Իրանական արգելված ֆիլմը՝ «Ոսկե ծիրանում»

15/07/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմը, որ պետք է ցուցադրվեր «Ոսկե ծիրանի» շրջանակներում: հուլիսի 10-ին Երեւանի «Նաիրի» կինոթատրոնում, տեխնիկական պատճառներով ձախողվեց։

Ռեժիսորը, ում ֆիլմերը շատ հաճախ արգելում են ցուցադրել Իրանում, սրանում ոչ մի միտումնավոր բան չի տեսնում եւ հուսով է, որ ֆիլմի հաջորդ ցուցադրումների ժամանակ նման բան այլեւս չի լինի։ «Ցանկացած երկրի ցանկացած փառատոնի ժամանակ այսպիսի բան պատահում է, եւ ոչ մի դիտավորություն դրանում չեմ տեսնում»,- ասաց իրանցի կինոռեժիսորն՝ ավելացնելով, որ շատ է ջանացել, որպեսզի այս ֆիլմը ցուցադրվի նաեւ իր հայրենիքում։ «Մինչ Բեռլինի փառատոնին գնալը, ես իրանական կինոներկայացուցիչներին ասացի, թե ուզում եմ Բեռլինում հայտարարել, որ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է իմ երկրում։ Բայց մինչ այժմ այս խնդիրը լուծված չէ, լայնամասշտաբ ցուցադրումներ չեն լինում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրանական նեոռեալիզմի վառ ներկայացուցիչը, ով մի շարք միջազգային մրցանակների է արժանացել։ (2006թ. նրա «Խաղից դուրս» կինոժապավենն արժանացել է Բեռլինի «Արծաթե արջ» մրցանակին)։ Հայաստանում էլ Ջաֆար Փանահիի այս ֆիլմը պետք է դեռ անցյալ տարի բացեր «Ոսկե ծիրան» փառատոնը, սակայն ինչ-ինչ պատճառներով ո՛չ ֆիլմը, ո՛չ էլ ռեժիսորը չժամանեցին Հայաստան։ «Այս տարի հրավերի հետ կապված գործընթացը սկզբից լավ էր ընթանում, սակայն մի խոչընդոտ եղավ (ՀՀ-ում Իրանի դեպանատունը փորձեց արգելել ֆիլմի ցուցադրումը Հայաստանում.- Ա.Մ.)։ Բարեբախտաբար խնդիրը հարթվեց, եւ ես հիմա այստեղ եմ եւ ներողություն եմ խնդրում այդ անախորժությունների համար»,- ասաց ռեժիսորը։ Իրանում Փանահիի ֆիլմերն արգելված են, քանի որ նա չի վախենում խոսել Իրանի ժամանակակից մարդու պրոբլեմների մասին։ Նրա հերոսները հիմնականում իրանուհիներն են, ովքեր խստագույն սահմանափակումներով են ապրում։ «Թե՛ մեր հասարակության մեջ, թե՛ մեր աշխարհում կան հասարակական խնդիրներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ։ Մեզ մոտ այդ խնդիրը կանանց սահմանափակումների հետ է կապված։ Դա շատ արդիական թեմա է, այդ իսկ պատճառով իմ ֆիլմերից չորսը հենց այդ խնդրին են անդրադառնում»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ իր ֆիլմերը նկարելիս փորձում է չվիրավորել մարդուն եւ նրա արժանապատվությունը։ Չնայած ռեժիսորի հասցեին հնչող կտրուկ գրախոսությանը՝ դերասանները ցանկանում են աշխատել նրա հետ՝ չվախենալով հետագայում մերժվել հասարակության կողմից։ «Իմ ֆիլմից ոչ մի կադր չեմ մոնտաժում՝ քննադատներին հաճոյանալու եւ ֆիլմս ցուցադրելու իրավունք ստանալու համար։ Եթե ես նկարել եմ այդ կադրը, ուրեմն պետք է եղել։ Մեր երկրում կանայք փողոց դուրս գալիս պետք է անպայման հեյջափ կրեն, իսկ տանը նրանք առանց դրա են լինում։ Սակայն, եթե ֆիլմ ես նկարահանում, որտեղ կան տան տեսարաններ, ապա ստիպված ես կնոջը հեյջափով նկարել։ Ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ կնոջն ասել, որ հանի գլխաշորը։ Բայց մենք ունենք նաեւ անհիմն սահմանափակումներ էլ։ Ես իմ ֆիլմերում օգտագործում եմ փողոցի կադրեր, որպեսզի ամեն ինչ իրական, այլ ոչ թե սուտ լինի։ Եթե ես ինքս չհավատամ իմ նկարածին, ինչպե՞ս կարող եմ դա հրամցնել հանդիսատեսին»,- ավելացնում է իրանցի ռեժիսորը՝ նշելով, որ եթե նույնիսկ այսօր Իրանում իր ֆիլմերը չեն ցուցադրվում, ապա, միեւնույն է, դրանք երկրի պատմության համար փաստաթուղթ են դառնում, եւ տարիներ հետո մարդիկ կարող են այս ֆիլմերի միջոցով իմանալ կոնկրետ ժամանակաշրջանի իրականությունը։

Ռեժիսորի խոսքով` երբ մի ֆիլմ է ստեղծվում, որը սոցիալական ենթատեքստ է ունենում, ապա դրա շուրջ քաղաքական անախորժություններ են սկսվում. «Ես քաղաքական ռեժիսոր չեմ եւ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ չեմ թողնում, որ դա անդրադառնա իմ արվեստի վրա»,- ասում է նա։

Իրանում, որտեղ հեղափոխությունից հետո կինոինդուստրիան մեծ զարգացում է ապրում եւ տարեկան 75 ֆիլմ է արտադրվում, ըստ ռեժիսորի, մինչ օրս էլ շատ դժվար աշխատանքային պայմաններ են ստեղծվում իրանցի ռեժիսորների համար։ Գրաքննության զոհ դարձած ռեժիսորներն անգամ լքում են իրենց երկիրն՝ ավելի ազատ պայմաններում ստեղծագործելու համար։ Փանահին իրեն համարում է մեծ հայրենասեր եւ համոզված է, որ ինքն, անկախ ամեն ինչից, ստեղծագործելու է իր հայրենիքում. «Ես ծնվել եւ մեծացել եմ Թեհրանում։ Ես իմ ժողովրդին շատ լավ եմ ճանաչում եւ ուզում եմ խոսել իմ ազգի մասին»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դեռեւս պատրաստ չէ կինոասպարեզում համագործակցել այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, թեեւ ունի շատ լավ հայ ընկերներ։

Ի դեպ, այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում ժամը 16.00-ին տեղի է ունենալու Ջաֆար Փանահիի մասթեր քլասը։

Հ.Գ. Ջաֆար Փանահիի մասին ավելի մանրամասն կարդացեք «3 Միլիոն» ամսագրի առաջիկա համարում։