Մահ կամ արժանապատվություն

15/07/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նախորդ հոդվածում խոստացել էի ներկայացնել զանգվածային լրատվության միջոցների ազատության համար պայքարի մեթոդներն ու մարտավարությունը, բայց մինչեւ դրան անցնելը չեմ կարող չանդրադառնալ մի հինավուրց կուսակցության ընկերներից ու ընկերուհիներից արտանետված ճռռոցներին, որոնք, վստահ եմ, ենթադրում եք, վերաբերում են միայն եւ անպայման հայոց ազգային ու պետական արժանապատվությանը։

«Մի երկիր, որը փորձում է արժանապատվությամբ ուղղել իր ողնաշարը, երկիր, որն ուզում է անկախ պետություն որպես կայանալ, իրավական եւ այլն, չի կարող համադարման համարել որեւէ ռադիոկայանի, նույնիսկ, եթե դա «Ազատությունն» է, ուրեմն՝ փակվել-չփակվելը համարել ճակատագրական»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը: Իսկ Հրանտ Մարգարյանն, ով ուզում է ազատ խոսքը ճիշտ տեղը դնել՝ անշուշտ նկատի ունենալով նախագահական ապարատի բերանի եւ ԶԼՄ-ների ղեկավարների ականջի միջեւ ընկած տարածությունը, շարունակում է իր ընկերուհու միտքը. «Ես չէի ուզի, որ մեր պետությունը նյութականի պատճառով այլ պետության ռադիոգիծ տրամադրեր: Սա, կարծում եմ, պետական արժանապատվության հարց է եւ ոչ թե խոսքի ազատության հարց»։ Նման մի միտք էլ արտահայտել է արձակագիր-պատգամավոր-արձակագիր, վերջերս նախագահի մրցանակ ստացած ընկ. Ռուբեն Հովսեփյանը՝ հետ չմնալով արժանապատվության համար մղվող պայքարից։

Ընկերները, սակայն, Հանրապետության նախագահին եւ իրենց կոալիցիոն գործընկերոջը ծառայություն մատուցելու շտապողականության մեջ մոռացել են, որ «արժանապատվությամբ» իր ողնաշարն ուղղել փորձող երկիրը թուլափայեր է ստանում միջազգային հանրությունից եւ նույն Միացյալ Նահանգներից, որի բյուջեից ֆինանսավորվող «Ազատությունն» այդպես ջանադրաբար փորձում են փակել։

Երբ միջազգայինները Հայաստանին փող են տալիս կոռուպցիայի, թրաֆիքինգի. աղքատության եւ այլ բաների դեմ պայքարելու համար, երբ չորսհազարամյա հզոր մշակույթ ունեցող աբորիգեններին թափանցիկ քվեատուփեր են նվիրում, ընկերներ Հրանտը, Ռուբենը եւ ընկերուհի Ալվարդը չեն հիշում արժանապատվության մասին, իսկ երբ հարցը վերաբերում է անկողմնակալ տեղեկատվություն հաղորդող մի ռադիոկայանի, նրանց արժանապատվությունը բռնում է։

Իհարկե, «Ազատությունը» վտանգավոր է ոչ միայն ազգի ու պետության արժանապատվության, այլեւ հենց Դաշնակցության հեղինակության համար։ Այդ կուսակցությանը պատկանող «Երկիր Մեդիան» հավեսով քլնգում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այնպես է քլնգում, որ լսողի մտքով էլ չի անցնի, թե նրա գլխավերեւում դաշնակցական է նստած։ Մյուս ԶԼՄ-ները (բացառությամբ՝ մի քանի թերթի) ոչ միայն չեն հիշեցնում տեղական ինքնակառավարման հիերարխիայի մասին, այլեւ չեն հրապարակում դաշնակցական մարզպետի անօրինականությունները։ Այս դեպքում մնում է միայն «Ազատությունը»՝ ամերիկյան փողերով ազգի ու պետության արժանապատվությունը նվաստացնող այդ ձայնափողը։

Երբ Դաշնակցության քվոտայով նշանակված Գեղարքունիքի մարզպետը շուրջ երկուսուկես ամիս արհամարհում էր Նորաբակ գյուղի բնակիչների կատարած ընտրությունն ու դատարանի՝ այդ ընտրությունը հաստատող վճիռը եւ ընտրված գյուղապետին չէր ներկայացնում համայնքին, ընկերներն ու ընկերուհիներն առանձնապես չէին անհանգստանում։

«Ազատությանը» չսիրելու նրանց պատճառները կարելի է թվարկել երկար, բայց ժամանակն է անցնելու խոսքի ազատության համար պայքարի մեթոդներին ու մարտավարությանը։ Այն, ինչ պիտի ասեմ, բարդ չէ եւ նյութական ծախսեր բոլորովին չի պահանջում։ Պետք է վերցնել թուղթ ու գրել հետեւյալ նախադասությունը. «Հայաստանում տեսակետներ արտահայտելու հավասար պայմաններ չկան։ Ազդեցիկ ԶԼՄ-ները վերահսկվում են իշխանությունների եւ առանձին կուսակցությունների կողմից։ Այս պայմաններում մենք հրաժարվում ենք մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին եւ մեր ընտրազանգվածին առաջարկում ենք քվեարկել իշխանության թեկնածուի օգտին՝ այդպիսով արագացնելով տոտալիտար համակարգի բնական փլուզման ընթացքը»։

Այս տեքստը կարող են ստորագրել բոլոր նրանք, ովքեր արդեն հայտարարել են թեկնածություն առաջադրելու մասին եւ ովքեր հավակնում են լինել թեկնածու՝ Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Արամ Կարապետյան, Արթուր Բաղդասարյան եւ այլք։ Սա այն առանցքն է, որի շուրջ կարող են համախմբվել բոլորը՝ մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները։

Խոսքը ոչ թե ընտրությունների ընթացքում արտահայտվելու ազատ հնարավորության մասին է, այլ՝ առհասարակ։ Հայաստանում ազատ խոսքի միջավայր չունենալու դեպքում ամենալավ քարոզարշավն անգամ դատապարտված է ձախողման։

Եթե քաղաքական գործիչները չհամախմբվեն այս առանցքի շուրջ, ուրեմն նրանք ընդունում են խաղի՝ իշխանությունների սահմանած կանոնները, եւ թող ուրեմն չզարմանան, երբ գալիք գարնանը միջազգային դիտորդները նախագահական ընտրությունները որակեն լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ։ Նրանք որոշումները կայացնում են հասարակության տրամադրությունների եւ դրսեւորած կամքի ֆոնի վրա, իսկ այդ կամքն առայժմ Դաշնակցության ճռռացրած ազգային ու պետական արժանապատվությունն է։