Ինչպե՞ս ենք նախապատրաստելու ապագա դպրոցականին

15/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) Հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Հասմիկ Միտոյանը կարծում է, որ մամուլը շրջանցում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեության ոլորտները, փոխարենը` կենտրոնանալով կառավարման մարմինների վրա: Այնինչ, չպետք է մոռանալ, որ ներկայումս ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակը բավականին ընդգրկուն է:

Ըստ Հ. Միտոյանի՝ 1996թ. ՏԻՄ-երի ենթակայության տակ գտնվող նախակրթական հաստատություններին` մանկապարտեզներին, լրատվամիջոցներն անդրադառնում են բացառապես այնտեղ տեղի ունեցող տխուր միջադեպերի առթիվ: (Հիշենք նախորդ ամիս Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած սննդային թունավորման աղմկոտ դեպքը: Նկատենք, նաեւ, որ ԱԺ ընտրություններից առաջ այս հաստատություններին հայտնի քաղաքական գործիչներից միայն Տիգրան Կարապետյանն էր արժանացրել ուշադրության: Դա ոչ վաղ անցյալում էր, երբ «ԱԼՄ» եթերով սուրում էր «Շոգեքարշը»): Հ. Միտոյանը հավատացած է, որ մանկապարտեզները պետական հոգածությունից դուրս չեն, նկատելով, որ Ուսուցիչների օրն անցկացվող համապետական միջոցառումների շարքում ավանդական է դարձել «Տարվա լավագույն դաստիարակչուհի» մրցույթը: Օրինակ, անցյալ տարի Սեւան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի դաստիարակչուհին արժանացել է «06» մակնիշի ավտոմեքենայի:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսից հանրապետության նախակրթական հաստատություններն առաջնորդվելու են նոր ուսումնադաստիարակչական` կրթական համալիր ծրագրով: Թերեւս, այս ամենը կարելի է համարել բոլոնյան շարժմանը համահունչ՝ հանրապետությունում իրականացվող կրթական բարեփոխումների անհրաժեշտ բաղադրիչ: Բարեփոխված ծրագիրն ուղղված է մանկապարտեզների ավագ խմբի երեխաների ուսուցման գործընթացին:

«Ծրագիրն ընդգրկում է 5 կարեւոր բաժիններ: Բնականաբար, 12-ամյա կրթությունը նոր ծրագրային խնդիրներ է առաջացնում: Այն, խոսքի զարգացումից զատ, նախատեսում է վաղ գրաճանաչության ուսուցում: Այս ծրագիրը մինչ այդ նախատեսված էր 6-7 տարեկանների, իսկ հիմա` 5-6 տարեկանների համար: Նախագիտելիքները նպաստելու են երեխաների հնչարտաբերական թերությունները վերացնելուն: Այդ շտկումը վերացնելու համար առանձին խաղեր են ուսուցանվելու: Բացի այդ, երեխաները խաղ-հանելուկների, գլուխկոտրուկների միջոցով տարրական պատկերացումներ կկազմեն տառի, հնչյունի մասին: Շեշտադրում ենք արել նաեւ հայրենի բնության, հայկական ազգային դասական երաժշտության, անվտանգ վարքագծի (ասենք, հրդեհի դեպքում որ հեռախոսահամարից օգտվել, անծանոթ մարդու հետ չշփվել), բարեկիրթ վարվելաձեւի ուսուցմանը: Այդ տարիքի երեխան պիտի իմանա իր անվան, նաեւ ազգանվան ստուգաբանությունը»,- ասում է Հ. Միտոյանը: Միանշանակ, առաջարկվող ծրագիրը մեծ պահանջներ է դնում երեխաների առջեւ, ինչը Հ. Միտոյանը բացատրում է՝ որպես ժամանակի կրթադաստիարակչական պահանջների թելադրանք, ապագա դպրոցականին նախապատրաստելու պարտադիր պայման, որպեսզի նա կարողանա հեշտությամբ հաղթահարել 12-ամյա կրթության շեմը: «Վերջին հաշվով, մենք տալիս ենք տարրական մաթեմատիկական պատկերացումներ, մինչեւ 10-ի սահմանը: Նորություններից մեկն էլ այն է, որ մեր կրթադաստիարակչական աշխատանքներում լայնորեն կիրառվելու են ժողովրդական բանահյուսության տարրերը, օրինակ` առակները, ասացվածքները, առածները, հանելուկները, շուտասելուկները: Միեւնույն է, երեխան տանն այդ արտահայտությունները լսում է: Երեխաներին տրվելու են տարրական, միեւնույն ժամանակ՝ մատչելի գիտելիքներ, մտավարժանքներ, դիդակտիվ խաղեր, ինչը նպաստելու է նրանց կռահողունակությանն ու հումորի զգացման զարգացմանը»,- նշում է Հ. Միտոյանը:

Նախակրթական հաստատությունների բարեփոխված կրթական նոր ծրագրի առանցքը դաստիարակ-երեխա հաղորդակցումն ու երախայակենտրոն ուսուցումն է: Հ. Միտոյանն այն անվանում է «անհատակողմնորոշիչ մոդել», որտեղ հաշվի են առնելու յուրաքանչյուր երեխայի կարողությունները: «Գլոբալ առումով մենք գնում ենք ապակենտրոնացման, եւ ՏԻՄ-երն այդ ապակենտրոնացման խնդիրներն են լուծում: 1996թ. հետո իրավական դաշտի վակուում կար: Եվ դա տեղիք տվեց ոչ ցանկալի երեւույթների. առանձին համայնքներում գերազանցվեցին լիազորությունները, տեղի ունեցավ մանկապարտեզների ցանցի, ընդգրկվածության, մատչելիության անկում, գերատեսչական մանկապարտեզները սնանկացված ընկերությունների հետ վաճառվեցին: Համայնքների որոշ ղեկավարներ իրենց լիազորությունները գերազանցեցին, մանկապարտեզների մի մասը լուծարեցին, մյուսը` վերակազմավորեցին, որոշ հատվածն էլ՝ որպես բնակֆոնդ տրամադրեցին` եւ՛ մայրաքաղաքներում, եւ՛ մարզկենտրոններում: Համայնքները որքան էլ եվրոպական խարտիայի մոդելով էին գրված, դեռ կայացած մարմիններ չէին, դրա համար այդ ժամանակ նրանց տրված ինքնուրույնությունը խելամիտ չօգտագործվեց»,- ընդգծում է բաժնի պետը:

Անժխտելի է, որ ներկայումս գործող պետական` համայնքային մանկապարտեզների հարեւանությամբ աշխուժություն է նկատվում նաեւ ոչ պետական մանկապարտեզների գործունեությունում: «Ոչ պետական մանկապարտեզների գործընթացը նոր է սկսվում: 2006թ. հունիսից նրանք բերվել են լիցենզավորման եւ հավատարմագրման դաշտ, որտեղ վեր են հանվում նրանց սանիտարահիգիենիկ նորմերը, նյութական բազան, կադրերն ու կրթական ծրագրերը: Այսօր իրավական դաշտում գործում է 20 մասնավոր մանկապարտեզ, քիչ չեն նաեւ հայտ ներկայացրածները: Նոր ձեւավորված Կրթության պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողություն ողջ նախադպրոցական ցանցում»,- նշում է Հ. Միտոյանը: Նրա կարծիքով` վերջին երկու տարիներին Երեւանում նկատվում է երեխաների եւ կադրերի ընդգրկվածություն: Ավելին, Երեւանում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կտրուկ մեծացել է: Հ. Միտոյանը կարծում է, որ մանկապարտեզների պահանջարկը կարող են լրացնել ոչ պետական մանկապարտեզները: (Արժե հիշեցնել, որ մասնավոր հաստատությունների ամսավճարը 40-80 հազար դրամ է, իսկ համայնքայինները` ընդհուպ մինչեւ 5000 դրամ: Եվ այն ընդգծում է երկրում խորացող սոցիալական բեւեռացման պատկերը): Հ. Միտոյանը տեղեկացրեց նաեւ, որ 2006թ. սկսվել է մանկապարտեզների ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակի գործընթացը, ինչը բավականին մեծ ինքնուրույնություն է տալիս այս հաստատություններին եւ ընդլայնում նրանց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Երեւանում միայն Շենգավիթ համայնքի մանկապարտեզներում է, որ դեռեւս ձգձգվում է այդ գործընթացը`համայնքում սպասվող նոր ղեկավարի ընտրությունների հետ կապված: Ի դեպ, նախակրթական ոլորտի նորություններից մեկն էլ վերաբերում է ազգային փոքրամասնությունների երեխաներին, որոնց համար նախատեսված է փոքրաթիվ երեխաներով խումբ ձեւավորել: Ազգային փոքրամասնություններին ընձեռված առավելությունն այն է, որ եթե սովորական խումբը 25 երեխաներով է համալրվում, ապա նրանց դեպքում` 10 երեխան բավարար է լինելու: