Մազեր

15/07/2007

Նրանց, ում դուր չեն գալիս ճերմակ մազերը, առաջարկում ենք մի քանի անվնաս ներկեր պատրաստելու բաղադրատոմսեր։

Որպեսզի մազերը ոսկեգույն երանգ ձեռք բերեն, 30 գ խաշնդեղը (խավրծիլ) 2 օր պահել 1 լ սպիտակ գինու մեջ, հետո եռացնել մինչեւ կիսով չափ գոլորշիանալն ու քամել։ Մազերը լվանալ, խնամքով պարզաջրել, չորացնել եւ փափուկ խոզանակով պատրաստի եփուկը քսել մազերին։

Մազերը շագանակագույն կդառնան, եթե 200 գ խակ ընկույզի մանրացրած կեղեւները 15 օր պահեք 300 գ մաքուր սպիրտի մեջ, ապա քամեք եւ ստացված մածուկը քսեք մազերին։

Սեւ երանգ ստանալու համար 200 գ խակ ընկույզի կեղեւները մանրացնել, ավելացնել 10 գ մեխակ, 250 գ ձիթապտուղ՝ ծեծած կորիզներով, լցնել 3 լ ջրի մեջ եւ եռացնել այնքան, մինչեւ եփուկը կրկնակի պակասի։ Քամելուց հետո ավելացնել 5-10 գ հինա եւ եփուկը լցնել շշի մեջ։ Օգտագործել որպես մազերի քսուք։