Մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ քաղխորհրդի քարտուղար Էդվարդ Անտինյանի միջեւ տարաձայնություններ են առաջացել: Հովհաննիսյանը փակել էր կուսակցության գրասենյակը` հայտարարելով, որ առաջիկայում մեկ այլ վայրում նոր գրասենյակ է բացելու: Մինչ այդ Էդվարդ Անտինյանը բացել է ՀԱԱԿ-ի նախկին գրասենյակը, որը, փաստորեն, գործում է առանց նախագահի:
– Ինչո՞ւ եք վերաբացել Աբովյան փողոցում գտնվող կուսակցության գրասենյակը, այն դեպքում, երբ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2 շաբաթից այլ վայրում նոր գրասենյակ է բացելու: Արդյո՞ք սա կուսակցությունում իշխանափոխություն անելու փորձ չէ:
– Նախ՝ կուսակցությունը վերաբացելուց հետո ես երբեք այդ աթոռին չեմ նստել. ես շարունակում եմ զբաղեցնել իմ աշխատասենյակը: Բացի այդ, այսօր կուսակցության վրա պարտքեր կան կուտակված, որոնք պետք է փակեր ՀԱԱԿ նախագահը: Վերջինս, սակայն թողել-գնացել է` խաղալով կուսակցության եւ իմ հեղինակության հետ: Ես վերաբացել եմ այն, որպեսզի ցանկացած մարդ կարողանա կապ հաստատել մեզ հետ: Մենք վերաբացելով գրասենյակը, ուզում ենք ասել, որ այնպես չէ, որ կուսակցությունը որոշ մարդկանց առջեւ պարտավորությունները չկատարելով՝ փակեց-փախավ: Կուսակցությունը մեկ մարդով չէ, այդ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր պակաս լիազորություններ չունեն:
– Հ. Հովհաննիսյանն ասել էր, թե գրասենյակի պայմաններն իրեն այլեւս չէին բավարարում, ուստի ինքը որոշել է դուրս գալ այնտեղից: Ինչո՞ւ չսպասեցիք, որ նա նոր գրասենյակ բացի:
– Կուսակցությունը հո սեզոնային գործունեությո՞ւն չի, որ առաջին դեմքը փակի` գնա, մենք էլ սպասենք, թե երբ նրա քեֆը կտա, որ գա բացի: Ինչ վերաբերում է պայմանները բավարարելուն, ապա, իհարկե, մեր կուսակցության գրասենյակի պայմաններն այլեւս չէին կարող բավարարել Հովհաննիսյանին, քանի որ սպառվել էր տարածքի սեփականատիրոջ ծով համբերությունը: Բացի այդ` նոր տարածքն ընտրում են, հետո են տեղափոխվում, ոչ թե գույքը տանում-լցնում են Առինջ գյուղի Հայկազի դուքանը, որ հետո այնտեղից նորից բերեն Երեւանի կենտրոն: Դրա մեջ տրամաբանություն կա՞: Այսօր արդեն անցել է իր ասած 2 շաբաթը, բայց այդպես էլ նոր տարածք գոյություն չունի: Ժամանակին գոնե հեռահար ստեր էր խոսում. մինչեւ այդ պահը գալիս էր, որոշ հանգամանքներ փոխվում էին, ինքն էլ արդարանում էր` մեր երկրի ու աշխարհի ֆորս-մաժորային իրավիճակներով: Հիմա խեղճի ռեսուրսն արդեն սպառվել է, եւ մեծ ժամկետներ ոչ ոք նրան այլեւս չի տալիս: Ստիպված դարձել է ստի սպրինտեր` սուտն ասում է ու անմիջապես բռնվում:
Խնդիրը նրանում է, որ Հովհաննիսյանը չէր հայտարարել, որ գրասենյակը փակում է: Նա այստեղից գաղտագողի դուրս է եկել եւ դադարեցրել կուսակցության գործունեությունը: Գուցե բացատրի, թե այդ ի՞նչը նրան ստիպեց այդպես հապշտապ գրասենյակը փակել ու ձեռքի հետ էլ տանել մեր կուսակից ընկերներին պատկանող գույքը: Դե, մարդու գլխին խելք են թողե՞լ, որ իմանա ում գույքն է տանում: Իհարկե, մեզ հաջողվել է պարզել գողոնի գտնվելու վայրը, եւ ուղիներ ենք որոնում այն վերադարձնելու համար:
– Ինչո՞ւ եք համոզված, որ նա գույքը գողացել է: Կարող է իսկապես տարել է, որ հետո բերի:
– Ղեկավարը կարող է տնօրինել եւ տիրապետել գույքը, բայց ոչ յուրացնել: Եթե մենք գույքի տեղը չգիտենք, էլ ի՞նչ կերպ բնորոշենք դա:
– Հիմա սեղան-աթոռ չունե՞ք, որ նստեք:
– Ինչ վարձատուն թողել է` դա է, մեկ էլ՝ իմ անձնական իրերը: Ինքն անգամ մեր գործընկերների գույքն է տարել: Ինձ համար սկզբունքային հարց է. նա պետք է փաստաթղթերով ապացուցի, որ քաղխորհրդի նիստ է եղել, որտեղ որոշվել է, որ ՀԱԱԿ-ը չպետք է մասնակցի ԱԺ ընտրություններին: Բայց տեսավ, որ չի կարողանում ապացուցել, փաստաթղթերը հավաքեց-փախավ: Երբ տարաձայնությունները դուրս են գալիս գաղտնիության սահմաններից, իրավիճակը մի տեսակ նմանվում է բռնցքամարտի. մարտից առաջ երկու կողմն էլ հրապարակային հայտարարում է, որ ջարդելու է մրցակցի մռութը: Ի վերջո, հաղթողը մեկն է լինում: Սա հերթական ռաունդն է: Քանի դեռ մամուլում չեք հանդիպել, որ Հ.Հովհաննիսյանը հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից, թեման չի փակվելու:
– Եթե այս ռաունդում Հ. Հովհաննիսյանը հրաժարական չտա, ի՞նչ եք անելու հաջորդ ռաունդում: Ինչքա՞ն եք պատրաստվում վարկաբեկել ձեր կուսակցության նախագահին:
– Երբ դաշտում մոլախոտ է բուսնում, մի՛ մտածիր, որ հենց սկսես դրա դեմ պայքարել, մարդիկ կնկատեն նրա առկայությունը, եւ դաշտի անունը կընկնի: Անմիջապես լծվի՛ր այն արմատախիլ անելու գործին, որից հետո դաշտը կվերականգնի իր անմոլախոտ բարի անունը: Իսկ եթե ժամանակդ անտեղի ծախսես մոլախոտի առկայությունը քողարկելու վրա, ապա ստիպված ես լինելու դաշտը հանձնել նրա թագավորությանը: Իսկ դրանից հետո դաշտի անունն էլ կընկնի, դաշտատիրոջինն էլ: Քաղաքական դաշտն էլ է հանրության աչքի առաջ` մոլախոտը չես թաքցնի: Որքան ես եմ ջանք թափել մեր գործի վրա, թույլ չեմ տա, որ ինձնից հետո մեկ ուրիշն էլ խաբվի Հովհաննիսյանի սպիտակ մազերի ու անցած ճանապարհի վրա. ուզում եմ վերջին խաբվողը ես լինեմ: Եթե ինձնից առաջ մեկը դա արած լիներ, ապա ես չէի հայտնվի այս վիճակում: Վերջապես մի օր մեկը պիտի կապի՞ այդ ստերի տոպրակի բերանը:
Անընդհատ ընդդիմադիրները խոսում են, թե իշխանավորները կպել են աթոռից ու չեն պոկվում, ասում են, որ նրանց համար աթոռը բարեկեցություն է, նյութական զգալի միջոցներ են, վայելքներ: Իսկ ի՞նչ է ընդդիմադիր կուսակցության ղեկավարի աթոռը, որ այդպես կպել են, ու ամեն ինչ ձախողելուց հետո անգամ չեն բաժանվում նրանից: ԱԺ ընտրություններից հետո եւ նախագահականից առաջ մեր քաղաքական դաշտում բոլորն իրենց տեղերում են` ոչ մեկը չմտածեց հրաժարականի մասին: Եվ իշխանությունների հետ բարոյականության ու ժողովրդավարության նույն մակարդակի վրա գտնվելով` ընդդիմությունը շանս չունի հաղթելու, քանի որ այդ դեպքում չի արժանանա հասարակության աջակցությանը. էլ ինչի՞ եւ ո՞ւմ համար պետք է ժողովուրդը ելնի պայքարի, եթե ով էլ գա՝ նույնն է լինելու: Հիմա բոլորն էլ տեսնում են, թե ընդդիմության բանակցային գործընթացներում ովքեր են դարձյալ փորձում ամբիցիաներ բանեցնելով լուրջ դերակատարություն ստանձնել:
Համով ստերի ժամանակները վաղուց են անցել, եկել է դառը ճշմարտությունն ասելու ժամանակը: Իսկ սա ամենից դժվարն է: Ինչպես իշխանությունը ցանկություն չունի մեր երկրի այս վիճակի համար սեփական սխալներն ընդունել ու պատասխանատվություն կրել, նմանապես ընդդիմությունը ցանկություն չունի երկիրն այս վիճակի հասցնող իշխանությունների դեմ իր պայքարի անարդյունավետության մասին խոստովանել ու սեփական սխալներից դասեր քաղել: Երեք գլխանի ջրի վիշապի նման իշխանությունը ակունքն է փակել ու ոչ մեկին մոտիկ չի թողնում, իսկ որոշ ընդդիմադիրների պահվածքն էլ նրանց է դարձրել ասես բազմագլխանի վիշապ: Անընդհատ ստիպված ես լինում ջրին հասնելու համար պայքարել ընդդիմադիրների դեմ, ովքեր այդպես էլ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլեւս իրենք չեն առաջամարտիկները: Եվ որքան էլ պարտվում են ու ջախջախվում, միեւնույն է` փորձում են ամեն անգամ հանդես գալով այլ կոնֆիգուրացիայով, գտնել իրենց ուժերին ավելի հարմար կռիվ, այն է` ընդդիմության դեմ: Օդի ու ջրի պես մեզ անհրաժեշտ է որակապես նոր մոտեցում, եթե իսկապես ուզում ենք այս իշխանություններին հաղթել: Տեսեք, թե քանիսի դիմակները պատռվեցին այս ընտրություններով, էլ չեմ խոսում, թե քանիսի իրական կշիռը երեւաց: Մասնավորապես, մեր դեպքում Հ.Հովհաննիսյանը հաշված օրերի ընթացքում աշխարհաքաղաքական խոշոր բլեֆչիից վերածվեց տեղական նշանակության մանր ժուլիկի:
– Ձեր կուսակցության փաստացի ղեկավարին անվանեցիք գող, ստախոս, բլեֆչի, ժուլիկ: Բա որ վերադառնա, ո՞նք եք միասին աշխատելու:
– Նրա քաղաքական կարիերան այլեւս ավարտված է, քանի որ մեր երկրում չի գտնվի գեթ մեկ գործիչ, ով ցանկություն հայտնի քարշ տալ այդ քաղաքական լեշը: Իսկ ինքն էլ սուզանավի հրամանատարին հատուկ որակներ չունի, որ գնահատելով իրական վտանգներն ու ռիսկերը, իր վրա վերցնի նոր իրողությանը համարժեք վճիռ կայացնելու պատասխանատվությունը: Նա իր բնավորությանը հավատարիմ, ամեն օր հրաշքի սպասելով, այնքան կձգի, որ սուզանավն այդպես էլ կմնա ջրի հատակին:
– Իսկ դուք ունե՞ք սուզանավի հրամանատարին հատուկ որակներ:
– Նախ՝ ես չեմ ասել, որ եթե ինքն անկարող է կատարել հրամանատարի պարտականությունները, ապա դա անպայման ես պիտի անեմ. կարող է դա լինել մեկ ուրիշը: Եվ երկրորդ՝ իմ որակները ոչ թե պետք է երեւան այն պահին, երբ ես լինեմ հրամանատար, այլ հիմա, որ այս պայմաններում կկարողանա՞մ արդյոք փրկել նավը: Մի բան կարող եմ ասել հաստատ. ես այդ լեշը քարշ չեմ տալու: Եվ թող Հովհաննիսյանը հույսը չդնի նրա վրա, որ մեկ է, ես այս վիճակից դուրս գալու ուղիներ կորոնեմ, ինքն էլ ձեռքի հետ կփրկվի: Քանի որ, որպեսզի ես կարողանամ նավը ջրի հատակից պոկել, առաջին հերթին պետք է բաց թողնեմ բալաստը, այսինքն` ազատվեմ Հովհաննիսյանից:
– Բայց կուսակցության նախագահը Հ.Հովհաննիսյանն է, ինքը ցանկացած ժամանակ կարող է գալ ու ձեզ հեռացնել կուսակցությունից:
– Դա համագումարն է որոշելու, ոչ թե Հովհաննիսյանը: Մտածում էի` Կարպ Խաչվանքյանի մահվանից հետո «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ փչան Թոդորոսի դերն այլեւս ոչ ոք չի կարող այդպես բարձր մակարդակով խաղալ: Բայց վերջին իրադարձություններն իմ մեջ հույս արթնացրին, որ Հովհաննիսյանը կգերազանցի նրան: Քանի որ Կարպ Խաչվանքյանը, որքան էլ տաղանդավոր դերասան էր, միեւնույն է, դերը խաղալու համար պետք է մտներ ուրիշի կերպարի մեջ: Իսկ Հովհաննիսյանի դեպքում կերպարի մեջ մտնելու կարիքն ամենեւին էլ չկա. նա իր էությամբ արդեն փչան Թոդորոս է, մնում է ընդամենը դուրս գա բեմ:
Հ.Գ. Երեկ մեզ չհաջողվեց այս խնդրի շուրջ ստանալ Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանությունները: Մեր թերթի առաջիկա համարում պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը։