Հայկական կինոյի զուսպ տեղաշարժերը

11/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Յուրաքանչյուր կինոփառատոն իր առջեւ նախեւառաջ սեփական երկրում կինոարտադրությունը խթանելու ու գնահատելու նպատակներ է դնում: Համաշխարհային ֆիլմերի ու ստեղծագործողների հետ ծանոթանալուց բացի, հարկավոր է նկատել նաեւ երկրի ներսում տեղի ունեցող շարժն ու շնորհալի հեղինակներին: Ազգային կինոյի զարգացման համար թարմ գաղափարներ, ֆինանսական աջակցություն ու շնորհակալ հանդիսատես է հարկավոր: Մեզ մոտ այդ երեք բաղադրիչներն էլ կաղում են: Եթե ցանկանա, փառատոնը կարող է հանդիսատես ձեւավորել, թարմ գաղափարների սկիզբ դնել եւ գումար ներդնելու ճանապարհները մատնանշել: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի հատուկ անվանակարգ է սահմանում` աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող հայ ռեժիսորների աշխատանքները ցուցադրելու համար: Ինչպես ասում է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը` «Ուզում ենք տեղաշարժերին արձագանքել ու ցույց տալ, որ հայ կինոն չի մահացել»: Հայ կինոյի թարմ ուժերն ու ներդրվող գումարները հիմնականում բավարարում են միայն կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման համար: Վերջին տարիներին նկարահանված մի քանի լայնէկրան ֆիլմերը թարմությամբ չեն փայլատակել եւ ավելի շուտ ցուցադրել են հեղինակային կինոյի քողի տակ թաքնված վատ կինոպատմությունները: Հայ կինոռեժիսորներից շատերն այնքան են ցանկանում ինքնադրսեւորվել, որ մոռանում են հանդիսատեսի մասին: Այն հանդիսատեսի մասին, որը ցանկանում է ինքն իր համար հետաքրքիր լինել ու էկրանից տեսնել իր զգացումները, այլ ոչ թե՝ հեղինակի պատկերացումներն այդ զգացումների մասին:

Ազգային ֆիլմը հետաքրքիր է աշխարհին միայն այն ժամանակ, երբ այդ ֆիլմը երկրի ներսում իր հանդիսատեսն է ունենում: Փառատոնը կարող է վերակենդանացնել այդ հետաքրքրությունը: Դա շատ լավ հասկանում են երիտասարդ կինոռեժիսորները, որոնց «Ոսկե ծիրանը» ցուցադրվելու հնարավորություն է տալիս: Որպեսզի այդ հնարավորությունը լոկ հնարավորություն չմնա, պետական ու հովանավորչական միջամտություն է հարկավոր: Կինոն` համարվելով ազգային քարոզչության ամենագեղեցիկ ու մասսայական մեխանիզմներից մեկը, օրինաչափ ու խելամիտ օգտագործվելու կարիք ունի: Այո, կինոն ծախսատար արվեստ է, ու դժվար է հաշվարկել նրա հաջողությունները (հաջողությունը միայն շահույթը ու մրցանակները չեն, ավելի շուտ` պրոֆեսիոնալ ֆիլմի տեսք ստացած վառ գաղափարներն են), բայց դա պետք է անել: Հայաստանում արդեն իսկ մի կինոսերունդ է կորել, կինոստուդիան դադարել է աշխատել եւ, Աստված գիտի, ինչպես կսկսի աշխատել հետագայում` արդեն մասնավորի կարգավիճակում: Իսկ կինոստուգայցների անցկացման, այսպես ասած` ներքին «կինոինվենտարիզացիայի» կարիքը, այսօր շատ արդիական է: «Ոսկե ծիրանը» տալիս է այդ հնարավորությունը: Երկու երիտասարդ ռեժիսորներ երեկ օգտագործեցին այն:

«Չեմ ուզում աջ ձեռքի մասնագետ դառնալ»

Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը վաղուց եւ մեծ հաճույքով ընկղմվել է իրեն մանկությունից ծանոթ ու սիրելի մուլտիպլիկացիայի աշխարհի մեջ: Նրա ծնողները` Ռոբերտ եւ Լյուդմիլա Սահակյանցները, հայ մուլտիպլիկացիայի զարգացման նոր ուղիներ են բացել` ստեղծելով բազմաշերտ, խորը եւ ցանկացած տարիքի մարդկանց համար նախատեսված ֆիլմ-առակներ: Դավիթի համար իր հայրը մեծ հեղինակություն է, ում հետ նա բնավ էլ չի ցանկանում մրցել ու մրցելով` սեփական յուրահատկությունն ապացուցել: Նա ստեղծում է փոքր ֆիլմեր, անիմացիոն տեսահոլովակներ ու սեփական ոճն է ձեւավորում: Դավիթը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացրել է իր «Չորս երգ» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որի հիմքը Ռուբեն Հախվերդյանի երգերն են: Այդ տասը րոպեանոց ֆիլմը 12 դրվագներից բաղկացած մանկական ֆիլմի միայն մի մասն է կազմելու: Նրա աշխատանքին միանալու են եւս երկու անիմատորների գործերը ու ստեղծվելու է Ռ. Հախվերդյանի «0-ից մինչեւ 100 տարեկան երեխաների համար» ձայներիզի պատկերաշարը: Դավիթի մտքով երբեք չի անցել թողնել Հայաստանն ու ինքնարտահայտվելու համար օտար երկրներ մեկնել: Նա համոզված է, որ կինոարտադրությանն աջակցող ավելի զարգացած համակարգ ունեցող երկրներում իր նմանները ոչ թե ռեժիսորներ, այլ` ստեղծագործական պրոցեսի միայն աննշան օղակը կարող են լինել: «Ավելի լավ է այստեղ ռեժիսոր լինեմ, քան ուրիշ երկրներում անիմացիոն կերպարի, ասենք՝ աջ ձեռքի հեղինակը դառնամ: Աջ ձեռքի մասնագետներն այնտեղ շատ են»,- ասում է նա:

– Պատվերով աշխատելիս` կարողանո՞ւմ ես քեզ ազատ զգալ:

– Պատվերներով աշխատելը լավ բան է: Պատվերը քեզ համար բնական սահմաններ է գծում եւ դնում այնպիսի վիճակի մեջ, որ այն հաղթահարելու ցանկություն ես զգում: Շրջանակների մեջ հայտնվելով` կենտրոնանում ես ու փորձ ես ձեռք բերում, որպեսզի հետագայում սկսես առանց շրջանակների աշխատել: Ես չեմ ուզում փոխել իրականությունը, ուզում եմ այնպիսի ստեղծագործություններ անել, որոնք իրենք կկարողանան ինչ-որ բան փոխել:

– Մուլտիպլիկատորները գրեթե գործ չեն ունենում մարդկանց հետ, նրանց հարկավոր չեն նկարահանման հրապարակներն ու դերասանները: Այդպես աշխատելը, երեւի, ավելի հեշտ է:

– Մուլտիպլիկացիան ունիկալ արվեստ է. նստում ես սեղանի մոտ ու սկսում ես միայնակ ստեղծել քո կերպարներն ու քո աշխարհը: Նույնն անում ես կինոյում, բայց մուլտիպլիկացիան ավելի ազատ արվեստ է, կինոն չունի այդ ազատությունը` թեեւ անիմացիոն տեխնոլոգիաները շատ են զարգացել եւ հաճախ են օգտագործվում կինոյում: Ֆեդերիկո Ֆելինին ասել է, որ երազում է մուլտֆիլմ նկարել, քանի որ մուլտիպլիկացիան շատ է գնահատում: Դա իսկապես զարմանալի աշխարհ է:

– Ռեժիսորները գրեթե միշտ ուզում են զարմացնել հանդիսատեսին ու բոլորից տարբերվող մի գործ ստեղծել: Դու կարծես նման ցանկություն չունես:

– Ամեն ինչը կախված է նրանից, թե ինչ խնդիրներ ես դնում քո առջեւ: Ոչ թե հանդիսատեսի առջեւ, այլ` ինքդ քո առջեւ: Եթե ուզում ես զարմացնել, էպատաժային ինչ-որ բան անել, ուրեմն, այդպիսի նպատակ ես հետապնդում: Ես նման նպատակներ իմ առջեւ չեմ դնում, նախընտրում եմ հանդարտ ու գեղեցիկ ֆիլմեր նկարահանել: Իսկ թե ի՞նչ կցանկանամ անել հետո` չգիտեմ:

– Երեւի շատ դժվար է լինում, երբ քեզ անընդհատ համեմատում են հայրիկիդ հետ:

– Իհարկե, դժվար է: Բայց ես հիվանդագին ու խանդոտ չեմ նայում դրան, քանի որ շատ եմ հարգում հայրիկիս: Ավելի դժվար կլիներ, եթե չգնահատեի նրա արածն ու միայն իմ արածը հավանեի: Ինձ հաճախ են հարցնում` այս գործը ամբողջովին դո՞ւ ես արել, թե՞ Ռոբն էլ է մասնակցել: Նման հարցերը բնական եմ համարում, կհարցնեն-կհարցնեն ու կդադարեն:

– Ռոբերտ Սահակյանցը քաղաքացիական վառ ու անզիջում դիրքորոշում ունեցող մարդ է, դու կարծես ավելի հանդարտ ու մեղմ մարդ ես:

– Բնավորությամբ ավելի հանգիստ եմ: Դեռ հանգիստ եմ, բայց եթե պետք լինի նրան որպես հրապարակախոսի փոխարինել, անպայման կփոխարինեմ:

– Համախոհներ ունենալը կարեւո՞ր է, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ կարեւոր չէ, համախոհներն իրենք են հայտնվում: Իսկ երբ սկսում ես համախոհներ փնտրել, իզուր ժամանակ ես վատնում:

– «Ոսկե ծիրանից» ի՞նչ սպասելիքներ ունես:

– Փառատոնը ցուցադրվելու հնարավորություն է տալիս: Հենց այդ հնարավորության համար էլ մասնակցում եմ: Ուզում եմ, որ տեսնեն ու գնահատեն իմ ֆիլմը: Ինձ հետաքրքրում է պրոֆեսիոնալների գնահատականը: Թող գան, նայեն, ես էլ կհետեւեմ արձագանքներին:

– Կինոն պետական պրոպագանդայի շատ հզոր լծակ է: Քո կարծիքով՝ հայ կինոն ի՞նչ է քարոզում:

– Պետական մակարդակով ոչինչ էլ չի քարոզում: Մի քանի մարդ նկարահանում են այն, ինչ ուզում են: Իսկ կինոն իսկապես պրոպագանդա է, ամերիկացիներն, օրինակ, կարողանում են աշխարհին ստիպել նայել այն, ինչը իրենք են ուզում, որ աշխարհը նայի: Մենք նման խնդիրներ մեր առջեւ չենք դնում: Դեռ չենք դնում:

«Սոված արվեստագետներին չեմ հավատում»

Քսանհինգամյա կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը կարճամետրաժ մի քանի ֆիլմերի հեղինակ է: Նա գտել է իր ճանապարհն ու իր թեման, շատ լավ գիտակցելով, որ կինոյով զբաղվելու համար պետք է որոշ իմաստով հերոս լինել: Բայց նա շատ համառ ու ամբողջական մարդ է, ով ուզում է կինո նկարահանել, եւ ուրիշ ոչինչ: Նրա կարծիքով` կինոն ոչ թե ռոմանտիզմ, այլ` սթափ տրամաբանություն է պահանջում: Եվ պնդաճակատություն: Նա ծնվել է Մարտակերտում, հիմա ապրում է Աշտարակում: Եվ երազում է հայ կնոջ մասին մեծ կինո նկարահանել: «Ոսկե ծիրանին» նա ներկայացրել է «Աշնան արեւ» ֆիլմը, որի հերոսուհին հիսնամյա պարուհի է, ով հասկանում է, որ կյանքը երբեք չի դադարում գեղեցիկ լինել: Այդ ֆիլմն ավարտելու համար նա մեկ տարի շարունակ ծեծել է «Հայֆիլմի» դռները: «Ե՛վ լաց եմ եղել, եւ՛ հայհոյել եմ, քանի որ չեմ հասկացել` ինչո՞ւ են ասում` վաղը արի, եթե պետությունը գումար է փոխանցել, որպեսզի ես ավարտեմ իմ ֆիլմը»,- ասում է նա:

– Կինոբազայի բացակայության պայմաններում Կինոյի ինստիտուտը սկսում է մեծ նշանակություն ձեռք բերել: Ինչպե՞ս ես գնահատում ինստիտուտի դերն ու տված գիտելիքները:

– Գիտեք, շատ հետաքրքիր ու լավ պրոցես սկսվեց այն ժամանակ, երբ մենք ընդհանրապես կուրսի ղեկավար չունեինք: Մեր կուրսը հավաքել էր Վիգեն Չալդրանյանը, հետո նա հեռացավ, եւ եկավ Էդգար Բաղդասարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, հետո նա էլ թողեց-գնաց: Վերջին կուրսերին մենք բարձիթողի վիճակում էինք, եւ մեզնից շատերը վերջապես հասկացան` թե ի՞նչ են իրականում ուզում անել: Այսինքն, ի՞նչ ենք ուզում մենք անել, այլ ոչ թե՝ ի՞նչ են ուզում անել մեր ղեկավարները, որոնք ամեն դեպքում միայն իրենց անձնական կարծիքով էին ուղղորդվում: Ինստիտուտում խառնաշփոթ է: Պարզ չէ, թե ի՞նչ հիմունքներով են այս կամ այն ուսանողին անվճար սովորելու հնարավորություն տալիս, հետո զրկում այդ հնարավորությունից, հետո ափսոսում, որ զրկել են…

– Համարձակ մտքեր ես ասում:

– Չեմ կարծում: Եթե իսկապես ուզում ես կինոյով զբաղվել, պետք է ճշտես քո անելիքը: Իմ առաջին ֆիլմը, որը «Սկիզբ» էր կոչվում, պատմում էր մի արվեստագետի մասին, որը պատրաստ է օրերով հաց չուտել, միայն թե իր սիրելի գործով զբաղվի: Անձամբ ես այդպես չեմ կարծում ու չեմ հրաժարվում փողից: Ուզում եմ լավ ապրել ու դեմ եմ «սոված արվեստագետների» փառաբանմանը: Եթե մնում ենք այս երկրում, պետք է աշխատենք: Ես ինքս բարձրագույն տվյալներով օժտված մարդ չեմ եւ շատ քիչ բան գիտեմ: Ուզում եմ սովորել, ուզում եմ, որ իմ կողքին պրոֆեսիոնալներ լինեն: Երբեք չեմ հեռանա Հայաստանից, քանի որ եթե այստեղ ինձ նման տասը մարդ կա, ապա ուրիշ երկրներում ինձ նման հարյուրավորները կան:

– Իսկ հաջորդ ֆիլմերի հերոսները նո՞ւյնպես կանայք են լինելու:

– Այո, անպայման: Ինձ հետաքրքիր է հայ կինը, որը շատ մեծ ներուժ ունի: Յուրաքանչյուր հանգամանքներում կինն իրեն շատ գեղեցիկ ու կանացի պետք է զգա: Դա իմ սկզբունքն է ու իմ ընտրած թեման: Նեղսրտած ապրող կանայք նախեւառաջ պետք է իրենք իրենց հարգել սովորեն:

– Շատ ամերիկյան կազմակերպություններ գենդերային հավասարություն են քարոզում, գնում են հայկական գյուղերն ու սովորեցնում` հրաժարվել տղամարդուն սպասարկելուց: Դա ճի՞շտ ես համարում:

– Ես շատ եմ նյարդայնանում, երբ նման ծրագրերի մասին են խոսում: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը գա ու մեզ ապրել սովորեցնի: Եթե կինն ուզում է ամուսնու գուլպաները լվանալ ու սուրճ եփել, թող անի: Դա չէ խնդիրը: Խնդիրը նրանում է, որ պետք է ընդունես, որ դու միայն գուլպա լվացող ու սուրճ բերող ես: Համոզված եմ, որ կինն ամուսնանալուց առաջ պետք է որպես անհատականություն կայանա, որպեսզի իր կողքին գտնվող տղամարդը հարգի նրան: Ես շատ բան ունեմ ասելու, ուզում եմ դա կինոյում ասել: