«Այսպես շարունակվելու դեպքում ողջ տնտեսությունը կպայթի»,- ասում է Հայաստանի ադամանդ մշակող ամենախոշոր գործարանի` «Շողակնի» տնօրենը

15/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստանում ադամանդագործության ծավալը կտրուկ նվազում է: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցվել է 50 %-ի անկում: Տնտեսության այս ճյուղը մեր երկրում անկում է գրանցում արդեն 4 տարի՝ սկսած 2004 թվականից, սակայն այս տարվա անկման ցուցանիշն աննախադեպ է:

2004թ. եւ 2005թ այս ոլորտում գրանցվել է 15-ական %-ի անկում, իսկ 2006թ. այդ ցուցանիշը կազմել է 25 %: Ադամանդագործության ծավալների կրճատումը թե՛ անցած տարիներին, եւ թե՛ այս տարի ունի կոնկրետ պատճառներ: Դրանցից առաջինը 2002թ. Ռուսաստանում ալմաստի գների ազատականացումն էր: Մինչ այդ Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանագիր ուներ որոշակի քանակությամբ արտոնյալ գներով ալմաստի հումք ստանալու վերաբերյալ: 2002թ. նոյեմբերին Վլադիմիր Պուտինը մի հրամանագիր ստորագրեց, որով ալմաստի ներկրման, արտահանման եւ ընդհանրապես այդ ոլորտի գործունեության շատ պայմաններ փոխվեցին, եւ տվյալ բնագավառը ազատականացվեց: Իսկ մինչ այդ համաձայնագրերով մատակարարվող հումքի գները հավասարվեցին շուկայական գներին, այսինքն՝ բարձրացվեցին: Նախկինում ՌԴ-ն Հայաստանին ալմաստ էր տրամադրում ներքին եւ արտաքին շուկաների միջինացված գնով: Իհարկե, Պուտինի հրամանագիրը 8-10 ամիս հետո նոր սկսեց գործողության մեջ դրվել, եւ այդ ընթացքում մեր վերամշակող ընկերություններն օգտվեցին իրենց արտոնյալ պայմաններից, սակայն 2004թ. այդ փոփոխությունների հետեւանքները միանգամից նկատելի դարձան Հայաստանի ադամանդագործության համար: 2005թ. Ռուսաստանից շատ քիչ քանակությամբ է ալմաստ ներկրվել, իսկ 2006-ին ոչ մի կարատ չի ներմուծվել: Ստորեւ ներկայացված աղյուսակում երեւում է, թե ադամանդագործությունը Հայաստանում անցած 11 տարիներին մշակման ինչ ծավալներ է ունեցել (ցուցանիշները ներկայացված են դրամական արտահայտությամբ), եւ հստակ նկատելի է, թե Ռուսաստանում կատարված փոփոխություններն ինչ ազդեցություն են թողել ոլորտի ետընթացի վրա: Մի խոսքով, կարելի է ասել, որ Հայաստանում ադամանդագործության ծավալների կրճատման հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանն է կամ այդ երկրում 2003թ. կատարված փոփոխությունները:

Իսկ այս տարվա ադամանդագործության ծավալների 50 %-ի անկումը, վերը նշվածից բացի, ունի նաեւ ներքին պատճառ՝ ադամանդ մշակող ամենամեծ գործարանը՝ «Շողակնը» 65 %-ով կրճատել է արտադրության ծավալները: Գործարանի ազգությամբ հրեա սեփականատերերը բացատրել են, որ բարձրացել է «Շողակնի» արտադրանքի ինքնարժեքը, եւ Հայաստանի ադամանդագործության հսկան այլեւս ցանկալի շահույթ չի ապահովում: Անցած տարիներին «Շողակնը» մոտ 25 %-ով կրճատել էր բանվորների աշխատավարձերը: Գործարանի ղեկավարները դա պատճառաբանում էին դոլարի արժեզրկմամբ. բանվորներն իրենց աշխատավարձը դրամով էին ստանում, ինչը դոլարային արտահայտությամբ բարձրացել էր: Եվ ղեկավարները որոշել էին դոլարի արժեզրկման վնասները կրճատել ադամանդ մշակողների աշխատավարձերի հաշվին: Ճիշտ է, բանվորները բողոքի ակցիաներ, գործադուլներ արեցին, սակայն ի վերջո համակերպվեցին եւ շարունակեցին աշխատել: Հետագայում «Շողակնը» դոլարի արժեզրկման պատճառով ստիպված եղավ կրճատել արտադրության ծավալները, հետո՝ նաեւ աշխատատեղերը: Իսկ հիմա արդեն 3 շաբաթ է՝ գործարանը չի աշխատում: Գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանի ասելով՝ 2004թ. 1700 աշխատատեղերի փոխարեն այժմ մնացել է ընդամենը 400-ը:

«Էլեկտրաէներգիայի, հեռախոսի, ջրի, աշխատավարձի եւ մյուս բոլոր վճարումները կատարում ենք դրամով,- ասում է Ս.Գասպարյանը: -Եթե առաջ 1 մլն դոլարի դիմաց ստանում էինք 580 մլն դրամ, ապա հիմա ստանում ենք 336 մլն: 244 մլն դրամ արդեն կորցրել ենք, սակայն վերը նշված ծախսերը մնացել են նույնը: Եթե առաջ 1 կվտ հոսանքի համար վճարում էինք 4 ցենտ, հիմա վճարում ենք 7 ցենտ: Նույն հաշվարկն է նաեւ մյուս վճարումների եւ աշխատավարձերի դեպքում: Հաշվարկը դոլարով եմ կատարում, որովհետեւ մեր մուտքերը դոլարով են: Մեր արտադրանքը ամբողջությամբ իրացվում է դրսում, եւ գործարանը դրամային մուտքեր ընդհանրապես չունի: Ես դեմ չեմ, թող դոլարի կուրսը իջնի, սակայն դրա հետ համապատասխան թող իջնեն նաեւ սպառողական բոլոր ապրանքների գները: Բայց Հայաստանում հակառակ երեւույթն է նկատվում: Բացի այդ, ես ուզում եմ իմանալ, թե ո՞րն է դոլարի արժեզրկման ներքին շեմը, որպեսզի կարողանամ պլանավորել մեր գործունեությունը: Դա էլ չի երեւում: Այսպես շարունակել հնարավոր չէ, ոչ միայն ադամանդագործությունը, այլ ողջ տնտեսությունը մի օր կպայթի»:

Դոլարի արժեզրկումից, «Շողակնից» բացի, տուժել են նաեւ ադամանդ մշակող մյուս գործարանները: Նրանցից շատերը նույնիսկ փակվել են: Իսկ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության՝ Ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանն էլ այն կարծիքին է, որ եթե այս տարիներին գործարանները բարձրացնեին իրենց արտադրության արդյունավետությունը, ապա նման չափերի անկումներ չէին ունենա:

«Մեր արտադրողները ինձ կարող են առարկել, թե մեզ մոտ արտադրության արդյունավետությունը բարձր է: Բայց ես վստահ չեմ, որ անցած տարիներին երբ վիճակը լավ էր, ամեն ինչ արեցին, որ արտադրությունը հագեցած լինի վերջին խոսքի տեխնոլոգիաներով,- ասում է պարոն Մկրտչյանը: -Կարող եմ ասել, որ չի արվել, եւ աշխարհում կան ընկերություններ, որոնք ավելի լավ են աշխատում: Մեր միայն «Լորի» ընկերությունն է տալիս բարձր որակի արտադրանք, եւ նրա արտադրությունը շարունակում է նույն տեմպով գնալ: Հիմա աշխարհում ադամանդագործության ոլորտում սուր մրցակցություն է: Իսկ մրցակցությունը նշանակում է բարձր որակ, ցածր գին, կամ նույն գինը, բայց ավելի բարձր որակ: Իսրայելը ժամանակին ուներ 10-15 հազար ադամանդ մշակող, հիմա ունի 700-800 բանվոր, սակայն շրջանառությունը չի պակասեցրել, հակառակը՝ ավելացրել է եւ համաշխարհային կենտրոն է դարձել: Հիմա Իսրայելը ոչ միայն տաշում է ավելի բարձր որակի քարեր, այլ կազմակերպում է Հնդկաստանի, Չինաստանի տաշած քարերի առեւտուրը: Սա այլ որակի աշխատանք է: Եթե դու ուզում ես մնալ ճյուղում եւ աշխատել, պետք է ունենաս արտադրողականության եւ արդյունավետության բարձրացում, վերաորակավորում»:

Իհարկե, Հայաստանում ադամանդագործության անկումը կապված է նաեւ միջազգային այլ գործոնների հետ. ադամանդագործությունն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է: Առհասարակ ադամանդագործությունը շատ զգայուն ոլորտ է, եւ տնտեսական ցանկացած ճգնաժամ իր ազդեցությունն է թողնում այս ճյուղի վրա: Ոլորտն արտադրում է երկրորդ հերթի սպառման ապրանքներ: Մարդիկ նախ առաջնահերթ սպառման ապրանքների պահանջարկն են բավարարում, հետո նոր մտածում են պերճանքի առարկաների մասին: Այնպես որ, էներգետիկ ճգնաժամերից սկսած՝ մինչեւ ամենատարբեր ապրանքների թանկացումն ադամանդագործության ոլորտում ցնցումներ են առաջացնում: Իսկ Գագիկ Մկրտչյանը հույս է հայտնում, որ այս տարեվերջից Հայաստանի ադամանդագործությունը նորից կսկսի աճել: Նախ՝ ոլորտում համաշխարհային ճգնաժամն է սկսել հաղթահարվել, բացի այդ, մեր երկիրը նորից է փորձում Ռուսաստանի հետ համագործակցելու եզրեր գտնել՝ հումք ներկրել, այստեղ վերամշակել եւ իրացնել նորից Ռուսաստանի ոսկու գործարանների շրջանում: Եվ, որ ամենակարեւորն է` Հայաստանը դեռ շարունակում է մնալ աշխարհի ադամանդագործության քարտեզի վրա. հայերը հմտացել են ադամանդ տաշելու մեջ: