Սփյուռքը եւ սառը պատերազմը

15/07/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մի քանի օր առաջ Հայաստանում զբոսաշրջությունը կտրուկ աճեց։ Արտասահմանյան 25 երկրներից մոտ 250 հայ երիտասարդներ էին ժամանել Երեւան՝ մասնակցելու Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովին։ Կազմակերպիչն էլ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ավելի պարզ՝ Ռուսաստանի հայերի միության) նախագահ Արա Աբրահամյանն էր։ Մարդը շատ լավ գործ է արել։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներն իրար հետ ծանոթացան, շփվեցին, քննարկեցին 21-րդ դարի մարտահրավերները, գնացին Ծիծեռնակաբերդ, Գառնի-Գեղարդ… Մի խոսքով՝ լավ էր։

Խորհրդաժողովը նույնիսկ կարգախոս ուներ։ Այն հնչում էր մոտավորապես այսպես. «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»։ Այլ կերպ ասած, հայ երիտասարդները որոշել էին միասին լինել, որպեսզի ուժեղ լինեն։ Ընդհանրապես ուժը լավ բան է։ Բայց շատ ավելի կարեւոր է հասկանալը, թե կոնկրետ ինչ նպատակով պետք է օգտագործել այդ ուժը։ Օրինակ, փոքրիկ տղան շատ ճաշիկ է ուտում, որպեսզի ուժեղանա եւ հարեւանի չար տղային ծեծի, ծանրորդին ուժը պետք է ծանրաձողը բարձրացնելու համար, եւ այլն։ Իսկ ի՞նչ հարց պիտի լուծեն հայ երիտասարդները միավորվելուց եւ ուժեղանալուց հետո։ Ցավոք, այս հարցը խորհրդաժողովում այդպես էլ կոնկրետ պատասխան չստացավ։ Ընդհանուր, ոչինչ չասող մտքեր, իհարկե, հնչեցին։ Օրինակ՝ դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին, ղարաբաղյան հարցում հայանպաստ քարոզչություն իրականացնել, իրենց ապրած երկրներում դառնալ հայ ժողովրդի ազգային շահերի դեսպանները, եւ այդպես շարունակ։

Բայց մի՛ շտապեք թերագնահատել աշխարհասփյուռ հայ երիտասարդության եւ նրանց հայաստանցի հասակակիցների գործնականությունը։ Եղան նաեւ խիստ կոնկրետ առաջարկներ այն մասին, թե ինչպես պետք է դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին եւ պահպանել մեր ազգային ինքնությունը։ Օրինակ, «սեկցիաներից» մեկում առաջարկներ էին հնչում անհաշտ պայքար մղել գլոբալիզացիայի դեմ, ու դրա «շրջանակներում», որպես առաջին քայլ, Հայաստանում արգելել «Կոկա-կոլան», կարտոֆիլի չիպսը եւ ամերիկյան ֆիլմերը։ Մենք, իհարկե, հասկանում ենք, թե մեր ազգային ինքնության համար ինչ ահավոր վտանգ է ներկայացնում չիպսը, եւ ինչպես է «Կոկա-կոլան» ձեւախեղում բիբլիական մեր ազգի գենետիկ կոդը, բայց ամեն դեպքում՝ տարօրինակ է, երբ, ասենք, Օրենբուրգից կամ Բեյրութից մի երիտասարդ իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ինչ պիտի ուտեն կամ ինչ ֆիլմեր պիտի նայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Թեեւ, մյուս կողմից էլ, ամերիկյան արտադրանքի դեմ այս խաչակրաց արշավանքի պատճառները հասկանալի են։ Արա Աբրահամյանին չի հաջողվել Համաշխարհային հայկական կոնգրեսի «շրջանակների մեջ ներառել» նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը։ Բացի այդ էլ, Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է (ընդ որում՝ ամենեւին էլ ոչ շարքային քաղաքացի), իսկ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այս պահին բավականին լարված հարաբերություններ են։ Պարզ ասած, այդ երկրների միջեւ գլոբալ դիմակայությունը շարունակվում է, եւ գնալով ամեն ամեն ինչ ավելի ու ավելի է հիշեցնում «սառը պատերազմի» տարիները։

Հարց է ծագում. իսկ ի՞նչ պարտադիր է, որ հայկական սփյուռքը նույնպես ներքաշվի այդ գլոբալ դիմակայության մեջ եւ երկու մասի բաժանվի։ Ինչո՞ւ պիտի հայկական սփյուռքի մի մասն անպայման ռուսամետ լինի, մյուս մասն՝ արեւմտամետ։ Մենք հասկանում ենք, որ եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Արեւմուտքում հայկական գաղթօջախների առանցքային դեմքերը խոշոր գործարարներ են. այս կամ այն կերպ կախվածության մեջ են տվյալ երկրների իշխանություններից եւ իրենց «ազգապահպան» գործողությունները պիտի համաձայնեցնեն այդ երկրների քաղաքականության հետ։ Բայց մի՞թե հայկական սփյուռքը գլոբալ դիմակայությունից զերծ պահելու ոչ մի հնարավորություն չկա։

Տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Դրա համար ընդամենը մի բան է պետք՝ որպեսզի Հայաստանը, որպես պետություն, հստակ ունենա իր պետական շահերը եւ առաջնորդվի բացառապես այդ շահերով։ Դա սփյուռքին հնարավորություն կտա համախմբվել այդ շահերի շուրջ՝ հստակ գիտակցելով, թե կոնկրետ ինչ պետք է անել եւ կոնկրետ ինչի համար։ Բայց քանի որ այս պահին «Հայաստանի պետական շահ» հասկացությունն ընդհանրապես դուրս է մղվել քաղաքական բառապաշարից, եւ դրա փոխարեն օգտագործվում է «հայ ժողովրդի ազգային շահ» անորոշ ձեւակերպումը, սփյուռքը մեծ հաշվով շվարած է ու անելիքը չի գտնում։ Դրա համար էլ մի քանիսն առաջարկում են արգելել «Կոկա-կոլան», հետո ուրիշ մի քանիսը կառաջարկեն արգելել ռուսական սերիալներն ու «վոդկան», եւ այդպես շարունակ։ Թե այդ ամենի արդյունքում որքանով կշահի Հայաստանը՝ հայտնի չէ։

Կարեւորը՝ որ լինենք միասին եւ ուժեղ։