Մեղավորն ազատության մեջ է, քննիչը հակված է գործը փակելուն

15/07/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները ճանապարհային երթեւեկության բարեփոխումներ են կատարում եւ պարբերաբար մամլո ասուլիսներ են հրավիրում այդ բարեփոխումների արդյունավետությունը հրապարակելու նպատակով:

Սակայն, ինչպես վերջին տարիների փորձն է ցույց տալիս, մայրաքաղաքում երթեւեկության կանոնների պահպանումը դարձել է հրատապ խնդիր: Խմբագրություն դիմած Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ Զվարթ Արիստակեսյանի ամուսնու հետ կատարված դեպքը եւս մեկ անգամ վկայում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում էլ մեր իրավապահ մարմինները գործում են ոչ թե օրենքով, այլ կամայականությամբ: Տիկին Զվարթի պատմելով` հունիսի 17-ին, 19:40-ի սահմաններում Ազատության պողոտայում («Հաղթանակ զբոսայգու» հարեւանությամբ) տեղի է ունեցել վթար: Ամուսնու` Արտավազդ Գրիգորյանի «Զապորոժեց» մակնիշի մեքենան բախվել է «Էսկորտ» տաքսի ծառայության վարորդ Արմեն Ղազարյանի «21-07» մակնիշի ավտոմեքենային: Վթարի արդյունքում տեղում մահացել է Արտավազդ Գրիգորյանը: Տիկին Զվարթի պատմելով` Արմեն Ղազարյանը մեքենան վարելու ընթացքում չարաշահել է արագությունը, ինչպես նաեւ հատել է թույլատրված հոծ գիծը: «Վթարից քիչ անց ես եղել եմ դեպքի վայրում, որովհետեւ ես 45 համարի երթուղային տաքսիով տուն էի գնում: Փողոցում լիքը մարդիկ էին հավաքված, խցանում էր: Երթուղային տաքսի նստած ուղեւորները, նայելով պատուհաններից դուրս` ասացին՝ վթար է եղել: Այդ ժամանակ ես «Մոնումենտի» մոտ էի, երթուղային տաքսու մեջ: Քանի որ ես պատուհանից նայելու հնարավորություն չունեի, խնդրեցի, որ վթարի ենթարկված մեքենայի համարն ասեն: Ասացին ամուսնուս մեքենայի համարն, ու այդ պահին ես ինձ դուրս գցեցի»,- դեպքի մանրամասները նկարագրում է տիկին Զվարթը` ավելացնելով, որ երթուղային տաքսուց իջնելիս նկատել է, որ ամուսնու մեքենային հարվածող տաքսու վարորդն իր մեքենան հեռացնում է, որպեսզի այն տեղաշարժելով վթարի մասին այլ տպավորություն ստեղծի: Տիկին Զվարթն ամուսնուն հայտնաբերել է պարանոցը կոտրված, գլուխը ետ ընկած, ղեկը ձեռքին եւ ամբողջովին ջախջախված վիճակում: Երբ տաքսու վարորդ Ա. Ղազարյանին հարցրել է, թե ինչո՞ւ է մեքենան տեղաշարժում` վերջինս հավատացրել է, թե ցանկանում էր օգնություն ցուցաբերել: «Ինքը մեքենան հրում էր, իր մեքենան անջատել էր մեր մեքենայից, որպեսզի վթարն այլ բնույթ ստանար, բնականաբար, այս դեպքում գծանշումների իրական պատկերը կարող էր խեղաթյուրվել»,- վստահեցնում է զոհվածի կինը: Ինչեւէ, դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների, ինչպես նաեւ՝ Փրկարար ծառայության աշխատակիցները: «Համարյա մեկ ժամից ավելի դեպքից անցել էր, բայց ամուսնուս մեքենայից չէին կարողանում հանել, քանի որ մեքենան ջախջախված էր: Նորից ջոկատ կանչեցին, մեքենան մաս-մաս կտրտեցին, որից հետո նոր հնարավոր եղավ դիակը դուրս բերել»,- պատմում է զոհվածի այրին` ասելով, որ ամուսնու հուղարկավորությունից օրեր անց գնացել են ՀՀ Ճանապարհատրանսպորտային վարչություն` տեղեկանալու կատարվածի մանրամասներին: Վարույթը քննող ՀՀ Ճանապարհատրանսպորտային վարչության քննիչ Հայկ Հովհաննիսյանը նրանց հորդորել է, թե Արմեն Ղազարյանի մայրը մահացել է, որի պատճառով ժամանակավորապես նրան ազատ են արձակել հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: «Ասաց, որ անձնագիրը վերցրել են, իսկ նրան թողել են, որ թաղմանը մասնակցի»,- վստահեցնում է տիկին Զվարթը` հավելելով, որ դեպքից բավական ժամանակ է անցել, սակայն մինչ օրս վթարի մեղավորը ձերբակալված չէ: Նրա պատմելով` քննիչն այժմ պնդում է, որ Ա. Ղազարյանին իրավունք չունեն կալանավորելու, քանի որ հիմքեր չունեն: «Բայց դա ապացույց չէ՞, որ 55 տարեկան մարդը տեղում զոհվել է վթարի պատճառով: Բայց ո՞նց կլինի, որ իրավապահ մարմինները չկարողանան կողմնորոշվել, թե ո՞վ է մեղավորը: Դա՝ այն դեպքում, երբ Ա. Ղազարյանը երկու տարի առաջ նորից վթարի էր ենթարկել մի մարդու, եւ նա էլ էր զոհվել: Ուրեմն` ինքը գիտի, որ նման ձեւով երթեւեկելով եւ մարդկանց կյանքեր զոհելով՝ կարող է հանգիստ ապրել, ման գալ իր համար»,- վրդովված ասում է տիկին Զվարթը, ով կրկին գնացել է Ճանապարհատրանսպորտային վարչություն՝ դիմում-բողոք գրելու, սակայն քննիչ Հ. Հովհաննիսյանը հորդորել է բողոք չգրել` պատճառաբանելով, թե քրեական գործ է հարուցվել, եւ այն նախաքննության փուլում է: Հետագայում, սակայն, տիկին Զվարթի այցելություններն ու հեռախոսազանգերը սկսել են քննիչ Հ. Հովհաննիսյանին նյարդայնացնել: «Արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ոչինչ չեն անում: Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է պարզվել, բայց քննիչն արդեն վիրավորում է ինձ: Ասում է, որ ոչ մեկն էլ չի ձերբակալվելու: Ինձ ասում է` գնա, ականատես վկա բեր, բայց դա իրենց գործն է, չէ՞: Ես իմ դժբախտությունը թողած` գնամ իրավապահ մարմինների աշխատանքո՞վ զբաղվեմ: Փողերն ուտում ու լռում են»,- ասում է նա` վստահեցնելով, որ, այնուամենայնիվ, օրեր առաջ դիմում-բողոք է ներկայացրել վարչությանը: Հ. Հովհաննիսյանն այլեւս տիկին Զվարթին արգելել է իրեն դիմել գործերի մանրամասներն իմանալու համար: Ի դեպ, տիկին Զվարթն այս դեպքը հրապարակելու համար մեզ դիմել էր դեռ երկու շաբաթ առաջ: Մենք պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել էինք քննիչ Հ. Հովհաննիսյանին: Քննիչը, սակայն, պարզաբանումներ տալու փոխարեն՝ արագ կապվել էր տիկին Զվարթի հետ եւ խորհուրդ էր տվել «թերթի չտալ իրեն»: Տիկին Զվարթն էլ՝ մտածելով, որ քննիչին «թերթի տալու» սպառնալիքը զգաստացրել է` մեզ խնդրել էր հետաձգել նյութի հրապարակումը: «Ինձ ասաց` ո՞նց կլինի տենց, որ թերթի տաք` իմ ղեկավարությունն ինձ աշխատանքից կհանի: Ասեց` փորձաքնություններ են կատարվում, որից հետո մեղավորին կձերբակալենք: Բայց հիմա նա ասում է, թե դու պիտի ականատես վկա բերես` նոր ձերբակալենք»,- պատմում է զոհվածի այրին:

Քննիչ Հ. Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե գործը նախաքննության փուլում է եւ տվյալները չի կարելի հրապարակել: Իսկ երբ մի քանի հարց տվեցինք, որոնք այնքան էլ գաղտնիություն չէին պահանջում` վերջինս ասաց, որ չէր ցանկանա հեռախոսով պատասխանել մեր հարցերին: Նա մեր հարցերին պատասխանելու համար հանդիպում նշանակեց, սակայն քիչ անց այդ մտքից էլ հրաժարվեց:

Ի գիտություն քննիչ Հ. Հովհաննիսյանի եւ նրա նման այլ քննիչների՝ մեջբերենք օրենքից մի հատված. «Ճանապարհատրանսպորտային պատահարը` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում ու դրա մասնակցությամբ առաջացած դեպքն է, որի ժամանակ զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ, կամ պատճառվել է այլ նյութական վնաս: Այն ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հետեւանքով առաջացել են նյութական վնաս կամ մարմնական թեթեւ վնասվածքներ, կազմավորում են վարչական իրավախախտման կազմակերպիչները: Ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հետեւանքով առաջացել են միջին կամ ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ կամ տուժածի մահը, ինչպես նաեւ՝ առանձնապես ծանր հետեւանքներ, պատկանում են հանցագործությունների խմբին»:

Հ.Գ. ՀՀ Ոստիկանության ինտերնետային կայքի օպերատիվ ամփոփագիր էջում հունիսի 17-ին կատարված դեպքերի մասին նշվում է. «Հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել են, 11-ը` ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»: