«Միլիմետրովկան» չեն քանդելու

15/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների տրանսպորտային թունելի կառուցապատման աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ ամիս առաջ:

Օրերս «Սարաջովո» թաղամասի բնակիչների շրջանում լուրեր են շրջանառվում, թե շինարարական աշխատանքներին հընթացս վտանգված է մերձակա բնակֆոնդի, մասնավորապես՝ Ագանթագեղոս-7 հասցեում խոյացող 11 հարկանի շենքի գոյությունը, եւ հնարավոր է, որ այն արժանանա իրացման գոտում գտնվող շենքերի տխուր ճակատագրին: Թե այս տեղեկատվության աղբյուրը ո՞վ կարող է լինել, այս պահին դժվար է ասել, բայց միանշանակ, նման որոշումներ կայացնելու համար մեր օրենսդիրները նախօրոք հոգացել են` ի դեմս անցյալ տարվանից գործող «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, որի համաձայն՝ պետությունը կարող է այս կամ այն տարածքի նկատմամբ գերակա շահ ճանաչել եւ այն իրացնել: Ասել է թե, պետական կարիքների համար անձեռնմխելի տարածքներ կամ անձեռնմխելի շինություններ չկան: Ի դեպ, քննարկման առարկա տիպային այս շենքի ժողովրդական անվանումն է՝ «Միլիմետրովկա»: Վերոհիշյալ բազմաբնակարանային բարձրահարկը կառուցվել է դեռեւս 25 տարի առաջ, որի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը: Կառուցվող տրանսպորտային հանգույցը, որի նպատակն է՝ բեռնաթափել Խանջյան եւ Տիգրան Մեծ փողոցների երթեւեկը, նախագծվել է «Երեւաննախագիծ» ընկերության կողմից, որոնք վստահեցնում են, որ հաջողությամբ հաղթահարել են փորձաքննության պատասխանատու փուլը: «Երեւաննախագծի» ճանապարհաշինարարական մասնագետ Հարություն Ավագյանը վստահեցնում է, որ 6-7 ամիս տեւած երկրաբանական ուսումնասիրություններում հաշվի է առնվել նաեւ հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերի դիրքը, բնականաբար, բացառված են իրացումների մասին շրջանառվող խոսակցությունները: Իսկ ինչ վերաբերում է «Միլիմետրովկայի» գրունտային շերտերի հուսալիությանը, ապա, նա կարծում է, որ Ջ. Թորոսյանի մոտ պահպանվող արխիվները դրա ամենամեծ երաշխիքն են: Բնակիչների մտահոգությունը մասնագետն անհիմն է համարում եւ կարծում է, որ կառուցվող տրանսպորտային թունելը խիստ նպատակահարմար է (4 ուղի ունեցող ճանապարհային հանգույցի ընդհանուր երկարությունը լինելու է 305 մ, փակ հատվածում` 85 մ) եւ բնակիչները միայն շահելու են կառուցապատումից: Նշենք նաեւ, որ այդ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնում է մրցույթ շահած «Էներգացանցշին» ԲԲԸ-ն, որտեղից էլ տեղեկացնում են, որ կառուցապատման ընթացքում պայթեցումներ չեն լինելու, եւ չեն խարխլվի բազմաբնակարան շենքի հիմքերը: Ընկերության նախագահ Լավրենտի Միքայելյանի խոսքերով, այդ հատվածում չեն սպասվում անգամ ծառահատումներ, բացառությամբ՝ «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքի մի քանի ծառերի: Այսինքն, եւ՛ նախագծողները, եւ՛ կառուցապատողները «մտահոգված» են ոչ միայն հարակից բնակֆոնդի պահպանմամբ, այլեւ տարածքի էկոլոգիական հարցերով: «Էներգացանցշինի» ինժեները շինարարական գործընթացում առաջացած հրատապ հիմնախնդիրը համարում էր կոմունիկացիաների` խողովակաշարերի, էլեկտրական մալուխների, կոյուղագծերի տեղափոխման հարցերը: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ բնակիչների մտահոգության հիմնական պատճառը տեղանքի ստորգետնյա ջրային հարուստ պաշարների հետ է առնչվում: Երեւանցիների հիշողությունից դեռ չի ջնջվել 1980-ական թթ. շահագործված Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի պատմությունը, երբ շահագործվելուց հետո «Զորավար Անդրանիկ» մետրոն բավական երկար ժամանակ չգործեց: Ինչպես նշեցինք, պատճառը ստորգետնյա ջրերի ժայթքումն էր, որը հնարավոր եղավ չեզոքացնել միայն հարեւանությամբ տեղադրված պոմպակայանների օգնությամբ: Կառուցվող տրանսպորտային հանգույցի կառուցապատողները վստահեցնում են, որ ստորգետնյա ջրերին մեկ անգամ հանդիպելու մտավախությունը չկա, քանի որ կփորվի առավելագույնը 3 մ խորություն: Ի դեպ, նախատեսված է տրանսպորտային հանգույցի վերգետնյա հատվածի աշխատանքներն ավարտել 2007-2008թթ. ուստարվա նախօրեին: «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը Ագաթանգեղոս-7 շենքի իրացման մասին լուրեր չուներ, սակայն նա մեկ անգամ եւս փաստեց Երեւանի Կենտրոնի ստորգետնյա գետերի եւ լճերի առկայությունը, ինչը շատ մեծ վտանգ է: Նա համոզված է, որ մեծ բիզնեսի համար կոծկվում են տեղանքների պեղումների երկրաբանական եզրակացությունները կամ ամենեւին բացակայում են փորձագիտական համարժեք եզրակացությունները: Ս. Բաղդասարյանը ցավով նկատում է, որ մայրաքաղաքում ընթացող մեծածավալ կառուցապատման ընթացքում արդեն 56 պատմամշակութային շենք է քանդվել: