Անցած շաբաթ օրը Երեւանում կատարվել է հերթական աղմկահարույց սպանությունը: Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենից սպանվել են հոր շիրմին այցելած Արտավազդ Վարդանյանն ու իր երկու ուղեկիցները՝ Վարդան Մելիքյանն ու Գրիգոր Ստեփանյանը: Արտավազդ Վարդանյանը 2006 թվականի մարտի 4-ին Երեւանի կենտրոնում սպանված Աշոտ Վարդանյանի` քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող «Քաղցրիկ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի որդին էր: Վերջինիս սպանությունը, ըստ իրավապահների, բացահայտվել է, սակայն սպանությունն իրականացնողը դեռ չի հայտնաբերվել: Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, շաբաթ օրը տեղի ունեցած սպանությունը կարող է կապ ունենալ վերջերս Երեւանում կատարված այլ աղմկահարույց սպանությունների հետ: Նշենք, որ միայն այս տարի Հայաստանում նմանօրինակ դաժան ու աղմկահարույց հանցագործությունների զոհ են դարձել մեկ տասնյակից ավելի մարդիկ: Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ «անձնուրաց աշխատանքի համար» «կիլոյով» մեդալներ են ստացել:
Շաբաթ օրը՝ հուլիսի 7-ին, երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենից սպանվել է միանգամից երեք մարդ: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ «անհայտ անձը» նշված վայրում սպանել է հոր շիրմին այցելած Արտավազդ Վարդանյանին եւ նրա ուղեկիցներ Վարդան Մելիքյանին ու
Գրիգոր Ստեփանյանին:
33-ամյա Արտավազդ Վարդանյանի դիակը հայտնաբերվել է հոր շիրմաքարի մոտ, իսկ 30-ամյա Վարդան Մելիքյանինը՝ գերեզմանի ցանկապատի մոտ: 42-ամյա Գրիգոր Ստեփանյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Իսկ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, «դեպքի վայրում կայանված Ա. Վարդանյանին պատկանող «Ֆորդ-էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստարանին հայտնաբերվել եւ առգրավվել է «Սայգա-Մ4» տիպի 7.64 տ/չ ակոսավոր որսորդական հրացան»: Հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը, որից էլ տեղեկանում ենք, որ գերեզմանատանը սպանություններն իրականացրել է «չպարզված անձը», եւ, որ դեպքի օրն Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի ու 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (2 եւ ավելի անձանց սպանություն, ապօրինի զենք, զինամթերք պահելը): Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 14 պարկուճ եւ մեկ գնդակ: Ի դեպ, Արտավազդ Վարդանյանը «Քաղցրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախկին տնօրեն Աշոտ Վարդանյանի որդին է: Հիշեցնենք, որ «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն, 1952-ին ծնված Աշոտ Վարդանյանը սպանվել էր 2006 թվականի մարտի 4-ին, օրը ցերեկով՝ Երեւանի կենտրոնում (Սայաթ-Նովա փողոցի թիվ 37 շենքի մոտ)՝ գլխին եւ կրծքավանդակին արձակված կրակոցներից: Հանցագործությունը կատարվել էր բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Այն պահին, երբ Աշոտ Վարդանյանը փորձել էր նստել «Նիվա» մակնիշի իր ավտոմեքենան, անհայտ անձը երկու անգամ կրակել էր նրա վրա ու դիմել փախուստի: Այս դեպքից մոտ երեք ամիս անց հայրենի իրավապահները հայտարարեցին, որ հանցագործությունը բացահայտվել է: Հաստատվել էր վրեժխնդրության վարկածը: Իրավապահները պարզել էին, որ Աշոտ Վարդանյանի սպանությունը կատարել է Երեւանի բնակիչ Հ. Կարապետյանը: Որոշվել էր Հ. Կարապետյանին ներգրավել որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հետախուզվողը, սակայն, մինչ օրս չի հայտնաբերվել: «Քաղցրիկ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր-տնօրենն էր Աշոտ Վարդանյանը, զբաղվում է տորթերի եւ քաղցրավենիքի արտադրությամբ ու վաճառքով: Աշոտ Վարդանյանի, իսկ շաբաթ օրն էլ՝ նրա շիրիմին այցելած որդու ու վերջինիս երկու ուղեկիցների սպանությունը, ըստ որոշ լուրերի, Վարդանյանների ընտանիքի նկատմամբ թշնամանքի դրսեւորում է ու հաշվեհարդար: Որոշ տեղեկությունների համաձայն, դեռեւս տարիներ առաջ Աշոտ Վարդանյանի եւ ինչ-որ անձանց միջեւ ընդհարումներ են եղել, որոնք այդպես էլ չեն հանգուցալուծվել: Լուրեր կան այն մասին, որ սպանությունների այս շղթայի մաս կարող է լինել նաեւ այս տարվա մայիսի 9-ին «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանված Ստեփան Վարդանյանի սպանությունը: Ըստ այդմ, Արտավազդ ու Աշոտ Վարդանյանները եւ «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանված Ստեփան Վարդանյանն ազգականներ են, իսկ սպանությունների պատճառը ներընտանեկան հաշվեհարդարն է: Խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ այդ ընդհարումները կապված են ինչ-ինչ բիզնեսներում վերահսկողություն հաստատելու հետ, այսինքն՝ ազգականները համաձայնության չեն եկել որոշ հարցերում ու սկսել են միմյանց հետ նման ձեւով հաշվեհարդար տեսնել: Հիշեցնենք, որ հենց Ստեփան Վարդանյանի սպանության գործով էր որպես վկա կամավոր Ոստիկանության շենք գնացել «Պանդոկի» տնօրեն Լեւոն Գուլյանը, ով, ըստ նրա հարազատների, սպանվել եւ այնուհետեւ ցած է նետվել Ոստիկանության շենքի լուսամուտից, իսկ Ոստիկանությունում էլ պնդում են, թե Գուլյանը փորձել է լուսամուտից փախչել, բայց վայր է ընկել ու մահացել: Ինչեւէ, շաբաթ օրը Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը տեղի ունեցած սպանությունները հերթական անգամ հիշեցնում են, որ Հայաստանում ապրելը վտանգավոր է մարդու կյանքի համար, քանի որ մեր երկրի իրավապահ մարմինների հիմնական գործն էլ իրականում կարծեք թե հանցագործությունները կանխելն ու կատարված հանցագործությունները բացահայտելը չէ: Բավական է հիշեցնել, որ նախորդ մի քանի տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել 4-5 տասնյակ աղմկահարույց սպանություններ, որոնց ճնշող մասը մինչ օրս չի բացահայտվել: Միայն այս տարի Երեւանում եւ հանրապետության խոշոր մյուս քաղաքներում աղմկահարույց սպանությունների զոհ են դարձել տասնյակից ավելի մարդիկ: Այդ սպանությունների մեծ մասը եւս մինչ օրս բացահայտված չէ: Այսպես, հունվարի 24-ին իր աշխատասենյակում սպանվել էր Վանաձորի ավագ նոտար Սոնա Վերանյանը: Փետրվարի 15-ին Երեւանի Տերյան փողոցում գտնվող «Ռելաքս» դիսկո-ակումբում հնչած կրակոցներից սպանվել էին 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանը եւ 1973թ. ծնված Մհեր Պողոսյանը (վերջինս քրեական աշխարհում հայտնի էր «Մգըստ» մականունով)։ Այս դեպքից մի քանի օր անց ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտվել է, իսկ սպանողի անունն էլ Վ. Գեւորգյան է: Մարտ ամիսը համեմատաբար խաղաղ էր անցել, իսկ ահա ապրիլի 2-ին Աշտարակ-Գյումրի ճանապարհին ինչ-որ ավտոմեքենայից կրակ էր բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական մեքենայի ուղղությամբ: Արդյունքում սպանվել էին քաղաքապետի երեք թիկնապահները, իսկ քաղաքապետն ու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը եւ վարորդ Վարազդատ Ղուկասյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքը բացահայտված չէ: Սրանից մի քանի օր անց պայթեցվեցին Երեւանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2 գրասենյակներ: Այս դեպքը եւս դեռ չի բացահայտվել: Իսկ ապրիլի 23-ին Վանաձորում սպանվել էր պատգամավորի թեկնածու Վիկտոր Դալլաքյանի կողմնակից Հրանտ Հակոբյանը: Ապրիլի 28-ին Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում հնչած կրակոցներից սպանվել էր 41-ամյա Սամվել Շահվերդյանը (վերջինս Կոմիտասում հայտնի թաղային հեղինակություն էր եւ հայտնի էր «Մերգելյանի Սամվելիկ» մականունով): Մայիսի 9-ին, ինչպես արդեն նշեցինք, «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանվել էր Ստեփան Վարդանյանը, իսկ դրանից երեք օր անց՝ այս գործով վկա Լ. Գուլյանը Ոստիկանության շենքում կասկածելի հանգամանքներում մահացել էր: Մայիսի 20-ին էլ Գյումրիում օրը ցերեկով զինված «ռազբորկա» էր տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետի որդու եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղական կառույցի ղեկավար, Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդու մասնակցությամբ: Այդ օրվանից անհետացել է «ռազբորկայի» վայրի մոտերքում խաղացող մի երեխա: Վիրավորվել էր մոտակա խանութներից մեկի աշխատակիցն ու եւս մի հոգի: Քաղաքապետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն հայրենի իրավապահները նրան դեռ չեն հայտնաբերել: Մինչեւ 2007 թվականի ավարտը ավելի քան հինգ ամիս ժամանակ կա: