Մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր համարվող մի շարք կուսակցություններից սկսեցին իրար հետեւից դուրս գալ կարկառուն եւ ոչ այնքան կարկառուն կուսակցականներ: Ընտրություններից հետո ամենաշատը թերեւս հեռացել են «Օրինաց երկրից»:
Մայիսի 12-ից անմիջապես հետո բազմաթիվ ՕԵԿ-ականներ հանկարծ հայտնաբերեցին, որ Արթուր Բաղդասարյանն այնքան էլ եվրոպական արժեքների կրող չէ, ու հեռացան կուսակցությունից: Նախ կուսակցությունը լքեց ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը՝ «պիվի Սամոն» (ում ճակատից դեռեւս լիովին չբացահայտված հանգամանքներում ջնջվեց «ՕԵԿ» գրառումը): Այնուհետեւ կուսակցությունը լքեց ՕԵԿ երիտասարդական թեւի վերնախավը՝ երիտթեւի ղեկավար, երբեմնի սաստիկ ՕԵԿ-ական, Արթուր Բաղդասարյանի երբեմնի ջերմ երկրպագու Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Նրանց հաջորդեցին ՕԵԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Սուրեն Մամիկոնյանն ու այլք: Ընտրություններից հետո «Ազգային Միաբանությունից», կարելի է ասել՝ հեռացել է ողջ կուսակցությունը. ազգը միաբանողներից արդեն մոտ երկու ամիս է ձեն-ձուն չկա: Մայիսի 12-ից հետո կուսակցության վերնախավից ու անգամ նույնիսկ քաղաքականությունից ընդհանրապես հիասթափվեցին «Հայաստանի ժողովրդական կուսակցության» որոշ ներկայացուցիչներ: Դեռեւս մինչեւ ընտրությունները ՀԺԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ կուսակցության ղեկավարության գործողություններից հիասթափված լինելու պատճառաբանությամբ հեռանում ու հեռացվում էին կուսակցությունից, իսկ ընտրություններից հետո էլ ՀԺԿ-ն լքելու մտադրության մասին հայտարարեցին կարկառուն ՀԺԿ-ականներ Վարդան Մկրտչյանն ու Ստեփան Զաքարյանը: Նրանցից առաջինն արդեն հեռացել է կուսակցությունից, իսկ երկրորդը դեռ մտածում է: ՀԺԿ-ում էլ մի ժամանակ մտածում էին Ստեփան Զաքարյանին կուսակցությունից հեռացնելու մասին, սակայն այդ թեման ՀԺԿ-ում կարծես թե այլեւս այնքան էլ հրատապ չէ: Հիշեցնենք, որ Ստեփան Զաքարյանն ընտրություններից հետո հայտարարել էր, թե ընդհանրապես մտադիր է հեռանալ քաղաքական դաշտից: ՀԺԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը երեկ փոխանցեց, որ Ստեփան Զաքարյանը դեռեւս ՀԺԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, իսկ կուսակցության օրակարգում նրան հեռացնելու մասին հարց չկա: Իրենք այդ թեմային չեն անդրադառնում: Մենք կապվեցինք նաեւ պարոն Զաքարյանի հետ: Նա մի քանի անգամ նշեց, թե ինքը «հարցազրույց չի տալիս», սակայն, այնուամենայնիվ, հակիրճ պատասխանեց մի քանի հարցերի: «Ես ասացի, որ կարող է քաղաքականությունից դուրս գամ ու դուրս գամ (ՀԺԿ-ից.-Ռ.Թ.): Տասը ձեւով գրեցին, մեկնաբանեցին»,- ասաց Ստեփան Զաքարյանն ու ընդգծեց, թե ինքն ուղղակի ասել է, որ կարող է մտածել ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին: «Դեռ վերջնական որոշում չե՞ք կայացրել» հարցին ի պատասխան՝ Ս. Զաքարյանը նշեց. «Երբ վերջնական որոշում կայացնեմ, այդ մասին բոլորը կիմանան»: Ինչեւէ, այս օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունից էլ հեռացել է կամ մտադիր է հեռանալ այդ կուսակցության փոխնախագահը: Այս կապակցությամբ երեկ ՆԺԿ-ի մամուլի հարցերով պատասխանատու Էմանուել Մարգարյանը մեզ փոխանցեց, որ «նման բան չկա»: Նրա հավաստմամբ, ՆԺԿ-ն ունի մեկ փոխնախագահ. կուսակցության հիմնադրման օրվանից դա Ալեքսան Մինասյանն է, իսկ վերջինս չի լքել եւ չի էլ պատրաստվում լքել կուսակցությունը: Նմանօրինակ խոսակցությունները Է. Մարգարյանը համարում է իշխանությունների գցած խայծ: Իսկ ՆԺԿ-ից նախորդ տարի հեռացվել է կուսակցության Մալաթիայի կառույցի ղեկավարը՝ Արսեն Ամիրխանյանը, ում նկատմամբ, ըստ Է. Մարգարյանի, արդեն ինչ-որ քրեական գործ է հարուցվել: Մարգարյանի խոսքերով՝ Ա. Ամիրխանյանը ՀՀ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՆԺԿ-ում ներդրված 14 գործակալներից մեկն էր: Կուսակցությունում, սակայն, չեն շտապում բացահայտել մյուս, իրենց բնորոշմամբ՝ գործակալներին: Ըստ Է. Մարգարյանի, մնացած 13 գործակալներն «Արամ Կարապետյանի վերահսկողության տակ են», եւ հարկ եղած դեպքում նրանց անունները կհրապարակվեն: