Վերաբնակեցումը համայն հայության խնդիրն է

15/07/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

– ԼՂՀ կառավարության կողմից հաստատված վերաբնակեցման ծրագիր կա՞: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ, թե այս տարվա ընթացքում շրջաններում վերաբնակեցման ինչպիսի աշխատանքներ են կատարվել եւ կատարվելու:

– ԼՂՀ-ում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով փախստականների վերաբնակեցումը ԼՂՀ տարածքում սկսվել է 1992-ից` Շուշիի ազատագրումից անմիջապես հետո: Վերաբնակեցման բնագավառը ԼՂՀ կառավարության կողմից կարգավորվել է կառավարության` մեկ տասնյակի հասնող որոշումներով եւ նորմատիվ ակտերով: ԼՂՀ կառավարությունը 2001թ. մշակել եւ հաստատել է վերաբնակեցման ռազմավարության հիմունքները եւ 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման 10-ամյա ծրագիրը նպատակ ուներ 2001-2010թթ. ընթացքում հայրենիք վերադարձնել շուրջ 36.000 փախստական հայորդիներին: Ծրագրով պիտի կառուցվեր 10.000 բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն, որի տնտեսական բյուջեն կազմում էր շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար: Այս ծրագիրը հովանավորելու համար առաջարկվեց ամենքին` Հայաստան, Սփյուռք եւ այլն, որովհետեւ փախստականներին բնակարանով ապահովելու եւ վերաբնակեցման հարցերը համայն հայության հարցն են: ԼՂՀ իշխանությունները հնարավորության սահմաններում իրականացրել եւ իրականացնում են այդ ծրագիրը` վերջին տարիներին տարեկան 1.75 մլրդ դրամ հատկացնելով վերաբնակեցման աշխատանքներին, այդ թվում՝ 750 մլն դրամ՝ միայն Քաշաթաղին: Վերաբնակեցման 10-ամյա ռազմավարական ծրագրին կարող եք ծանոթանալ վարչության գրասենյակում: 2007թ. ծրագիրն իր բնույթով եւ տարողությամբ նման է 2006թ. ծրագրին, փորձ է կատարվում տարեկան 1-2 ավերված նոր բնակավայր սկսել եւ շարունակել հզորացնել ցանկում եղած 40-ից ավելի բնակավայրերը (բացի Քաշաթաղի շրջանից)՝ տարեկան կառուցելով 3-5 բնակարան:

– Լրատվամիջոցներին ներկայացված հաշվետվության մեջ Քաշաթաղի շրջանը ներառված չէր: Դա նշանակում է, որ 2006թ. այդ շրջանում վերաբնակեցման ծրագրեր չե՞ն իրականացվել:

– Քաշաթաղի շրջանի կապիտալ եւ բնակարանային շինարարությունն իրականացնում են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունը եւ շրջանի վարչակազմը: 2006թ. Քաշաթաղի շրջանի կապիտալ շինարարության եւ կապիտալ նորոգումների բյուջեն կազմել է 723.5 մլն դրամ, իսկ վերաբնակիչների սոցիալական վճարները 36.1 մլն դրամի չափով իրականացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը: Հաշվետվության մեջ նշված բնակարանների կառուցումը եւ վերանորոգումը կատարվել է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

– Ըստ ձեր հաշվետվության` 2006թ. ՀՀ-ից եւ այլ երկրներից ԼՂՀ-ում վերաբնակեցվել է 241 ընտանիք: Այդ նույն ժամանակահատվածում կառուցվել է` 105 եւ վերանորոգվել` 38 բնակարան, ընդհանուր առմամբ` 143 բնակարան: Որտե՞ղ են ապրում մնացած 98 ընտանիքները:

– Ձեր հաշվարկում նկատի չեք առել 24 պատրաստի տների գնման պարագան: ԼՂՀ բոլոր բնակավայրերում կարելի է վերաբնակվել եւ ստանալ որոշակի արտոնություններ, ճանապարհածախս, գույքի տեղափոխում, միանվագ օգնություն եւ այլն, սակայն բնակարան, վարելահող եւ արտոնյալ վարկ տրամադրվում է միայն այն բնակավայրերի վերաբնակիչներին, որոնց ցանկը հաստատել է կառավարությունը: 74 ընտանիքներ վերադարձել եւ բնակվել են իրենց պապենական բնակարաններում, 2005թ. կառուցված եւ չբնակեցված բնակարաններում կամ բնակարանի հարցը լուծել են յուրովի:

– Վերաբնակները բողոքում են տների որակից, ինչո՞ւ են կառուցվող տներն այդքան անորակ: Որքա՞ն է արժենում մեկ նորակառույց տունը կառավարության համար:

– Մեր միջոցով կառուցված եւ վերանորոգված բնակարանները, փորձում ենք, որ բողոքարկելու առիթ չունենան, շինարարության ընթացքի եւ որակի նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Քաղաքաշինության նախարարության եւ ինքնակառավարման մարմինների ամբողջ համակարգը, եւ ավարտված շինարարությունների ավարտական ակտերը հաստատվում են հանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկված են շրջանի ճարտարապետը, գյուղապետը եւ այլն: 1 տարվա ընթացքում բացահայտված թերությունները սրբագրվում են շինարարի կողմից: Կիսակառույց բնակարանների նորոգությունների գինը կազմում է 3-6, իսկ նորակառույցներինը՝ 7-10 մլն դրամ:

– Շահումյանի շրջանի վերաբերյալ ի՞նչ քաղաքականություն կա: Այս եւ հաջորդ տարվա համար ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

– Շահումյանցիները եւ Հյուսիսային Արցախի բռնի տեղահանվածները բնակվում են Նոր Շահումյանի շրջանում, մշակում եւ շենացնում են իրենց հայրենիքը, կառավարությունն օժանդակում է նրանց, որպեսզի հաստատվեն հայրենի հողում: Քաղաքականությունը նույնն է: 2007-ին Նոր Շահումյանի շրջանում կկառուցվի 37 բնակարան:

– Ձեր հաշվետվության համաձայն` Հադրութի շրջանում որեւէ բան չի արվել, ինչո՞ւ այդ շրջանում աշխատանք չի տարվում, դա հատուկ քաղաքականությո՞ւն է:

– 2006թ. Հադրութում կառուցվել է` 2 եւ Ազոխ գյուղում` 1 բնակելի տուն փախստականների համար: Հադրութում վերաբնակեցման գործին օժանդակում են բարեգործական կազմակերպությունների Թուֆենկյան հիմնադրամը, որն Առաջամուղ գյուղում կառուցել եւ ավարտին է հասցրել 6 բնակարան, Հայ բարեգործական ընդհանուր միությունը Բարեշեն գյուղում` 3 բնակարան, Ջրակն գյուղում` 10 կիսակառույց բնակարան, եւ «Երկիր» հ/կ-ն Իջեւանատուն բնակավայրում` 7 կիսակառույց տներ եւ կիսակառույց դպրոց, որոնք պիտի ավարտին հասցնեն 2007-2008թթ.: Ընդամենը` Հադրութի շրջանում 12 ավարտած եւ 17 կիսակառույց բնակարաններ: Այլ հասարակական եւ բարեգործական կազմակերպություն Արցախում բնակարանաշինությամբ չի զբաղվում:

– Քաշաթաղի շրջանում քանի՞ գյուղ կա այսօր, որտեղ էլեկտրաէներգիա չկա, եւ ե՞րբ է նախատեսվում դրանք էլեկտրիֆիկացնել: Կա՞ն, արդյոք, հաշվարկներ, թե Քաշաթաղի շրջանի գյուղերն էլեկտրիֆիկացնելու համար որքան գումար է անհրաժեշտ: Մենք ունենք փաստեր, թե ինչպես է Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավարը յուրացրել շրջանին հատկացված բյուջետային գումարները:

– Քաշաթաղի շրջանը 1994-2006թթ. բոլոր առումներով աշխատել է առանձին: ԼՂՀ ԿԱ Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը չի ծրագրել եւ չի իրականացրել այն քաղաքականությունը, որը տարածված է մյուս շրջաններում: Այլ հարցերի մասին, եթե ունեք ապացույցներ, ձեր լրագրողական եւ քաղաքացիական պարտքն է, որպեսզի դրանք ներկայացնեք Գլխավոր դատախազություն եւ ստանաք համոզիչ պատասխաններ:

– Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում տարբեր կազմակերպություններ իրականացնում են զանազան ծրագրեր: Ինչպե՞ս եք կոորդինացնում այդ ծրագրերը, ԼՂՀ կառավարության ո՞ր օղակն է համակարգում այդ աշխատանքները:

– ԼՂՀ «Բարեգործության մասին» օրենքը չի թույլատրում միջամտել բարեգործ անհատների եւ կազմակերպությունների գործունեությանը: Մենք ընդամենը քաջալերում ենք, որ իրենք նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերեն կառավարության համապատասխան կառույցների հետ, օգտվեն կառավարության արտաբյուջետային հնարավորություններից, ազատվեն ավելացված արժեքի հարկից եւ ապահովեն իրենց գործունեության թափանցիկությունը: Որոշ կազմակերպությունների հետ մեր գործակցությունը սերտ է եւ համադրված, որոշ մասը գործում են ինքնուրույն, առանց տեղեկացնելու, համաձայնեցնելու եւ հաշվետվության:

– Քաշաթաղի շրջանում այս տարվա սկզբին վերականգնվել են մի շարք արտոնություններ: Փաստ է, որ այդ արտոնությունները վերացվել էին: Ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով էին վերացվել նախկինում գործող արտոնությունները:

– Վերը նշված հարցերում, արդեն բացատրեցի, որ Քաշաթաղը 1994-2006թթ. աշխատել է ինքնուրույն, եւ վերաբնակիչներն օգտվել են շատ արտոնություններից, ինչից երբեք չի օգտվել վերաբնակեցման ոչ մի բնակավայր, ինչպիսին է Շահումյանը եւ այլ ծայրամասային ու բարձր գոտում գտնվող բազմաթիվ բնակավայրեր: Դրանք եղել են աշխատավարձի 2 կատարողական, հոսանքի անսահմանափակ ձրիություն եւ այլն: Արտոնությունները պետք են, ինչքան շատ՝ այդքան լավ, բայց երբ ծախսային մասով գերազանցում ես քո բյուջեն եւ հնարավորություն չես ունենում լրացնել այն, պարտավոր ես գնալ կրճատումների: Այսպես` 2004թ. դրությամբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի` Հայէներգոյին կուտակած պարտքերը, լսելով, կազմում էին 350 մլն դրամ եւ այլն: Կամ` արտոնությունները վերաբնակիչներին տրվում են 10 տարվա համար, այդպիսի արտոնություններից պիտի օգտվեն միայն նորեկները: Նման արտոնություններից պիտի օգտվեն ոչ միայն Քաշաթաղի, այլ բոլոր վերաբնակիչները: Այսօր արտոնությունների աղյուսակը համալրվում է այդ սկզբունքով` պահպանելով արդարության սկզբունքը:

– Ինչո՞ւ ԼՂՀ կառավարությունն այսքան տարիներ վերաբնակեցումը չի համարել առաջնային խնդիր եւ միայն վերջերս է սկսել խոսել դրա կարեւորության մասին:

– Վերաբնակեցումը ԼՂՀ կառավարության համար միշտ էլ եղել է սահմանների անձեռնմխելիության եւ պաշտպանունակության հզորացման ամենաառանցքային հարցերից: Այս ասպարեզում շատերն են խոսում, իսկ կառավարությունն իրականացնում է այն: 1988-1992թթ. Արցախի ժողովրդի ազգային ազատագրական-ինքնորոշման շարժման եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անկախության զոհասեղանին նվիրեցինք ավելի քան 7000 երիտասարդների կյանք, ունենք շուրջ 700.000 փախստականներ, որոնք ապրում են ՀՀ-ում, ԱՊՀ եւ այլ երկրներում: Այդ հայորդիներին հայրենիք վերադարձնելու, տուն-տեղ-աշխատանքով ապահովելու եւ հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտականությունն ամեն մի հայի պարտքն է հայրենիքի նկատմամբ: Մենք ակնկալում ենք համահայկական կամք եւ աջակցություն, ամեն մեկն՝ իր կարողացածի չափ: ԼՂՀ ԿԱ Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը պատրաստ է տեղեկություններ տրամադրել եւ աջակցել ինչպես վերաբնակիչներին, այնպես էլ նրանց, ովքեր պատրաստ են իրենց մասնակցությունը բերել այս գործին:

www.hetq.am