Տիկին Էլմիրան արդեն 17 տարի ապրում է Էրեբունու համայնքի Վարդաշենի հանրակացարանում, ծանր պայմաններում: Նրա աղջիկը` Քրիստինան, անտեսելով իրենց ծանր վիճակը` 3 երեխա է լույս աշխարհ բերել: Այնքան անտարբեր է խոսում երեխաների մասին, կարծես խաղալիքների մասին խոսի: Փոխարենը տիկին Էլմիրան է նեղսրտում` ասելով, որ ոտքը վնասվել է, այլեւս չի կարողանում «քրջի» բազարում առեւտուր անել, դրա համար էլ փոքրիկները սովի են մատնվում:
Մեկ տարեկան փոքրիկ Ելենայի ոտքերն ու ձեռքերն աննկարագրելի բարակ են, երեխան շատ տկար է: «Շատ ա եղել, որ ուտելու բան չենք կարողացել ճարել: Ստիպված` օգնություն ստացած ալյուրը ջրով շաղախել-տվել ենք երեխեքին»,- ասում է Էլմիրան` վստահեցնելով, որ փոքրիկների համար ինքը միաժամանակ եւ՛ մայր է, եւ՛ տատիկ: Երկուսն էլ գործազուրկ են եւ ապրում են «Փարոսից» ստացած ամսական 23.500 դրամ նպաստով: Տիկին Էլմիրան ասում է, որ նախկինում «քրջի» բազարում հնամաշ իրեր վաճառելով՝ կարողանում էր գոնե հացի գումար վաստակել. «Ճղված, անորակ հագուստ, կաշվից կուրտկաներ էի էժան գնով առնում, որը դեն գցելու էր, բերում, մաքրում-լվանում-մշակում, աստառը փոխում էի ու տանում- վաճառում էի»,- պատմում է նա: Իր խոսքով՝ յուրաքանչյուր հագուստի մեջ 500-1000 դրամ գումար էր աշխատում: Տիկին Էլմիրան այս պահին չի կարող աշխատել, որովհետեւ ոտքը դանակով վնասել են: Ասում է` հարեւանուհին հոգեկան շեղում է ստացել, դրա համար էլ առանց պատճառի իրեն դանակով խփել է: Թեեւ Ոստիկանությունում դիմում-բողոք է ներկայացրել, այդուհանդերձ, ոչինչ չեն ձեռնարկել: «Երեկոյան քաղմասը տանում ա, իրիկունը` թողնում ա: Մի անգամ իրանից գարոխ եմ առել, անցել ա ահագին ժամանակ, եկել, ասում ա` գարոխը տուր, իմ երեխեն սոված ա մնացել, ու ա՛յ տենց սկսեց գժականով…: Մի անգամ էլ աղջկաս Էրեբունի թանգարանի մոտ բռնել, ծեծել-ջարդել էր: Մեզ ասում ա` իմ երեխեն սովից մեռնում ա, դուք պիտի ինձ օգնեք: Ես էլ ասում եմ` մեկը լինի մեզ օգնի: Իրան գժի տեղ դրած` մեզ վախի մեջ ա պահում: Ստեղ գժանոց ա, գժանոց, բոլորն իրար ուտում են»,- բարկացած ասում է տիկին Էլմիրան` ավելացնելով, որ թեեւ իրեն դանակահարած հարեւանուհին որոշ ժամանակ անց ներողություն է խնդրել իր այդ արարքի համար, սակայն, միեւնույն է`վախենում է եւ մշտապես դուռը ներսից կողպում է:
Յոթամյա Մելինեն եւ 4-ամյա Էդմոնը հաճախում են գիշերօթիկ դպրոց, որտեղ էլ հիմնականում սնվում են: Նրանք տուն են գալիս միայն շաբաթվա հանգստյան օրերին: Ամենափոքրը` Ելենան, թերաճ է, ինչը հավանաբար սննդի պակասության հետեւանք է: Մայրը` Քրիստինան, հղիության ժամանակ ընկել, ոտքը կոտրել է: Ծննդաբերելուց հետո երեխային մանկատուն են տվել: «Ծննդաբերեցի, 40 օր տանը պահեցինք, հետո տվեցինք մանկատուն, չէինք կարողանում պահել: Էրեբունու թաղապետարանի միջամտությամբ երեխան միառժամանակ մնացել է Նորքի մանկատանը: «Հետո գնացել-ուզում էի երեխային հետ վերցնել, սակայն չէին ուզում տալ: Ասում են` 2 հատ ունեք, էս երրորդն ի՞նչ եք անում: Ասեցի` տանում եմ: Ինչքան էլ ծայրահեղ վիճակում ապրենք` մեկ ա, ես երեխա չեմ տա մանկատանը»,- պատմում է տիկին Էլմիրան` նշելով, որ փոքրիկը հիմնականում սնվում է օգնություն ստացած արհեստական կերով: Նա դժգոհում է պոլիկլինիկայի բժիշկների վերաբերմունքից. «Մի հատ դիֆթերիա կամ պոլիվին չեն արել: Տանում ես` սկի վրեդ չեն էլ նայում: Մի անգամ ջղայնացա, ասում եմ` քարտը տվեք, տանեմ ուրիշ պոլիկլինիկայում երեխային ստուգեմ, մեկ ա, դուք ոչինչ չեք անում: Չտվեցին, բայց երեխան չի աճում, պրոբլեմ ունի: Ա՛յ սենց, որ տեսնում են անտեր-անտիրական ենք` վրաներս չեն էլ նայում»,- զայրացած ասում է 52-ամյա կինը` պատմելով, որ Քրիստինան ամուսնության հարցում դժբախտացել է, որովհետեւ ամուսինը հանցագործություն կատարելու հակումներ ուներ: «Նստած ա, եթե տարվա մեջ 2 ամիս կողքն ա եղել, փորը լցրել, գնացել ա, էլ ի՞նչ ամուսին: Ամուսին չկա, ես կպահեմ երեխեքին, թող դրանից հեռու մնա, թե չէ` գողություն, գողություն, գողություն…»,- սառնասրտորեն ասում է տիկին Էլմիրան: Քրիստինային հարցնում եմ` «Եթե ամուսինդ բանտից դուրս գա՝ կընդունե՞ս նրան»: Ուսերն է թափ տալիս, իսկ նրա փոխարեն՝ տիկին Էլմիրան զայրանում է. «Չէ՛ հա, ի՞նչ ընդունել… Կարող ա՞ երեխեքի կալեկցիա ենք հավաքում: Եթե հելնում ա ու նորից գողություն ա անում, նրան ի՞նչ ընդունես»: Քրիստինան արհամարհելով մոր կարծիքը՝ ժամանակին փախել է ամուսնու հետ, դրա համար էլ այժմ հնազանդվում է մոր որոշումներին: «Բա արժե՞, որ էս ընտիր երեխեքը նման հայր ունենան, շատ լավն են ախր»,- ասում է նա ու ամուր գրկում փոքրիկին: Փոքրիկ Ելենան ասես Էլմիրայի երեխան լինի, քանի որ անընդհատ իրեն գցում է նրա գիրկը, իսկ Քրիստինան ամեն ինչ անում է` ցույց տալու համար, որ երեխաների մայրն ինքն է:
Տիկին Էլմիրայենց սենյակի անտանելի պայմաններին նայելիս աչքովս են ընկնում անկյունում դրված, խնամքով դասավորված գրքերը: Հարցնում եմ` «Ձե՞ր գրադարանն է»: «Հա՛,- ասում է,- ինչքան էլ վատ վիճակում, սոված լինենք, ձեռքս չի բռնի գիրք վաճառեմ: Էն սոված ժամանակ սպիտակեղենս, շուշեղենս, շորեղենս, աթոռներս հանել-վաճառել եմ, բայց գրքերին մատով չեմ կպել: Ես գիրք շատ եմ սիրում, էս գրադարանն իմ հարստությունն ա»: