Օրերս մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը վաճառում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ): «Vedanta Resources»-ը մետաղների հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն է, որը տարբեր երկրներում շահագործում է արծաթի, պղնձի, երկաթի, ցինկի եւ այլ հանքավայրեր: «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունն» այս ընկերության սեփականությունն է դարձել անցյալ տարի. մինչ այդ այն պատկանում էր օտարերկրյա մեկ այլ ընկերության՝ «Sterlit Gold»-ին: Իհարկե, հետագայում պարզվեց, որ այս երկու ընկերությունները պատկանում են նույն մարդուն՝ ազգությամբ հնդիկ Անիլ Ագարվալին. պարզապես առաջին ընկերությունը գրանցված է Լոնդոնի, իսկ երկրորդը՝ Կանադայի Տորոնտո քաղաքի ֆոնդային բորսաներում: Այսինքն` անցյալ տարի կայացած գործարքի արդյունքում ԱՈԱՁ-ն նույն սեփականատիրոջը պատկանող մի ընկերության հաշվեկշռից անցել է մյուսին: Նշենք, որ դեռեւս 1998թ. «Sterlit Gold»-ը ԱՈԱՁ-ի ընդամենը 50 %-ի բաժնետերն էր, մյուս 50 %-ը պատկանում էր ՀՀ կառավարությանը: Ընկերությունը համատեղ ձեռնարկություն էր, որտեղ բաժնետերերից յուրաքանչյուրն ուներ 11 մլն դոլար կանոնադրական կապիտալ: 2002թ. ՀՀ կառավարությունը իր 50% բաժնեմասն ընդամենը 3,5 մլն դոլարով վաճառեց «Sterlit Gold»-ին: Եվ Ա. Ագարվալն ընդամենը 14,5 մլն դոլարով տիրացավ ավելի քան 50 տոննա կամ 1,7 մլրդ դոլար արժողությամբ ոսկու պաշարներ ունեցող հանքին: Ի դեպ, միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, թե Անիլ Ագարվալը եւ աշխարհով մեկ սփռված նրա ընկերությունները ինչպիսի կոպիտ օրենսդրական եւ նորմատիվային խախտումներով են շահագործում իրենց պատկանող հանքերը. նրանք հնարավորինս քիչ ներդրումներով հանքերից հնարավորինս մեծ քանակությամբ հանածո են արդյունահանում եւ ճիշտ ժամանակին դրանք վաճառքի են հանում: Նախորդ տարիներին ՀՀ Բնապահպանության նախարարությունը ԱՈԱՁ-ում մի քանի անգամ ստուգումներ է անցկացրել եւ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել: Դեռեւս ավարտված չէ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ԱՈԱՁ-ի միջեւ դատական վեճը, սակայն «Vedanta Resources»-ը ցանկանում է վաճառել գործարանն ու Սոդքի հանքը շահագործելու իրավունքը: Իսկ ինչո՞ւ է սեփականատերը ցանկանում ազատվել այդքան հեշտ ու էժան ձեռք բերած ոսկու հանքից: Այս եւ խնդրին առնչվող մեր մի քանի այլ հարցերին պատասխանում է ԱՈԱՁ-ի գլխավոր տնօրեն, ազգությամբ հնդիկ Բ.Կ. Շարման:
– Պարոն Շարմա, ինչո՞ւ է «Vedanta Resources»-ը ցանկանում վաճառել ԱՈԱՁ-ն:
– Դա «Vedanta» Գրուպի մտադրությունն է: ՀՀ կառավարությունը կողմ չէ, որ ԱՈԱՁ-ն գործի Հայաստանում, ու նրանց կարգադրությամբ ենք վաճառում:
– Ինչո՞ւ կողմ չէ, դժգո՞հ է ձեր աշխատանքից, թե՞ ցանկանում է, որ սեփականատեր դառնա մեկ ուրիշ ընկերություն:
– Չեմ կարող ասել, մեր հանդիպումների ժամանակ ուղղակի ասվել է, որ վաճառենք:
– Կառավարության ո՞ր պաշտոնյան է ասել, որ պետք է վաճառեք:
– Անձի անունը կարեւոր չէ, բայց դա նախագահի աշխատակազմից է:
– Իսկ չե՞ն ասել, թե ինչո՞ւ պետք է վաճառեք:
– Պատճառը չեն ասել, բայց ասել են, թե կողմ են, որ վաճառենք ու գնանք այստեղից: Դուք երեւի տեղյակ եք, որ Բնապահպանության նախարարությունը մեզ մեղադրում էր ոսկի թաքցնելու համար: Այդ պատճառով երկու ակտ էր գրել, բայց հենց երեկ ՀՀ Տնտեսական դատարանն այդ երկու ակտերն էլ անվավեր է ճանաչել: (ՀՀ Բնապահպանության նախարարությունից երեկ այս փաստը հաստատեցին.- Ա.Ա.): Այսինքն` նման մեղադրանքներն անհիմն են: Դրանից հետեւում է, որ մենք ինչ-որ անում ենք, անում ենք օրենքի սահմաններում:
– Եթե այդքան արդար եք աշխատում, ինչո՞ւ ենթարկվեցիք ճնշումներին եւ վաճառքի հանեցիք գործարանը: Ինչո՞ւ Հայաստանի կամ թեկուզ միջազգային դատարանում չփորձեցիք պաշտպանել ձեր իրավունքները եւ, ինչպես «Գլոբալ գոլդ»-ը, դատի չտվեցիք ՀՀ կառավարությանը կամ նախագահի աշխատակազմի այդ ներկայացուցչին:
– «Գլոբալ գոլդի» դեպքում կասեցրել էին նրա լիցենզիաները, իսկ մեր դեպքում ոչ մի կոնկրետ գործողություն չի կատարվել, հետեւաբար մենք դատարան դիմելու հիմք չենք ունեցել: Մենք գործունյա մարդիկ ենք, իսկ «Vedanta»-ն շատ մեծ համբավ ու միլիարդավոր դոլարների հասնող կապիտալ ունեցող ընկերություն է: Նման ոչ ֆորմալ պայմաններում կարիք չկա գործելու, որովհետեւ շատ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում ոչ միայն կոնկրետ կառավարության եւ նախագահի աշխատակազմի, այլ նաեւ պետական բոլոր կառույցների կողմից:
– Ձեր տարաձայնությունը ՀՀ կառավարության հետ մի քանի տարիների պատմություն ունի, իսկ անցյալ տարի Ա. Ագարվալը եկավ Հայաստան եւ հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյոք նրանք այդ տարաձայնությունները չկարողացա՞ն հաղթահարել:
– Անցյալ տարի, երբ Ագարվալը եկավ, խոսակցություն էր գնում մոտ 100 մլն դոլարի ներդրումների մասին: 35 մլն դոլար արդեն ներդրվել է եւ բազմաթիվ սարքավորումներ են գնվել, սակայն նրա մեկնելուց հետո սկսեցին խոչընդոտներ առաջանալ:
– Իսկ ե՞րբ է ավարտվում ԱՈԱՁ-ի վաճառքի գործարքը, կոնկրետ գնորդներ կա՞ն եւ, եթե այո, ապա ի՞նչ ընկերություններ:
– Արդեն ավարտին է մոտենում գործարքը, եւ մենք կառավարությանը տեղեկացրել ենք, որ վաճառքի գործընթացը գրեթե վերջացրել ենք, մոտենում ենք առքուվաճառքի պայմանագրի կնքմանը: Ընկերությունը վաճառելու համար մրցույթ է հայտարարվել, տարբեր երկրների ընկերություններ հայտ են ներկայացրել, եւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ գնորդը «Մադնեուլի» կազմակերպությունն է:
– Ինչո՞ւ եք հաղորդագրությունը ցույց տալիս, դուք չե՞ք կարող ասել, թե ով է գնել ԱՈԱՁ-ն: Բացի այդ, Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարությունը հերքում է, որ այդ հաղորդագրությունն ինքն է տարածել:
– Շատ շուտով մենք կհայտարարենք, թե ով է գնել գործարանը:
– Հայտնի է, որ ընկերությունն ավելի քան 10 մլն դոլարի հարկային պարտքեր եւ կրկնակի-եռակի ավելի շատ տուգանքներ ունի վճարելու եւ այդ պատճառով գրավիչ չէ միջազգային շուկայում: Կարծիք կա, թե ԱՈԱՁ-ի վաճառքն իրականությանը այնքան էլ չի համապատասխանում, եւ թե ԱՈԱՁ-ով առանձնապես շատ ընկերություններ չեն հետաքրքրվել, ինչպես ներկայացնում եք: Եվ այդ վաճառքի մասին կեղծ խոսակցություններն ու մամուլի հրապարակումները հենց ԱՈԱՁ սեփականատերերն են կազմակերպել, որպեսզի հետաքրքրություն առաջացնեն եւ բարձրացնեն ընկերության բաժնետոմսերի գինը բորսայում: Բացի այդ, լուրեր կան, որ իրականում, «Մադնեուլին» ընդամենը հետաքրքրված է ԱՈԱՁ-ով, սակայն առայժմ մտադիր չէ գնել, քանի որ մեծ պարտքեր, ներդրումային պարտավորություններ ունեք, որ չեք կատարել, եւ որեւէ գնորդ չի ցանկանա նման բեռի տակ մտնել:
– Հակառակը՝ «Vedanta»-ի գները Լոնդոնի բորսայում բարձրանում են. եթե 2 ամիս առաջ 1 բաժնետոմսի գինը 12 ֆունտ էր, ապա հիմա 17 ֆունտ է: «Vedanta»-ն շատ խոշոր կազմակերպություն է, եւ Արարատ ոսկին կազմում է նրա բիզնեսի չնչին մասը՝ 0,5%: Իսկ Հարկային ծառայության կազմած ակտի բազմաթիվ դրույթների հետ համաձայն չենք, մեր խորհրդատուի միջոցով տարաձայնությունների ակտ ենք կազմել, որը քննվում է հարկայինի գանգատարկման հանձնաժողովում:
– Դուք կարծում եք, որ այդ տույժ ու տուգանքները բարդել են գործարանի վրա, որպեսզի ստիպված վաճառե՞ք:
– Շատ հնարավոր է, որ այդ գումարների չափերն իրական չլինեն:
– Ուրիշ ո՞ր երկրներում «Vedanta»-ն ոսկու գործարան ունի:
– Ոչ մի երկրում:
– Փաստորեն ԱՈԱՁ-ն «Vedanta»-ի համար առաջինն էր, ու գործարքն անհաջող ստացվեց:
– Դա Ագարվալի նախաձեռնությունն էր, նա ուզում էր այստեղ ներդրումներ կատարել:
– Իսկ որքանո՞վ եք վաճառել ԱՈԱՁ-ն:
– Գաղտնիք է:
Հ.Գ. «Արմինֆո» լրատվական գործակալությունը բրիտանական իր աղբյուրներին հղում անելով՝ հաղորդագրություն է տարածել, թե առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՈԱՁ-ի վաճառքի պայմանագիր է ստորագրվելու «Vedanta» կազմակերպության եւ վրացական «Մադնեուլի» ընկերության միջեւ: «Մադնեուլի» ընկերության սեփականատերը Ռուսաստանի «Արդյունաբերական ներդրողներ» ֆինանսաարդյունաբերական խումբն է, իսկ որպես դրա գլխավոր շահառու՝ հանդես է գալիս ռուս օլիգարխ Սերգեյ Եներալովը: Ըստ «Արմինֆոյի», գործարքի գումարը կարող է կազմել 80-100 մլն դոլար: