«Ոսկե ծիրանի» երկու հյուրերը

15/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լեոս Կարաքսը «քույր ոգի» է որոնում

Ֆրանսիացի կինոռեժիսոր Լեոս Կարաքսը հանճարեղ եւ խենթ ֆիլմերի հեղինակ է: Նա ընդամենը չորս ֆիլմ է նկարահանել, սակայն այդ չորս պատմություններն էլ կինոիրադարձություններ են համարվել:

Լեոս Կարաքսը լեգենդներով է պարուրել իր անունն ու նկարահանում է ֆիլմեր, որոնց կենտրոնում սերն է: Նրա «Պոլա X» ֆիլմում նկարահանված դերասանուհի Կատրին Դենյովն ասել է. «Կարաքսի համար սերը կամ միշտ շատ քիչ է լինում, կամ էլ՝ չափազանց շատ: Եվ հաճախ հիվանդություն է դառնում»: Լեոս Կարաքսն իր ֆիլմերի հերոսուհիներ է դարձնում այն կանանց, ում սիրահարվում է: Իսկ երբ սերն ավարտվում է, նա դադարում է ֆիլմ նկարահանել՝ մինչ հաջորդ սիրավեպի սկսվելը: Երեւանում գտնվելով` նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես գրեթե թոշակի անցած ռեժիսոր եմ, չեմ կարողանում շատ նկարահանել, քանի որ համարում եմ, որ իմ կյանքում պետք է ինչ-որ բան փոխվի, որպեսզի ես նոր ֆիլմի մասին մտածեմ»:

Նա ասաց, որ ֆրանսերեն լեզվի մեջ շատ դիպուկ մի արտահայտություն կա. երբ մարդիկ հարազատ մեկին են որոնում, ասում են` «քույր ոգի» է փնտրում: «Իսկ կինոն այդ քույր ոգիների հանդիպման վայր է»,- ասաց նա:

Կարաքսի համար շատ հետաքրքիր են Կովկասն ու Ռուսաստանը, նա սիրում է Դոստոեւսկու եւ Պլատոնովի վեպերը կարդալ եւ կարծում է, որ իր հաջորդ ֆիլմը կսկսվի մեր տարածաշրջանից: Լեոս Կարաքսը խուսափում է լուսարձակների փայլից ու համառ լրագրողներից, նախընտրում է փակվել սենյակում կամ լուռ կանգնել փողոցի եզրին ու նայել քաղաքի հոսող ռիթմին: Ո՞ւր կտանի այդ հոսող գետը, գիտի միայն ինքը` կինոյի հրաշագործ ու արկածախնդիր խենթերից ամենացայտուն ու հակասական անձնավորությունը` Լեոս Կարաքսը: «Նույնիսկ իմ հարազատ Ֆրանսիայում ես ինձ օտարական եմ զգում, իսկ երբ ուրիշ երկրներում եմ հայտնվում, ինձ կրկնակի միայնակ եւ օտար եմ զգում: Իհարկե, պատահում է եւ այնպես, որ ուրիշ մթնոլորտում այդ միայնակության զգացումը հանկարծ անհետանում է»,- ասում է նա:

Մարդ էակի կորսված ամբողջականության պատրանքը շատ հանկարծակի է հայտնվում` փողոցում, երազանքներում կամ էլ էկրանի վրա` «քույր ոգուն» հանդիպելու պահին:

Համարձակ իրանուհիները

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին որոշեց նկարահանել «Խաղից դուրս» ֆիլմն այն ժամանակ, երբ իր 12-ամյա դուստրը խնդրեց թույլ տալ իրեն Թեհրանի մարզադաշտ այցելել ու ֆուտբոլային խաղ դիտել: «Ես գիտեի, որ դա չի թույլատրվում, բայց չէի կարող մերժել աղջկաս: Աղջկաս ասացի` գնացինք, բայց խոստացիր, որ երբ համոզվես, որ քեզ մարզադաշտ չեն թողնում, տուն կգնաս»: Աղջկան չթողեցին մարզադաշտ մուտք գործել եւ տղամարդկանց կողքին նստել, բայց աղջիկը ներս մտնելու ձեւ, այնուամենայնիվ, գտավ: «Դուստրս չասաց, թե ինչպես է խաբել ոստիկաններին, բայց եկա տուն եւ որոշեցի այդ մասին ֆիլմ նկարահանել»,-Երեւանում իր ֆիլմը ներկայացնելուց առաջ ասաց Փանահին:

Ջաֆար Փանահիի նախորդ երկու ֆիլմերն Իրանում արգելվել են եւ երբեք հայրենիքում չեն ցուցադրվել: Իսկ երբ ռեժիսորը որոշեց իր երրորդ ֆիլմը նկարահանել, ստիպված խորամանկության դիմեց ու նկարահանման խմբում չհրապարակեց իր անունը: Եվ տղաների զգեստ հագած երիտասարդ աղջիկների դերերում նկարահանեց ոչ պրոֆեսիոնալ դերասանուհիների, քանի որ այդպես ավելի ապահով էր: «Ես ուզում էի ոչ թե ծանր ֆիլմ ստեղծել, այլ թեթեւ ու զվարճալի պատմություն պատմել»,- ասաց ռեժիսորը: «Խաղից դուրս» ֆիլմում բաց արտահայտված բողոք կամ գաղափարական հակադրություն չկա, այն շատ փոքր գումարով ստեղծած թեթեւ ու բարի մի պատմություն է` ֆուտբոլի սիրահարների եւ օրենքների զոհերի մասին: Այդ ֆիլմը ավելի շատ հարցադրումներ է ծնում, քան ջանում է պատասխաններ տալ: Զգեստափոխված աղջիկներին կալանավորում են ու մինչ խաղի ավարտը պահում մարզադաշտի շենքում: Աղջիկներն այդ իրավիճակում բնավ էլ զոհեր չեն, այլ որոշ դրվագներում նույնիսկ պահանջողներ են: Օրենքը, որը արգելում է կանանց գտնվել տղամարդկանց կողքին, միեւնույն ժամանակ պահպանում է նրանց, քանի որ կանանց չի կարելի դիպչել, նրանց վրա ձեռք բարձրացնել ու վիրավորել: Դա շատ երկիմաստ ու զավեշտալի դրվագների սկիզբ է դնում: Եթե կինն ուզում է զուգարան մտնել, նրա կողքին տղամարդ լինել չի կարող: Բայց ինչպե՞ս անել այնպես, որ զուգարան տղամարդ չմտնի, եթե մարզադաշտում ֆուտբոլասեր մի քանի հազար տղամարդիկ կան: Եվ աղջիկներից մեկին զուգարան ուղեկցող «կրակն ընկած» ու ֆուտբոլն ատող զինվորը ստիպված է լինում պայքարել` աղջկան զուգարան մտնելու ապահով հնարավորություն տալու համար: Իսկ խորամանկ աղջիկն այդ հնարավորությունից օգտվելով՝ փախչում է, քանի որ ֆուտբոլը կանչում է նրան: Սեռական անհավասարությունը անհասկանալի է թվում եւ՛ տղաների, եւ՛ աղջիկների համար: Աղջիկները զրուցում են իրենց պահապանների հետ ու խնդրում բացատրել` թե ախր ինչո՞ւ չեն կարող խաղը դիտել: «Որովհետեւ տղամարդիկ խաղի ժամանակ հայհոյում են, իսկ կինը դա չպիտի լսի»,- պատասխանում է զինվորը, որի միակ երազանքն այդ աղջիկներից ազատվելն ու հարազատ գյուղ վերադառնալն է: «Ես ականջներս կփակեմ»,- խոստանում է ֆուտբոլի սիրահար աղջիկը: Նրան պատասխանում են` «Միեւնույն է, լավ չես կարող փակել»: Օրենքից դուրս այս իրավիճակը հանկարծ վերածվում է նույն խաղադաշտում հայտնված մարդկանց կարճատեւ բարեկամության: Երբ ողջ Իրանը ցնծում ու տոնում է իր հավաքականի հաղթանակը, օրինախախտ աղջիկներն ու օրինապահ տղաները սկսում են իրար հասկանալ ու խնայել միմյանց զգացմունքները:

Այս ֆիլմի հայտնվելն ապացուցում է, որ ռեժիսորները, նույնիսկ ամենախիստ գրաքննության պայմաններում, կարող են փոքրիկ գլուխգործոցներ ստեղծել: Եթե իրական կյանքը նրանց չի գոհացնում, նրանք նոր կյանք եւ նոր իրավիճակներ են ստեղծում էկրանի վրա: Եվ «խաղից դուրս» իրավիճակը դառնում է մի նոր խաղ, որտեղ իրար հասկանալը շատ հեշտ է: