Քաղաքական շրջանակները պատրաստվում են ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններին: Թեկնածուների փունջն արդեն հայտնի է, նրանց թիվը մինչեւ ընտրությունների վերջին ամիսը կհասնի մեկ տասնյակի: Իսկ ի՞նչ են մտածում տաքսու վարորդները, ՀՀ նախագահի թեկնածուներից ո՞ւմ են նրանք նախընտրում:
«Ոնց որ արտի տրակտորիստներ լինեն»
Վարորդ Հրաչը թեեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժողովրդական» կուսակցության վրա խաչ է քաշել, այդուհանդերձ նախագահական ընտրություններին իր ձայնը տալու է Տիգրան Կարապետիչին. «Որովհետեւ ինքն ուրիշների պես ժողովրդից երես չթեքեց: Ինքն ապացուցեց, որ ինչ էլ լինի՝ ինքը մեր հետ ա, եւ ընդհանրապես Կարապետովիչը ինձ շատ զարմացրեց: Ես մտածում էի, որ ինքը էդքան որ խոսում էր վեհ գաղափարներից` էդ ամեն ինչը կուտ ա, մարդկանց ուզում ա գրավի: Հիմա հասկացա, որ էդ մտածելակերպի կրողն ա ինքը, որովհետեւ կարար, չէ՞, ասենք, Արտաշես Գեղամյանի նման նեղացած երեխու պես թաքնվել: Մենակ Գեղամյա՞նն ա, բա Դեմիրճյա՞նը, բա Արամ Սարգսյանն ու էն կոմունիստնե՞րը: Բոլորը կորան, որովհետեւ էլ ժողովրդից սպասելիք չունեն: Հես ա նախագահական ընտրություններից մի 2 ամիս առաջ էլի կսկսեն մարդկանց գլուխները շոյել, ցույց տալ, իբր թե փրկիչ են: Մեր բախտը բերեց, որ իրանց դիմակները պատռվեցին, լավ էլ հասկացանք, որ իրանց շահի համար էին գյուղացիների հետ գրկախառնվում»,- զայրացած ասում է վարորդ Հրաչն ու վստահեցնում է, որ Հայաստանի նախագահի աթոռը սպասում է Տիգրան Կարապետովիչին: «Մեզ պետք ա, որ անաչառ մարդ նստի նախագահ, պետք ա, որ մարդը նախ եւ առաջ ինքն իրա հոգու մասին մտածի, որ կարողանա ուրիշներին էլ հասնի: Երբ նայում եմ Կարապետովիչի հաղորդումները` զգում եմ, որ էդ մարդը քաղաքականությամբ զբաղվում ա, բայց ամեն ինչ անում ա, որ իրա մարդկայինը մաքուր պահի: Մենք իրան շատ ենք քննադատել ու վարկաբեկել, ես էլ եմ հարյուր ձեւի խոսք ասել, բայց ինքը արժանի մարդ ա, որովհետեւ կարար թքեր, ասեր` դուք էլ, ձեր քաղաքականությունն էլ, ձեր երկիրն էլ… Ինքը համ լավն ա ասում, համ էլ տեղն եկած տեղը քննադատում ա: Ինքը փողով ապահովված ա, ամեն ինչ էլ ունի, կարար գլուխը կախ բիզնես աներ, չէ՞: Մի խոսքով, Կարապետիչի համար դաժե լավ էր, որ պատգամավոր չդառավ, որովհետեւ ինքը համ իրա մեջ շատ հարցականների պատասխանը ստացավ, համ էլ մենք սկսեցինք իրան լավ ճանաչել: Կարապետովիչը հասկացավ, որ շրջապատված ա անարժան մարդկանցով, որոնք մենակ պաշտոնի են ձգտում: Բա իրա կուսակցական ընկերները, ոնց որ արտի տրակտորիստներ լինեին… Ընդհանրապես ինքը շատ անարժան մարդկանց էր հավաքել, որովհետեւ նրանք Կարապետովիչի հեղինակությունը գցում էին թե՛ իրանց վարքով, թե՛ հագ ու կապով»,- ասում է Հրաչն ու ավելացնում, որ Ազգային ժողովի ընտրություններում ձախողվելուց հետո Տիգրան Կարապետյանը «երկու կոշիկներով մտել է աչքը»:
Ամենուր անբարոյականություն է տիրում
Վարորդ Սուրենը զայրացած ասում է. «Մեկ ա, ինչ նախագահ էլ գա` նույն անբարոյականությունը Հայաստանում շարունակվելու ա: Ես չեմ հարմարվում էս վարք ու բարքին, ես իմ երկրում ինձ վատ եմ զգում: 58 տարեկան մարդ եմ, բայց ինձ ճնշված ու նեղված եմ զգում, որովհետեւ բեսպրեդելը մեզ խեղդել ա, սենց չի կարա շարունակվի: Մենակ քաղաքականությունն ու դոլարի հեքիաթը չի, է՜: Ախր միացրեք հեռուստացույցն ու մի նորմալ բան գտեք: Էն օրն էն ռուսների երաժշտական ալիքն են միացրել ու ցույց են տալիս, թե մի ջահել աղջիկ ոնց ա գնում կրծքերը մեծացնելու: Մանրակրկիտ եթերով ցույց են տալիս կրծքերի նախկին չափը, տեսքը, թե ո՞նց ա բժիշկը խաղեր տալով շոշափում, ո՞նց են վիրահատում ու մեծացնում: Հետո էլ վիրահատությունից հետո մանրամասն ցույց են տալիս, թե ո՞նց են էդ աղջկա ընկեր-ընկերուհիները հիանում, շոշափում կրծքերը … Բա ամոթ չի՞: Մեր երեխեքին էս ի՞նչ զիբիլ են հրամցնում: Խի մենակ ռուսնե՞րն են, դուք հըլը հայերի վիճակը նայեք: Անբարոյականությունը մոդա ա դառել: Մարդն ինչքան անբարոյական ա, էդքան իրա հեղինակությունը բարձր ա: Նույնն էլ քաղաքականության մեջ ա: Ինչքան կրիմինալ ես` էնքան հեղինակությունդ բարձր ա: Հիմա սենց երթեւեկում ենք, ու դուք ուշադիր նայեք կանգառում կանգնած մարդկանց: Նայե՛ք, կանգառները ոնց որ սեքս-շոփեր լինեն: Էլ չեմ ասում, որ հիմա տղերքն էլ են բաց փորով հագնվում, իսկ աղջիկներն էնքան են բացվել, որ ցույց տալու բան չի մնացել, ստիպված մարմնի էրոտիկ մասերին նակոլկեք են անում, որ իրենց դրանցով նկատեն,- դառնացած պատմում է վարորդ Սուրենն ու վերադառնում մեր հարցադրմանը,- Նախագահ կդառնա էն մարդը, որն ավելի շատ ա անբարոյական, ասածս հիշեք: Հիմա հաղթանակ տանողները դրանք են: Բոլոր ոլորտների լիդերների կերպարներին նայե՛ք ու կհասկանաք: Իսկ ընդհանրապես ես ոչ մեկին էլ չեմ ընտրելու: Նախորդ ընտրություններին գնացել բոլորին ջնջել եմ, նույնն էլ հիմա եմ անելու: Էդ ընտրված նախագահը Հանրայինով նույն անբարոյականությունը թույլ չի՞ տալու: Հանրայինն, ասում են, նախագահի ալիքն ա, չէ՞: Հայաստանի մասին լավ պատկերացում կազմելու համար միացրեք Հանրային հեռուստատեսությունը ու շոկի մեջ ընկեք: Էն սերիալներն էլ իրանց ժամերը սպանելու ամենաձեռնտու բանն են, սաղ եթերը սերիալ ա: Նիկոլ Փաշինյանը ճիշտ ա ասում, որ էս ժողովրդին դոդացնում են: Դոդացնում են մի ուրիշ ձեւի: Մեր կնանիքին սարքել են սերիալի գերի: Էդ շատ խորամանկ քաղաքականություն ա, ասեմ ձեզ: Ճիշտ ա, մենք լուրջ չենք վերաբերվում էդ ամեն ինչին, բայց դա շատ վտանգավոր երեւույթ ա: Իրոք, մեր կնանիքին դոդացնում են, իսկ, եթե հաշվի առնենք, որ կինը տան սյունն ա, ուրեմն մեր տները քանդում են: Մեր տան սյունը որ դոդացավ, ուրեմն` էլ ընտանիք գոյություն չունի,- բարկացած, գրեթե բղավելով ասում է Սուրենն ու լրջորեն հայտարարում,- Հայ տղամարդիկ չեն էլ հասկանում, որ իրանց կնանիք դոդանում են, որովհետեւ տղամարդիկ էնքան գործազուրկ մնացին, որ ձայնազուրկ դարձան իրենց ընտանիքներում: Մեր երկրում դերերը փոխվել են` կնանիք հրամայում են, տղամարդիկ գլուխները կախ ենթարկվում են: Ավելի ճիշտ չի՞ մեր նախագահը կին լինի»:
Մարդահամարի թվերը սո՞ւտ են
Վարորդ Մանուկն իր կարծիքը հայտնում է ոչ թե որպես շարքային վարորդ, այլ որպես տնտեսագետ. «Ես էս մի ամիս է, ինչ մեքենա եմ քշում, կյանքիս մեջ վարորդի աշխատանք չեմ կատարել: Նախկինում աշխատել եմ Վիճակագրության պետական ծառայությունում, դրա հետ մեկտեղ՝ ունեցել եմ անձնական բիզնես: Ընդհանրապես ես շատ անտարբեր եմ ընտրությունների հարցում, որովհետեւ մարդիկ չեն ընտրվում` նշանակվում են: Ինչպես պատգամավորները նշանակվեցին, այնպես էլ նախագահն է նշանակովի լինելու: Մեր ընտրելու պահն էստեղ ձեւական բնույթ է կրում: Ես արժանի թեկնածու չեմ տեսնում, ճիշտ է, 20-ից ավելի թեկնածուներ կան, բայց նրանց միջից նախապատվությունը տալիս եմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեր երկրում սուտը շատ է, հասկանո՞ւմ եք, դրա համար էլ մարդը հիասթափվում, անտարբեր է դառնում: Օրինակ, երբ ես Վիճծառայությունում էի աշխատում, մասնակցում էի 1985թ. մարդահամարի աշխատանքներին: 1985թ. տվյալներով Հայաստանում ապրում էր երեք ու կես միլիոն մարդ: Երբ հրապարակեցին 2002թ. մարդահամարի տվյալները, ես ապշեցի, որովհետեւ ազգաբնակչության տվյալները չէր փոխվել` նորից երեք ու կես էին գրանցել: Դե՛, պատկերացրեք, էս արտագաղթի պայմաններում ազգաբնակչության թիվն անփոփո՞խ է: Էլ ո՞նց հավատաս էս երկրում կատարվող իրադարձություններին: Թղթի մի երեսին մի բան են գրում, մյուսին` բոլորովին այլ բան: Հայաստանից օրական քանի՞ մարդ է հեռանում,- հարցնում է Մանուկն ու նյարդայնանում է մեքենա վարելու ընթացքում իր բջջային հեռախոսի զանգերից,- «Ա՛յ մարդ, էս ի՞նչ ա ուզում ինձնից, է: Իմ բախտը միշտ չի բերում, հա: Մի ընկեր ունեմ, որ տարիներով ինձ չի հիշի, բայց հենց խմում ա, անմիջապես զանգում, ուզում է հանդիպել: Թարսի նման էս վերջերս երկու օրը մեկ հարբած վիճակում է»,- ասում է Մանուկն ու ծիծաղելով պատասխանում զանգերին: «Բայց դուք չկարծեք, թե ես վարորդ եմ, էս ուղղակի իմ մեքենան է, քշում եմ, որ պարապ չմնամ: Ներկա դրությամբ էլեկտրացանցում աշխատում եմ, բայց, քանի որ պարապություն չեմ սիրում, դրա համար էլ զբաղվում եմ: Էլեկտրացանցում գործերս կարգավորում եմ ու անցնում եմ էս գործին: Ընդհանրապես որպես տնտեսագետ՝ ես շատ բան կարող էի ասել լիկվիդացված գործարանների մասին: Շատ գաղտնիքների եմ տիրապետում, բայց չարժե գլխացավանքի մեջ մտնել, պարզապես, երբ հասկանում ես, թե ո՞նց են ավերել հսկայական գործարանները, սիրտդ ցավում է»,- ասում է Մանուկը:
«Դրանք համախմբվողը չեն»
«Լավ կլիներ, որ էս քաղաքի երթեւեկությունից խոսայինք, աղջիկ ջան, թե չէ` քաղաքականությունը շատերի զբաղմունքն ա դառել: Լուրջ հարցերով ոչ ոք չի ուզում զբաղվի, մի քանի տարուց` քաղաքում շարժվել չի լինելու»,- մեր հարցին ի պատասխան՝ նկատում է 49-ամյա վարորդ Սեդրակը: Հետո, թե` «Մեկ-մեկ, կլիենտի պատվերին սպասելիս, «1+1»-ի միտինգներին մասնակցում եմ, կողքից լսում եմ: Մտածում եմ` էդ ընդդիմությունն ի՞նչ ա անելու: Նրանցից մարդ կա, որ Սովետի ժամանակներից հայտնի կաշառակեր ա, մարդ կա` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կարեւոր պաշտոն ա ունեցել: Նենց տպավորություն ա` հիմա դրանց փողերը պրծել ա, ուզում են նորից իշխանության գան: Էդքան բան: Դրա համար էլ ես էս իշխանությունների թեկնածուին եմ ձենս տալու, այսինքն` Սերժ Սարգսյանին: Բա ո՞ւմ ընտրեմ, Արամ Կարապետյանի՞ն, թե՞ Արամ Սարգսյաններին, թե՞ Ստեփան Դեմիրճյանին, Կարապետովիչին կամ թե էն Արթուր Բաղդասարյանին: Իշխանության մեջ են լինում` բան չեն անում, մենակ իրանց ստամոքսի ու գրպանի մասին են մտածում, օպոզիցիա են լինում` մի գլուխ բողոքում ու բողոքում են, մի լուրջ մարդ չկա: Էդ միտինգներից էլ ենք հոգնել, ելույթներից էլ: Ես չեմ ասում` մեր կյանքը շոկոլադ ա, բայց լավ բաներ էլ են եղել էս տարիներին, չէ՞: Հո մենակ վատը չի՞: Հո մենակ էսօրվա իշխանությունները չե՞ն մեղավոր էս վիճակի համար: Պետք է ճշմարտության երկու երեսն էլ տեսնենք»:
Պատուհաններից ներս նայիր
Վարորդ Լեւոնը, երթեւեկելուն զուգահեռ, ուշադիր նայելով բնակելի շենքերին՝ ասում է. «Ես սիրում եմ երեկոյան, երբ մութ է լինում, նայել մարդկանց լուսամուտներին: Քեզ էլ խորհուրդ կտամ: Ա՛յ հիմա դրսում մութ ա ու բնակարանների լուսամուտներից պարզ երեւում են տները: Երբ որ ժողովուրդը էսօր լաց ա լինում, ես կատաղում եմ, որովհետեւ կան ապացույցներ, որ ժողովրդի կենսամակարդակը շատ ա լավացել: Էս էլ ձեզ ապացույց, նայեք լուսամուտներից ու տեսեք, թե ի՛նչ շքեղ պայմաններում են ապրում: Ես 35 տարվա վարորդ եմ, հիշում եմ` սրանից 10-15 տարի առաջ, երբ փողոցներով երթեւեկում էի ու նայում մարդկանց պատուհաններին, լացս գալիս էր: Էլ չեմ ասում, որ էն մութ տարիներին կամ լրիվ սեւ էր, կամ էլ, լավագույն դեպքում, մոմի լույս էր երեւում: Դրանից հետո, երբ լույսերի հարցը կարգավորվեց, դրսից տեսնում էի մենակ փեչից սեւացած պատեր, անտանելի աղքատ տներ: Պարաններից փռած շորերն էլ ոնց որ լագերում ապրող մարդկանց փալասներ լինեին: Հիմա, երբ նայում ես լուսամուտներից ներս` սպիտակ, կոկիկ, պատերին՝ նկարներ, ճոխ լյուստրաներ, վարագույրներ ես տեսնում: Զգում ես, որ հայ մարդը սկսել ա մարդավարի պայմաններում ապրել: Ներսի հարցերը լուծել, վերջացրել են` դաժե պատշգամբներում ծաղիկներ են աճեցնում: Կարող ա քո համար ծիծաղելի ա, աղջիկ ջան, իմ բերած օրինակը, բայց հավատա, որ, երբ ուշադիր ես լինում մարդկանց լուսամուտներից երեւացող տեսարաններին, ահագին եզրակացություններ ես անում: Խոսքս Երեւանի կենտրոնի մասին չի, ծայրամասերում էլ են մարդիկ սկսել քաղաքակիրթ ապրել: Էն սթրեսային տարիներին, երբ շենքերի ներքեւում կանգնում էի, որ ուղեւոր վերցնեի, լացուկոծ, վեճեր ու հայհոյանքներ էի լսում, զգում էի, որ մարդիկ ահավոր ներվային են, համատարած սթրեսային վիճակ էր: Նենց որ, չի կարելի առաջընթացը չնկատել: Էսօր, երբ ասում են, թե հարուստները հարստանում են, իսկ աղքատները՝ աղքատանում, ես չեմ ընդունում, որովհետեւ դա միշտ էլ եղել ա: Կոմունիստների օրոք էլ էր էդպես: Բանվոր դասակարգը միշտ էլ նույն վիճակում էր: Աղքատներն էլ չեն հարստանում, որովհետեւ աշխատասիրություն չունեն,- ասում է Լեւոնն ու կրկին մատնացույց անում բնակելի շենքերի լուսամուտները,- Եթե Քոչարյանը թեկնածությունը դներ` ես իրան կընտրեի, որովհետեւ մարդ պիտի մի քիչ էլ ազնիվ լինի ու կանգնի, ասի, որ Քոչարյանը մեր կյանքն ահագին լավացրել ա»:
Գեղամյանը կամ Վազգեն Մանուկյանը
«Իմ համար արդեն լրիվ պարզ ա, թե ով ա Րաֆֆի Հովհաննիսյանը. նա, սփյուռքահայ, ամերիկյան ժպիտով մարդ ա: Ուղղակի մեր մնացած քաղաքական գործիչներից շատ-շատերն էնքան անկուլտուրական են, որ Րաֆֆիի ամերիկյան ստիլը ժողովրդին սկսում ա դուր գալ: Էն Գեղամյանը, որի ձենից շատերը հոգնել են, ավելի լավ ա: Գեղամյանը գոնե մերն ա,- զայրացած ասում է վարորդ Գուրգենն ու ամփոփում է իր եզրահանգումները,- «Օրը կգա, բարին հետը, ժողովուրդը կհամոզվի, որ ես չնայած սովորական վարորդ եմ, բայց ճիշտն եմ ասում: Թող Գեղամյանը կամ հենց թեկուզ Վազգեն Մանուկյանը դառնա նախագահ: Ի՞նչ ա, չե՞ն կարա ամերիկյան ստիլով ժպտան, ձեռով բարեւեն անծանոթ մարդկանց…»: