, իսկ ավելի հաճախ` ներմուծմամբ զբաղվող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ: Օրինակ` ՄՊԿ-ի հետ 2006 թ. սկսած շփման եզրեր չեն գտնում Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի` ներմուծմամբ զբաղվող սուբյեկտները: ՄՊԿ-ի աշխատակիցները զբաղված են իրենց ձեւակերպմամբ` վարչարարությամբ, սակայն իրականում այս երեւույթն այլ ձեւակերպում ունի` կոռուպցիա: Բանն այն է, որ ինչպես նախկինում եւ ինչպես գրեթե բոլոր խոշոր ապրանքների ներմուծման դեպքում, այս պարագայում եւս մաքսավորները չեն հավատում ներմուծված ապրանքի հաշիվ-ապրանքագրին եւ ապրանքը մաքսազերծում են շուկայական գնի 30-40 տոկոսի չափով: Այս մեթոդով մաքսազերծվում է նաեւ համակարգչային տեխնիկան, որը Ինովացիոն տեխնոլոգիաների (ԻՏ) ոլորտի զարգացման առաջին ատրիբուտն է համարվում: «Ինովացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մի պարզ օրինակով ներկայացնում է, թե ինչո՞ւ են համակարգիչների գները տեղական շուկայում 4-5 անգամ գերազանցում դրսի գներին: «Ենթադրենք՝ մի կազմակերպություն ներմուծել է համակարգիչ, որն իրական ապրանքագրով արժե 1000 դոլար: Մաքսային մարմիններն ասում են, որ չեն հավատում ապրանքագրի ճշմարտացիությանը: Առաջներում նրանք իրենց չհավատալու դեպքում մաքսազերծում էին ապրանքի շուկայական գնին ավելացնելով 20 տոկոսի չափով, հետո էլ անցան 40 տոկոսի, իսկ հիմա դեպքեր կան, երբ մաքսազերծում են շուկայականի 50 տոկոսի չափով: Վերջնական արդյունքում այս համակարգչի վաճառքի գինը հասնում է 2000 դոլարի: Եթե նրանք այս ամենն անում են վարչարարություն ասվածի տակ, որ ավելացնեն պետբյուջեի մուտքերը, ապա ավելի լավ կլիներ ուժեղացնեին մաքսանենգության դեմ պայքարը: Իսկ որ այս ոլորտում մաքսանենգություն կա, դա ակնհայտ է շուկայում առաջարկվող ապրանքների գներից: Դիտարկվել են դեպքեր, երբ շուկայում վաճառվում են այնպիսի սարքեր, որոնց համար մաքսային արժեք դեռեւս սահմանված չէ »,- ասում է Կ. Վարդանյանը, որը պատասխանեց նաեւ այս ոլորտի հետ կապված մեր մի քանի այլ հարցերի:
– Հայաստան ներմուծվող ապրանքների մի ստվար ցանկ է հաստատված, որոնք սահմանի վրա ազատվում են մաքսատուրքից: Այս ցանկի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը: Համակարգչի դեպքում այդ արտոնությունը չի՞ գործում:
– Զրոյական մաքսատուրքից օգտվում են մեծ պահանջարկ չունեցող ապրանքները, որոնց ներմուծումն էլ է քիչ: Հիմնական ապրանքները, առաջին գործիքը` համակարգիչը եւ հարանման այլ ապրանքներ ներառված չեն այդ ցանկում:
– ԻՏՁՄ-ն կոչված է պաշտպանել ոլորտի ձեռնարկությունների բիզնես-շահերը: Հայկական դրամի արժեւորումն ինչպե՞ս է անդրադառնում այս ոլորտի վրա:
– Արտարժույթի կուրսի պատճառով ոչնչացվում է մի ամբողջ ոլորտ, որի կայացման համար տասնամյակ է պահանջվել եւ, որն էլ համարվում է Հայաստան ներդրումներ բերող ամենամեծ ոլորտը: Տնտեսական քաղաքականության քմահաճույքներով, նաեւ՝ միջազգային կառույցների թելադրանքով պայմանավորված, ըստ էության, ոչնչացվում է ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտը: Հայաստանն ունի ինժեներների որակ, որը միջազգային շուկայում ունի որոշակի գին: Դրսի փորձագետների գնահատականով Հայաստանում ներկայումս աշխատուժը համարվում է ծայրահեղ թանկ` պայմանավորված միջազգային արժույթի կուրսի անկմամբ: Օրինակ, ընկերությունն ուներ 100 աշխատող, յուրաքանչյուրը՝ 1000 դոլար աշխատավարձով, որը կազմում էր 580 հազար դրամ: Այդ մարդը հիմա էլ է այդքան գումար ստանում, այլապես ավելի էժան գնով չի համաձայնի աշխատել: Քանի որ այս ոլորտում աշխատուժի դեֆիցիտ է, ապա ընկերությունը չի կարող տվյալ աշխատողի փոխարեն ավելի էժանին գտնել: Բացի այդ, տվյալ մարդկանց վրա ծրագրեր են խարսխված, եթե նրանք դուրս գան, այդ ծրագրերն էլ կքանդվեն: Դրսից եկած ընկերությունները եկել են շահույթ ստանալու նպատակով եւ կարող են այդ շահույթը ստանալ նաեւ Չինաստանում, Վրաստանում, Սլովակիայում: Մեր խնդիրն է՝ Հայաստանում եղածը պահպանել, քանի որ դրսի կազմակերպությունները կարող են վայրկյանական որոշում ընդունել եւ իրենց ստորաբաժանումը տեղափոխել մի այլ երկիր:
– Ի՞նչ վիճակում է տնտեսության զարգացման գերակա ճյուղը` ինովացիոն տեխնոլոգիան:
– Մենք անհրաժեշտ քանակի աշխատուժ չունենք: Համալսարաններն ուսանողին ոչ մի գիտելիք չտալուց եւ հինգ տարի փչացնելուց հետո՝ 15-20 տոկոս էֆեկտիվությամբ կադրեր են տալիս, որոնց էլ ավարտելուց հետո դեռ պետք է վերապատրաստել: Որպեսզի Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաների երկիր, պետք է իր աշխատողների քանակը մոտակա 3 տարում կրկնապատկի մոտ 3 անգամ: Ամբողջ շուկայում ունենք ընդամենը 5000 մարդ եւ 1000-ից ավելին էլ տարեկան ավարտում են բուհերը: Այդ բուհերն ավարտածներից էլ ընդամենը 200-300-ն են պիտանի: Կրթությունը մնում է լրջագույն խնդիր, քանի որ բուհերում դասախոսներ չկան, բուհերը գտնվում են մոնոպոլ վիճակում` բանակից ազատելու առումով, նրանց հետ խոսել չի լինում, քանի որ դուրս են մրցակցային դաշտից ուսանողներ ներգրավելու առումով: Գուցե եւ ճիշտ է պետպատվերի տակ ոչ թե բուհին տալ դոտացիան, այլ` ուսանողին: Եվ այս դեպքում նրանք կսկսեն մրցել ուսանողի համար` որակյալ կրթության ապահովման երաշխիքներով: Այս ոլորտում ձեռներեցներին չեն խրախուսում:
– Պետական բյուջեն որոշակի հատկացումներ է կատարում ոլորտի զարգացման համար:
– Պետբյուջեից, նախորդ տարի որոշակի հատկացում է եղել, եւ ես սա դրական եմ գնահատում: Անցյալ տարի պետությունն աջակցել է «Digitec» ցուցահանդեսին, եւ մենք խնդիր ենք դրել, որ այս ցուցահանդեսը դառնա տարածաշրջանում ամենամեծը: Այս տարի հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է մի հայեցակարգում ներառի ոլորտին խոչընդոտող բոլոր խնդիրները: Այս հայեցակարգից հետո կպահանջվի պետբյուջեի աջակցությունը, որը պետք է բերի փոփոխություններ մի շարք օրենքներում: Տնտեսության զարգացման գերակա ճյուղ դառնալուց մենք շատ հեռու ենք գտնվում: Գերակա ճյուղ դառնալու համար տնտեսության բոլոր ճյուղերը պետք է օգտվեն այս ոլորտի ծառայություններից: Բնակչության միայն 5 տոկոսն ունի ինտերնետ հասանելիություն, մինչդեռ 60-70 տոկոսի ներգրավման խնդիր է դրված: Պետությունը պետք է լինի ոլորտի հիմնական պատվիրատուն ու դաշտի կարգավորողը:
– Զարգացման հեռանկար ունի՞ այս ոլորտը:
– Ասեմ Քենիայի օրինակով. նրանք իրենց երկիր եկած բոլոր ներդրումներն ուղղում են այս ոլորտին: ՀՀ-ում էլ կան մեծ ներդրումներ, սակայն այս միջոցները գնում են ճանապարհի, ջուր ու լուսամուտի եւ այլ խնդիրների վրա: Արդիականացման համար գումարներ չեն հատկացնում: Քենիայում պարտավոր ես փոս փորելու դեպքում անպայման օպտիկական մալուխ անցկացնել այդտեղով, որը հետագայում կդառնա մի հսկայական ցանց: Ի տարբերություն հայկական մտածելակերպի, այսպես են մտածում Քենիայում: