Մահ կամ արժանապատվություն

11/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թուրքիայի Քրեական օրենսգրքում կա հատուկ հոդված, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Դա տխրահռչակ 301-րդ հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ մտավորականների, այդ թվում եւ՝ մեր հայրենակից Հրանտ Դինքին:

Քրեական օրենսգրքի այդ հոդվածի համար Թուրքիան եվրակառույցների ու ընդհանրապես համաշխարհային հանրության կողմից բազմիցս քննադատվել է: Թերեւս բացառված չէ, որ Հայաստանում էլ նույնաբովանդակ մի օրենք ընդունվի, քանի որ պարզվում է՝ մեր «կիսաիշխող» կուսակցության` ՀՅԴ-ի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի արժանապատվությունը ամենօրյա ռեժիմով` օրը երեք-չորս անգամ ոտնահարվում է: Բանն այն է, որ երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, թե հանրային ռադիոյի եթերով «Ազատության» հեռարձակումը վիրավորում է իր ազգային արժանապատվությունը: «Ես միշտ վիրավորված եմ զգացել, իմ ազգային արժանապատվությունը վիրավորված է զգացել, որ իմ պետությունն այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրում միայն նյութականի պակասի պատճառով: Ես ուրախ կլինեմ, եթե մեր պետությունն ունի այնպիսի հնարավորություն, որ այլեւս որեւէ պետության, անկախ նրանից՝ դա Ամերիկան է, Ռուսաստանը, Ֆրանսիան թե Պարսկաստանը, ռադիոհաղորդում չտրամադրի,- ասել է Հ. Մարգարյանն ու ավելացրել,- Դա ուղղված չէ Ամերիկայի դեմ, ուղղված չէ որեւէ ռադիոկայանի դեմ, դա ուղղված է մեր ազգային արժանապատվությանը»: Իսկ կոնկրետ «Ազատությունը» ոտնահարո՞ւմ է Հ. Մարգարյանի ազգային արժանապատվությունը: Այս հարցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է. «Երբ իմ պետական ռադիոկայանով է հաղորդվում: Ոչ թե «Ազատությունը»՝ որեւէ պետության որեւէ այլ կազմակերպություն, եթե կարողանում է իմ հանրային ռադիոկայանը առնել փողի շնորհիվ, դա իմ արժանապատվությունը վտանգում է: Եվ կարծում եմ, որ բոլոր ազատ մարդկանց արժանապատվության հարցն է դա: Ազատ մարդը չի ուզի, որ փողով վաճառվի: Եթե փողով չենք վաճառվում, ուրեմն, թող ամեն մարդ օգտվի դարի հնարավորություններից, դարի կարելիություններից եւ լսելի դառնա մեր ժողովրդին»: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն էլ է ֆինանսավորվում դրսից (որն, ի դեպ, ՀՀ օրենքներով արգելվում է, ու հենց այդ հիմնավորմամբ էլ 1994-ի վերջին ՀՀ-ում կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը), Հ. Մարգարյանն այսպես է արձագանքել. «Դրսի փողը այլ պետության փողից շատ տարբեր է, շատ-շատ տարբեր է՝ էությամբ, բովանդակությամբ»: Այնուհետեւ դաշնակցական Հ. Մարգարյանն ավելացրել է. «Երկրորդ, այսօրվա Հայաստանի իրականությանը ով ծանոթ է, գիտի, որ դրսի ֆինանսավորման անհրաժեշտություն չկա: Դաշնակցությունն այսօր Հայաստանում ինքնաֆինանսավորվող է»: Ըստ նրա, ՀՅԴ-ի համար հարցը ոչ թե ազատ խոսքը սահմանափակելն է, այլ ճիշտ հակառակը՝ «ազատ խոսքն իր ճիշտ տեղում դնելը»: Իսկ Հ. Մարգարյանը կարո՞ղ է ասել, որ խոսքի ազատությունն այնքան լավ վիճակում է Հայաստանում, որ «Ազատության» կարիքը չկա: Այս հարցին Հ. Մարգարյանի պատասխանից էլ պարզ է դառնում, որ դաշնակցականների համար Հայաստանում խոսքի ազատության մակարդակն այնքան էլ կարեւոր չէ: «Ես կարող եմ ասել, որ խոսքի ազատությունը լավն է թե վատ՝ դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն է, որ մենք մեր ուժերով նվաճենք այդ խոսքի ազատությունը, ուրիշի ընծայած ազատությունը ինձ պետք չէ: Եթե ազատությունը ընծայվում է, նվիրվում է, դա ինչ-որ իմաստով բռնություն է: Սա, կարծում եմ, պետական արժանապատվության հարց է եւ ոչ թե խոսքի ազատության հարց: Հարցն այն է, որ մի պետություն մի այլ պետության ռադիոհաղորդում չտրամադրի, մի այլ պետության չտրամադրի հնարավորություն, որ գա իր երկրում իր ներքին հարցերի կապակցությամբ աշխատանք տանի»,- ասել է Հ. Մարգարյանը: Ի պատասխան հիշեցմանը, թե «երբ դաշնակցության որոշ ընկերներ բանտերում էին, եւ Հայաստանում արգելվեց կուսակցության գործունեությունը, այդ դրսի փողերով ներմուծված ռադիոկայանն էր հասցնում ժողովրդին այն, ինչ կատարվում էր Հայաստանում», Հ. Մարգարյանն արձագանքել է. «Նախ, հավատացած եմ, որ այսօր ոչ ոքի ընկերները բանտում չեն, այդ վիճակը չէ Հայաստանում: Երկրորդ, հավատացած եմ, որ մեզ չէին պաշտպանում մեր աչքերի սիրու, մեզ պաշտպանում էին ռեժիմի նկատմամբ ունեցած թերահավատության համար»: Ի դեպ, այն, որ «այսօր ոչ ոքի ընկերները բանտում չեն», մեղմ ասած, վիճելի է: Այսօր բանտում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Վարդան Մալխասյանը, Արման Բաբաջանյանը, վերջապես, հենց Հ. Մարգարյանի ընկերները, ովքեր, թեեւ ՀՅԴ-ն արդեն մոտ 10 տարի է՝ ՀՀ-ում իշխանության մաս է, այդպես էլ բանտերից դուրս չեն գալիս: Ու հայտարարելով, թե «այսօր ոչ ոքի ընկերները բանտում չեն», Հ. Մարգարյանը փաստորեն ընդգծում է նաեւ, որ 1994-ից ՀՅԴ-ական վերնախավի հետ բանտերում հայտնված եւ, ի տարբերություն այդ վերնախավի (որն «իրավիճակի փոփոխության» արդյունքում հայտնվեց ազատության մեջ)՝ մինչ օրս բանտում մնացածներն իրենց ընկերները չեն: Բա ասում էիք՝ հին ընկերները չեն դավաճանում: