Ո՞ւմ պարտականությունն է փողոցները մաքրելը

15/07/2007 Վիկտորյա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

ՀՀ ԱԺ ընտրությունները վաղուց ավարտվել են, բայց հանրապետությունում, մասնավորապես` Երեւանում, որոշ փողոցների շենքերի վրա դեռ շարունակում են փակցված մնալ նախընտրական պաստառները։

ՀՀ Ընտրական օրենսգրքում նախընտրական պաստառների կապակցությամբ ասվում է. «Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը» (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 21.4)։ Ապա, թե` «Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկող թեկնածուների եւ կուսակցությունների քարոզչական պաստառները անհապաղ վերացվեն» (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 21.5)։ «Կուսակցությունները եւ թեկնածուները իրավունք ունեն հավասար հիմունքներով, անարգել հրապարակել եւ տարածել պաստառներ, թերթիկներ եւ քարոզչական այլ տպագիր նյութեր» (ՀՀ Ընտր. օրենս. 21.1)։

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանից տեղեկացանք, որ նախընտրական պաստառներ փակցնելն ու հանելն այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության պարտականությունն է, սակայն ընտրություններից հետո մնացած շատ պաստառներ թաղապետարանի աշխատակիցների օգնությամբ են հանել: Իսկ որոշ թեկնածուներ ընտրությունների ավարտից երկու օր հետո իրենք էին հանել իրենց պաստառների որոշ մասը (Մանուկ Գասպարյան, Աշոտ Տոնոյան)։

Աջափնյակ համայնքի թաղապետարանում տեղեկացանք, որ նրանք առաջադրված թեկնածուին կամ կուսակցությանը գրավոր թույլտվություն են տալիս պաստառները փակցնելու մասին, որից հետո վերջիններս պարտավորագիր են գրում, ըստ որի՝ իրենք պարտավորվում են հանել իրենց կողմից փակցված պաստառները։

Այսօր Երեւանի փողոցներով շրջելիս թվում է, թե այլեւս պաստառներ չկան, բայց եթե Նալբանդյան, Թումանյան, Հանրապետություն եւ Վարդանանց փողոցներով անցնելիս ուշադրություն դարձնենք շենքերին, ապա կտեսնենք «Դաշնակցություն» կուսակցության պաստառները, իսկ Խանջյան եւ Սայաթ-Նովա փողոցների շենքերի վրա՝ Արտաշես Գեղամյանի, Ազատության պողոտայի շինությունների վրա դեռ շարունակում են փակցված մնալ «Դաշինք» կուսակցության պաստառները։ Շատ խանութների վրա, մասնավորապես` Ռայկոմում փակցված «Ազգային Միաբանություն» կուսակցության պաստառներն ընտրությունների ավարտից միայն ամիսուկես հետո են մաքրվել պատերից։ Այդ խանութներից մեկի տերը մեր հարցին, թե` «Դուք տեղյա՞կ էիք, որ ձեր խանութին պաստառ է փակցվելու», պատասխանեց. «Քնեցինք, արթնացանք, առավոտյան եկա աշխատանքի ու տեսա փակցված»: «Իսկ ինչո՞ւ չբողոքեցիք» հարցին հետեւեց խանութի տիրոջ քմծիծաղը։ Պատասխանը գրեթե պարզ էր:

Տպագրիչների փողոցում գտնվող բնակելի շենքերին էլ կիսապատռված պաստառներ կային: Երբ մի ծերունու հարցրինք. «Ո՞վ է այսպես պատռել», ծերունին հեգնանքով պատասխանեց. «Բակի երեխեքը. տեսան մաքրող չկա, իրենք մաքրեցին»: «Իսկ Ձեզ տեղեկացրե՞լ էին, որ այստեղ պաստառներ են փակցնելու» մեր հարցին հետեւեց նույն պատասխանը, ինչ շատերն էին տալիս. «Գիշերն են փակցրել, մենք որտեղի՞ց իմանայինք»։ Շատ մարդիկ նախընտրական շրջանում գիշերները վախեցել են իրենց տուն գնալ` շենքի մոտ տեսնելով աստիճանավանդակը ձեռքներին մարդկանց, որոնք շենքերի պատերին սոսնձով պաստառներ էին փակցնում: Սկզբում մտածել են` գողեր են, սակայն քիչ անց պարզվել է` պատգամավորական թեկնածուների եւ կուսակցությունների աշխատակիցներն են, որ գողեգող գովազդային պլակատներ են փակցնում: