Ատրակցիոնները նույնպես թանկանում են

15/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանն ամառային քաղաք չես անվանի: Չնայած սրճարանների առատությանը, ամռանը Երեւանը գրավիչ չէ, մանավանդ երեխաների համար: Անկասկած, մանկական խաղահրապարակները մեզ մոտ սակավ են, իսկ այնտեղ գործող սահմանափակ ծառայություններն անհրապույր են ու բավականին թանկ:

Մայրաքաղաքի ցանկացած հրապարակում եւ այգիներից հուշ մնացած տարածքներում առաջարկվող մանկական խաղերից ամենատարածվածը, թերեւս, Դուբայից ներկրվող մանկական ավտոմեքենաներն են: Փոքրիկ «ջիփերի» բազմաքանակությունն ամենեւին չի նպաստել այդ ծառայությունների գների իջեցմանը: Ինչպես երթուղայինների գծերը, այդ մինի գծերն էլ ունեն իրենց մշտական տերերը (եւ ոչ պատահական անձինք): Միեւնույն ժամանակ, նկատենք, որ երթուղային տաքսիների գների համեմատ, սրանք կրկնակի թանկ են: Եթե երթուղայինով 100 դրամով Երեւանի մի ծայրից կարող ես հասնել մյուս ծայրը, ապա մանկական ավտոմեքենաների (եւ կառավարման վահանակով, եւ առանց դրա) մեկ պտույտի արժեքը, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի 200 դրամ է: Իսկ այդ պտույտ կոչվածը մի քանի ոտնաչափ է: Օրերս Կենտրոն համայնքի դժվար երթեւեկելի հատվածում տեղակայված «Լունապարկ» ՍՊԸ-ի տարածքում զբոսնող ծնողները բարձրաձայն գանգատվում էին, որ մի քանի ատրակցիոնների գները 50 դրամով թանկացել են: Հսկիչներից մեկն արդարանում էր, թե ինքը դրանում մեղավոր չէ: Նրա կարծիքով՝ պատճառը մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն են, որին հաջորդեցին մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացումները։ «Լունապարկ» ընկերության սեփականատեր Սեմիկ Կասյանը վստահեցնում է, որ թանկացել է միայն «Մանկական գնացք» ատրակցիոնի գինը: Ընդ որում, թանկացումը տեղի է ունեցել 2 նկատառումով. նախ, ինչպես նշեց սեփականատերը, նա «հոգացել» է, որպեսզի այգում առկա երկու գնացքների գները չտարբերվեն իրարից (մի գնացքը 150 դրամ է եղել, մյուսը` 200) եւ շփոթության մեջ չգցեն ծառայությունից օգտվողներին, եւ երկրորդը` «Մանկական գնացքը» ենթարկվել է հիմնարար վերանորոգման: Նշենք, որ «ծյունինգ» արված գնացքի արտաքին տեսքից դժվար էր կռահել, որ այն վերանորոգված է: «Լունապարկում» հաճախ գտնվողները կարող են փաստել, որ այդ վերոհիշյալ ատրակցիոնի մի վագոնը մոտ 2 ամիս առաջ անսարք վիճակում էր, եւ հսկիչը թույլ չէր տալիս երեխաներին օգտվել դրանից: Ս. Կասյանը վստահեցնում էր, որ մյուս ատրակցիոնների գները պահպանվել են: Օրինակ, նրանց մոտ «Ավտոդրոմ» ատրակցիոնն արժե 400 դրամ, երբ «Մանկական երկաթուղի» այգում 250 դրամ է: «Մանկական երկաթուղու» փոխտնօրեն Կարեն Աղաջանյանը գների տարբերությունը հիմնավորում է հնաոճ եւ նորաոճ ատրակցիոնների գործոնով` հավելելով, որ իրենց այգու տեխնիկան հին է եւ անընդհատ խնամքի կարիք է զգում: Անկասկած, երեւանյան «Մանկական երկաթուղին» հոգեվարքի մեջ է, ու զգալի ներդրումների կարիք ունի: Այնտեղ ամեն ինչ անչափ հին է ու տխուր: Ի դեպ, Կ. Աղաջանյանը նշեց, որ երեկվա դրությամբ «Մանկական երկաթուղու» պահեստային դետալներից մեկը հայտնվել է անսարք վիճակում, որի վերականգնման համար 50 հազար դրամ է անհրաժեշտ: