Միայն կողոպուտ, Շուրա

15/07/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր հասարակությունը նորից տեղեկացված է: ՀՀ ԿԲ նախագահը հերթական հարցազրույցում նորից արձանագրել է, որ «ազգային դրամի արժեւորումը շարունակվելու է»: Բացատրությունը նորից նույնն է՝ «ֆինանսական նշանակալի հոսքերը, մասնավորապես՝ օտարերկրյա տրանսֆերները եւ առնվազն տասը տոկոսանոց տնտեսական աճը»: Ահա, հենց սրանք են նպաստում ազգային արժույթի ամրապնդմանը: Նպաստում են՝ բոլոր պաշտոնական բացատրություններում: ԿԲ նախագահն այս մոտեցումներով վաղուց արդեն ինքնատիպ չէ: Հասարակությանն ու ոչ պաշտոնյա մասնագետներին դրամի արժեւորումը վաղուց արդեն չի զարմացնում: Նրանց ընդամենը մի հարց է հետաքրքրում՝ մինչեւ ե՞րբ: 2003 թ. սկսված դրամի արժեւորումն արդեն բավական լուրջ ու նույնքան բացասական հետեւանքներ է թողել: Հայ ու օտար մասնագետներից շատերի կարծիքով՝ այս գործընթացն արդեն հնարավորինս այլափոխել է մեր սյուրռեալիստական տնտեսությունը: Արժեւորվող դրամը 2005թ. դեկտեմբերից «կոտրեց» մեկ դոլարի դիմաց 500 դրամի սահմանագիծը: 400 դրամի բնագիծը «հաղթահարվեց» 2006-ի օգոստոսին: Այն պահին, երբ ԿԲ նախագահն իր հարցազրույցն էր տալիս՝ ազգային դրամը հաղթահարում էր 440 դրամի սահմանագիծը: Հայ ոչ պաշտոնական տնտեսագիտական միտքը հասարակական պատվեր կատարելով՝ վաղուց փորձում է հոդաբաշխ բացատրություն գտնել այս ամենի համար: Իզուր: Առայժմ հիմնավոր որեւէ միտք չի հնչել: Զուտ այս պատճառով ես կհանդգնեմ հրապարակել մի բացատրություն: Չեմ թաքցնի, դա ես չեմ հորինել: Այս բացատրությունն իր հիմքում տնտեսագիտորեն նույնքան հիմնավորված է, որքան մեր տնտեսությունն՝ ինքնին: Այսինքն, դասական կամ գիտական իմաստով տնտեսագիտական հիմնավորում չունի: Խոսքը զուտ ամբիցիաների մասին է: Ամբիցիաների, այսինքն՝ պարզ մարդկային թուլությունների մասին: Նախ՝ սկսենք պաշտոնական վիճակագրության դիտարկումից: 1998-1999թթ. Համախառն ներքին արդյունքը կազմում էր տարեկան կտրվածքով 2 մլրդ դոլարից մի փոքր պակաս: Այս տարիներին պաշտոնական վիճակագրությունն իհարկե ՀՆԱ-ն հաշվարկում էր նաեւ մեկ շնչի հաշվով: Որեւէ երկրի տնտեսության գնահատման համար դա լուրջ ցուցանիշ է: Բայց մեր պարագային այն ոչ ոք լուրջ չէր ընդունում: Որովհետեւ մեր երկիրը պաշտոնապես մոտ 3 մլն 700-800 հազար բնակչություն ուներ: (3 մլն բնակչություն արձանագրող մարդահամարը դեռ առջեւում էր): Հետո մեր տնտեսությունը հանկարծ սկսեց աճել երկնիշ թվերով: Զուգահեռաբար աճում էր նաեւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշը՝ ՀՆԱ-ն: 1999-ի 987,4 մլրդ դրամանոց ՀՆԱ-ն վագրենավորի վարք դրսեւորելով՝ 2006-ին արդեն արձանագրելու էր 2665036,5 մլրդ դրամի ցուցանիշը: (Կարծում եմ, պաշտոնական վիճակագրությանը չվստահող ընթերցողից ներողություն խնդրելու ժամանակն է: Նաեւ այն պատճառով, որ դժվար է կողմնորոշվել այսքան բազմանիշ թվերի մեջ: Սակայն հավատարիմ մնալով ազգային դրամի գերակայության օրենսդրական պահանջին, հետայսու եւս, ստիպված ենք մեծ թվեր նշել): Պաշտոնական վիճակագրությունն ինքը, հարկավ, այս աճի ընթացքում երկար ժամանակ լուրջ չէր վերաբերվում այս մեծ թվերին: Բայց 2005-ից ինչ-որ բան փոխվեց: Այդ տարվա տնտեսական ցուցանիշների ամփոփման մեջ ՀՆԱ-ն հատուկ տողով սկսեց նշվել մեկ շնչի չափաբաժնով տարադրամով: Այդ տարի հրապարակվեց ՀՆԱ-ի մեկ շնչի 1513 դոլար չափաբաժինը: Հիշեցնենք, որ մարդահամարն արդեն կայացել էր, եւ երկրի բնակչության թվաքանակը «բեռնաթափվել» էր մոտ 750 հազար մարդով: Ու եթե հաշվի առնենք, որ մեր տնտեսական վագրը շարունակում էր երկնիշ ցատկոտել, հաջորդ ցուցանիշը դժվար չէ պատկերացնելը: 2006թ. ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հայտարարվեց 1989 դոլար: Պաշտոնական վիճակագրությունն այս թիվը հրապարակեց ՀՆԱ-ի փոխարժեքը առաջին անգամ նաեւ եվրոյով նշելով` 1587 եվրո: (Հավանաբար հաշվի էր առնվել մեր ֆինանսական իշխանությունների, հատկապես՝ ԿԲ-ի հակադոլարային կեցվածքը): Արդեն հայտնի է, որ 2007-ի համար եւս պաշտոնապես պատվիրված է երկնիշ աճ: Այսինքն, եթե անցած տարի ՀՆԱ-ն կազմել էր 2665036,5 մլրդ դրամ, երկնիշ աճելով այն կազմելու է մոտ 3000000 մլրդ դրամը գերազանցող թիվ: «Ի՞նչ մեծ ու աբսուրդ թիվ է սա»,- կհարցնեք: Ու ես ստիպված օրենք խախտելուն մոտ արարք գործելով՝ կասեմ՝ դա հեռահար նպատակ ունի: Այդ մեծ թիվն իր մեջ ամբիցիոզ խորհուրդ ունի: Հիշո՞ւմ եք, ԿԲ նախագահը արձանագրեց, որ անցած 3,5 տարում դրամը դոլարի նկատմամբ արժեւորվեց 50 տոկոսի չափով, եւ այս գործընթացը շարունակվելու է: Այժմ կարծում եմ՝ ժամանակն է ներկայացնելու այն ոչ տնտեսագիտական պատճառը, որը շատ մասնագետների կարծիքով՝ պայմանավորում է արժեւորումը: Ավելին, անգամ բացատրում է, թե որքան է արժեւորվելու դրամը տեսանելի ու մոտ ապագայում: Եթե այս տարվա վերջին մեկ դոլարն արժենա 300 դրամ կամ մի փոքր պակաս, չզարմանաք: Այդ փոխարժեքի պարագային մեր տնտեսությունը բավական հետաքրքիր ցուցանիշ կարձանագրի: ՀՆԱ-ի այն բազմանիշ թիվը հնարավոր կլինի արտահայտել շատ «կոմպակտ» դոլարային համարժեքով: Կպարզվի, որ մեր իշխանությունների հմուտ ղեկավարության շնորհիվ ՀՆԱ-ն հասել է 10 մլրդ դոլարի սահմանագծին: Երեք ու մի քիչ աճած միլիոն բնակչության պարագային, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն էլ կգերազանցի 3 հազար դոլարի ցուցանիշը: Պատկերացնո՞ւմ եք, ինչ փառահեղ ճառ կարտասանի ՀՀ նախագահ Ռորերտ Քոչարյանը պաշտոնավարման ավարտին: Իր իշխանության գալու պահին երկու մլրդ դոլար ՀՆԱ ունեցող երկիրը նա հաջորդ նախագահին կթողնի հինգ անգամ մեծացրած: Կհայտարարի, որ 10 տարում տնտեսությունն ընդլայնել է 5 անգամ: Պաշտոնյա տնտեսագետները եւս կձայնակցեն նրան: Ո՞ւմ է հետաքրքրում տնտեսության իրական վիճակը, ո՞ւմ է հետաքրքրում տնտեսության իրական հատվածը. այս հարցերն այլեւս կարեւոր չեն: Կարեւորը պաշտոնական վիճակագրությունն է՝ իր հնգակի աճով: Ցուցանիշ, որով հպարտանալու հնարավորություն կստեղծվի, եթե դոլարի փոխարժեքը մոտենա 300-ի սահմանագծին եւ ավելի նվազի: Թվաբանության տեսանկյունից տնտեսությունն իրավ վագրավայել կմռնչա: Այսինքն՝ կաճի: Թղթի վրա, իհարկե: Ընդունեք, որ սա դրամի արժեւորման շատ ինքնատիպ ու նույնքան սրամիտ բացատրություն է: Ափսոս, որ ես չեմ հեղինակը: Բացատրության հեղինակն, իհարկե: