Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանի ներկայացուցիչը մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փոխվի: Բանն այն է, որ առաջիկայում սպասվում է դատավորի նոր ընտրություններ. ներկայումս ԵԽ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Ռուսաստանի, վավերացրել են մի արձանագրություն: Այն Ռուսաստանի կողմից վավերացվելու դեպքում ուժի մեջ կմտնի: Այդ արձանագրության համաձայն՝ ՄԻԵԴ դատավորները կնշանակվեն 9 տարով, սակայն՝ առանց վերընտրման հնարավորության: Սա ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ դատավոր Ալվինա Գյուլումյանի, ավելի անկախ է դարձնում դատավորներին, քանի որ նրանք երկրորդ անգամ ընտրվելու նպատակով ազգային իշխանություններին հաճոյանալու կամ ծառայելու անհրաժեշտություն չեն ունենա: Ալվինա Գյուլումյանը վստահ չէ, որ Հայաստանից նորից ինքը կընտրվի: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացրել է 4 թեկնածու: Իսկ ընտրությունը կատարվելու է ԵԽ ԽՎ հերթական նստաշրջաններից մեկում: Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ընդունվել 600 դիմում, որոնցից միայն երկուսի վերաբերյալ է կայացվել վճիռ: Երրորդ գործով վճիռը կկայացվի մինչեւ հուլիսի կեսը: «Ա1+»-ը փոխանցում է նաեւ, որ հայ դատավորն ընդգրկված է Եվրոպական դատարանի Երրորդ պալատում, որի նախագահը Սլովենիայի ներկայացուցիչն է: Այդ պալատում նախկին Խորհրդային Միության հանրապետություններից եւ ոչ մեկը ներկայացված չէ. բացի Հայաստանից եւ նախագահից՝ Սլովենիայից, Երրորդ պալատում ներկայացված են Ռումինիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Հոլանդիան եւ Լատվիան, Մոնակոն: Այսինքն, հենց այս դատավորներն են լսում Հայաստանից ընդունվող գործերը: Խոսելով հայաստանյան երկու բավարարված հայցերի մասին, տիկին Գյուլումյանը նշել է, թե որքան անհարմար վիճակում էր ինքը հայտնվել հատկապես Միշա Հարությունյանի գործի քննության ժամանակ, երբ պարզել էր, որ ցուցմունք կորզելու նպատակով Հայաստանի Զինվորական դատախազությունում եղունգներ են քաշել: Բայց նաեւ՝ «ի պատիվ Հայաստանի իրավապահ մարմինների», տիկին Գյուլումյանն ընդգծել է, որ այդ դաժանություններն իրականացնողները Հայաստանում դատապարտվել են՝ մինչեւ գործը ԵԴ հասնելը: Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցման խնդրին, ապա Ալվինա Գյուլումյանը նկատել է, որ եթե դատարանը դրամական փոխհատուցում է որոշում, ապա պատասխանող կողմը պարտավոր է 3 ամսվա ընթացքում վճարել գումարը դիմումատուին. այլապես բանկային հաշվով տոկոս է գալիս սահմանված գումարին: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Գյուլումյանի աշխատակազմում կա մի երիտասարդ, որը Հայաստանից եկող գործերը հետ է ուղարկում, Ալվինա Գյուլումյանը հերքել է՝ հայտարարելով, որ ոչ միայն չի կարող մերժվել, այլ անգամ ծրարը չի կարող վնասված լինել, որովհետեւ ինչ գործ որ մուտք է լինում ԵԴ, անմիջապես պատասխան նամակով հավաստիացումն է ուղարկվում կոնկրետ երկիր, որ իրենք ստացել են գործը: Եվ շատ անգամ սա շփոթմունքի տեղիք է տալիս. մարդիկ մտածում են, որ այդ նամակը նշանակում է, որ գործն ընդունված է: Նշենք, որ մի քանի տարի առաջ հայաստանյան մամուլում հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Գյուլումյանի աշխատակազմում աշխատող նշված երիտասարդը հարբած վիճակում եւ ինչ-որ եվրոպացի աղջիկների հետ, գրեթե գետնին հավասարված, «բարձր էր պահում Հայաստանի պատիվը»: