Բժիշկ Ջոել Սարգսյանին հանդիպեցի Լիոնում, իր կլինիկայում։ Նա հայտնի վիրաբույժ է, ուռոլոգ, երիկամների տարածքային քարափշրման մասնագետ: Գիտեի, որ տարիներ շարունակ շատ արժեքավոր օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական հաստատություններին, սակայն այդ գործունեության մասին զրույց սկսելու առաջարկս առանձնապես չոգեւորեց նրան։
Հաճույքով խոսում էր իր ընտանիքի, մանկության, առողջապահական ընդհանուր խնդիրների մասին, իսկ Հայաստանին ցուցաբերած օգնությանը վերաբերող հարցերն աննկատ շրջանցում էր։ Սկզբում ինձ թվաց, թե դա կապված է թարգմանության հետ, որովհետեւ զրույցի առաջին քսան րոպեն երեւանցի ու լիոնցի հայերիս հաղորդակից էր դարձնում Անելին անունով ֆրանսիացի մի աղջիկ, ով ռուսերեն գիտեր։ Հետո մեզ միացավ Լիոնի հայկական եկեղեցում ծառայող մի սարկավագ։ Նա ջանում էր ավելին թարգմանել, քան բժշկի խոսքն էր, եւ ամեն անգամ ավելացնում էր, թե «դոկտորը բացառիկ համեստության տեր մարդ է»։
«Ուրիշն ըլլար նե, մատները ծալելով պիտի խոսեր»,- ասում էր սարկավագը։
Ջոել Սարգսյանի նախնիները Ֆրանսիա են եկել 1925 թվականին Սասունից եւ Իզմիրից։ Ջոելը ծնվել է 1949-ին։ Մինչեւ հինգ տարեկանն ապրել է տատի մոտ եւ խոսել բացառապես հայերեն։ «Ծնողներս ստիպում էին, որ հայերեն խոսեմ»,- ասում է նա։
Այդ տարիներին Լիոնում հայկական դպրոց չկար։ Նրա սերնդի մարդիկ մայրենին սովորում էին ընտանիքում, եկեղեցում կամ համայնքային ժողովներում միմյանց հետ շփվելով։ «Սովորեցինք ֆրանսերենը` հայերենը զոհելով, որովհետեւ ուզում էինք ինչ-որ տեղ հասնել»,- ափսոսանքով ասում է բժիշկը։
1988-ի երկրաշարժն ուժգին ցնցում էր Հայաստանից հեռու ապրող շատ հայերի համար։ Ջոել Սարգսյանն ասում է, թե երկրաշարժն է առիթ դարձել, որ իր մեջ կրկին արթնանա հայությունը։ Դրանից հետո սկսվել է լիոնցի բժշկի համագործակցությունը Հայաստանի հետ։ 88-ից հետո նա ութ անգամ եղել է Հայաստանում, աշխատել տարբեր հիվանդանոցներում, արել բարդ վիրահատություններ՝ իր հետ բերելով արժեքավոր սարքեր եւ նյութեր։ «Միշտ նախընտրել եմ ամենահամեստ բժշկի հետ աշխատել, որի գործից օգուտ ունեն մարդիկ, քան թե շփվել առողջապահության ոլորտի կամ կառավարության պաշտոնյաների հետ»,- ասում Ջոել Սարգսյանը։
Ջոել Սարգսյանի ամենամեծ ներդրումը «Հայաստանի ուռոլոգների ասոցիացիային» նվիրաբերած երիկամների քարափշրման սարքն է, որը տեղադրված է Միքայելյանի անվան հիվանդանոցում։ «Նվիրելուց դոկտոր Սարգսյանը պայման դրեց, որ դրանով միայն մի հոգի չպիտի աշխատի, այլ հիվանդանոցի տարբեր բժիշկներ»,- ասում է վիրաբույժ Սերգեյ Ֆանարջյանը:
Մինչ այդ Հայաստանում երիկամների քարերի հեռացման համար օգտագործվում էր միայն վիրահատության ձեւը: Այդ սարքավորումը ստանալուց հետո կատարվել է մոտ 2500 ոչ վիրահատական գործողություն: «Նա իր նպատակին հասավ, այսօր հիվանդանոցում վիրաբույժները քարերը հազվադեպ են վիրահատական միջամտությամբ հանում, եզակի դեպքերում, բոլոր այդ վիրահատություններն արվում են Ջոել Սարգսյանի նվիրած սարքավորման միջոցով»,- ասում է վիրաբույժ Ֆանարջյանն, ով մինչ օրս էլ սերտ կապեր ունի լիոնցի բժշկի հետ։ «Ես միշտ կոնսուլտացիաներ եմ անում նրա հետ, էլեկտրոնային փոստով ուղարկում եմ նկարները, խորհուրդներ եմ հարցնում, նրա փորձը մինչեւ հիմա էլ մեզ օգնում է»,- ասում է Ֆանարջյանը:
Բացի մասնագիտական ու տեխնիկական աջակցությունից, դոկտոր Սարգսյանը Հայաստանի բժիշկներին օգնել է նաեւ վերապատրաստման գործում։ Նրա օգնությամբ մի շարք բժիշկներ բարելավել են մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները Ֆրանսիայի առաջավոր կլինիկաներում։ «Ես տեսա, որ Հայաստանում գիտեն զարգանալու ձեւը, ուզում են զարգանալ եւ հաջողել, եւ մտածեցի, որ նրանց պետք է օգնել միջազգային չափանիշներին հասնելու հարցում»,- ասում է լիոնցի բժիշկը։
Մասնագիտական փոխանակումներն ու հայ բժիշկների վերապատրաստումը նա շատ կարեւոր է համարում, բայց նաեւ ասում է, թե որոշ մասնագետներ վերապատրաստվելուց հետո աշխատանքի են անցնում ֆրանսիական կլինիկաներում։ «Գալիս են մասնագիտանալու, բայց, առիթից օգտվելով, մնում են։ Ուրեմն, ֆրանսիացիներն իրենց գալով օգտվում են, իսկ Հայաստանը վնասվում է»,- ասում է պարոն Սարգսյանը՝ ամենեւին չմեղադրելով այդ մարդկանց։ «Մի տղա կար, ով այստեղ վերապատրաստվեց եւ աշխատանքի անցավ որպես անեստեզիոլոգ։ Ամեն մարդ իր ճակատագրի տերն է, մենք չենք կարող դատել։ Մնում են, աշխատում, պահում իրենց ընտանիքը կամ երբեմն՝ նաեւ գերդաստանը»։
Ջոել Սարգսյանը կարեւորում է Սփյուռքի եւ Արեւմուտքի երկրների կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը։ «Դա շատ օգտակար է,- ասում է նա,- բայց երբեմն ավելի դյուրին է օգնություն՝ սարքավորումներ, նյութեր հայթայթելը, քան դրանք գործադրելու համար Հայաստանում ճիշտ մարդուն գտնելը»։ Ըստ նրա` Հայաստանում երկու տեսակի մարդ կա՝ արդարներ, որոնք ամաչկոտ են, զգուշավոր, համեստ, եւ նրանք, ովքեր իշխանություն ունեն եւ միայն իրենց պաշտոնների մասին են մտածում։ «Երբ գործիքը տալիս ես, պիտի իմանաս, թե ով է աշխատելու դրանով,- ասում է դոկտորը։ -Եթե բանիմաց մեկը չէ աշխատողը, գործիքն ինչքան էլ թանկարժեք ու կատարյալ լինի, չի ծառայի իր նպատակին»։
www.hetq.am