Պուտին. եկա, ասացի, հաղթեցի

11/07/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ժամանելով Գվատեմալա եւ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով ելույթներ ունենալով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր ունեցավ 2014թ. Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու հարցում: Այդ հաղթանակն առաջին հայացքից սենսացիոն է թվում. նախնական տվյալներով` Ռուսաստանն այս հարցում զիջում էր Ավստրիային ու Կորեային: Սոչիի օգտին չէր նաեւ այն, որ այստեղ դեռ ոչ մի պատրաստ կառույց չկա Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու համար, այն դեպքում, երբ, օրինակ, Զալցբուրգը, որը խաղերի անցկացման հավակնորդներից մեկն էր, կարող է Օլիմպիական խաղերն անցկացնել թեկուզ վաղը: Եթե, իհարկե, պատկերացնենք, որ վաղն այնտեղ ձյուն կգա:

Այս թեմայի մասին խոսելիս՝ ռուսաստանյան վերլուծաբաններն առաջատար լրագրերի էջերում զբաղվում էին վերջին ժամանակներս Ռուսաստանի համար բնորոշ ինքնախարազանմամբ եւ դժգոհում Ռուսաստանի նկատմամբ համընդհանուր անարդար վերաբերմունքից: Այդ ելույթների ճնշող մեծամասնության էությունը հետեւյալն է. ինչպիսի՜ դժբախտություն` հավակնելով Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելուն` մենք դեռ ոչինչ չենք կառուցել, իսկ եթե նույնիսկ կառուցեինք էլ, ապա Ռուսաստանին հակազդող աշխարհը կմերժեր Օլիմպիական խաղերն այստեղ անցկացնելու իրավունքը: Դատողությունների պարզունակությունը, որ խորանում է ավանդական կասկածամտությամբ, բավականին ձանձրացրել է անգամ հասարակ ռուսաստանցիներին: Սակայն, ինչպես երեւում է, դրանից չեն ձանձրացել փորձագիտական ընկերությունների ներկայացուցիչները: Ի՞նչ ասես փորձագետների մասին, եթե անգամ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը, առանց դույզն-ինչ երկմտելու, հայտնի լրատվամիջոցներով խոսում է ռուսների նկատմամբ անգլիացիների կանխակալ վերաբերմունքի մասին: Ի դեպ, այդ առթիվ ուղիղ եթերում ջախջախիչ ակցիա արեց «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանը. մի ժամվա ընթացքում հաղորդմանը զանգահարած ռադիոլսողներից եւ ոչ մեկը համաձայն չէր դեսպանի հետ: Այսինքն` ռուսաստանցիների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին միֆն այս հաղորդման մեջ, մասնավորապես, եւ հույս ունենք, որ ընդհանրապես, ջախջախվեց: Սակայն խոսքն այս մասին չէ, այլ Օլիմպիադայի:

Զբաղվելով ինքնախարազանմամբ` փորձագետներն ու չինովնիկները չգիտես ինչու ուշադրություն չէին դարձնում այն հանգամանքին, որ Գվատեմալա էր մեկնելու անձամբ Պուտինը: Եվ ոչ թե Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստին պարզապես ներկա գտնվելու, այլ ելույթ ունենալու համար: Ռուսաստանի նախագահի այցի մասին, իհարկե, խոսվում էր, սակայն մի տեսակ թռուցիկ եւ նույնիսկ տարակուսանքով. իբր` միեւնույն է, շանսեր չկան, էլ ինչո՞ւ մեկնել, այն էլ՝ հսկայական պատվիրակությամբ: Չգիտեմ`անկե՞ղծ էին արդյոք այս պարտվողական տրամադրությունները, թե՞ շինծու: Սակայն իմանալով Ռուսաստանի նախագահի բնավորությունը` կարելի է գրեթե բացարձակ վստահությամբ պնդել, որ եթե հաջողությանն ինչ-որ բան սպառնար, նա չէր հայտնվի ՄՕԿ-ի վճռորոշ նիստին: Իսկ այստեղ եղավ այն, ինչ եղավ: Պուտինը եկավ, ասաց, հաղթեց: Իսկ հասարակ քաղաքացիներին ներշնչում են, որ եթե նախագահը չլիներ, Ռուսաստանն այդպես էլ Օլիմպիական խաղերի երեսը չէր տեսնի:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Ռուսաստանն ընդունում է Օլիմպիադան մինչ այդ չտեսնված բազմամիլիարդանոց բյուջեով, որն, ակնհայտորեն, օբյեկտների կառուցման ընթացքում էլ ավելի կաճի: Վլադիմիր Պուտինի առանց այդ էլ բարձր վարկանիշն աներեւակայելի թռիչք կապրի: Նրա պաշտոնավարման ժամկետի երկարացման մասին խոսակցությունները զանգվածային բնույթ են ստանում, իսկ հարցը կարող է դրվել համընդհանուր քննարկման: Կովկասյան տարածաշրջանի գոնե այն հատվածներում, որոնք մոտ են Օլիմպիադայի անցկացման վայրին, մինչեւ խաղերի ավարտը երաշխավորված խաղաղություն կտիրի… Եվ, թերեւս, ամենագլխավորը. Ռուսաստանը կարող է ազատվել նախկին գերտերություն լինելու բարդույթից` Օլիմպիական խաղերի շնորհիվ ազատվելով «նախկին» բառից: