«Երեխեքս սովին չեն դիմանում»,- ասում է տիկին Էլիզան

11/07/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Էլիզայի հանրակացարանային սենյակի ճնշող մթնոլորտը մղձավանջի պես գորշացնում է ամբողջ օրդ, ու այդ ծանր տեսարանից միտքդ ոչ մի կերպ չի կարողանում ազատվել: Դրսի լույսին հակադրվում է նրա կացարանի մթությունը: Էլիզան իր երկու որդիների հետ շատ մռայլ տրամադրությամբ է օրը դիմավորում, որովհետեւ այլեւս չեն կարողանում կյանքի դժվարություններին դիմակայել: Մթի ու ցրտի տարիներին նրանք իրենց բնակարանը վաճառել են, որպեսզի պարտքով վերցրած գումարի տոկոսները կարողանան մարել: Հայտնվել են Վարդաշենի հանրակացարանում, որտեղ սեփականության իրավունք էլ չունեն, իսկ սենյակի վարձավճարը չեն կարողանում տալ, եւ պարտքեր են կուտակվել: Նրանց փոքրիկ խուցն ամեն ինչ է` եւ ննջասենյակ է, եւ հյուրասենյակ, եւ խոհանոց, եւ լոգարան… Դրա համար էլ սենյակը սոսկալի գարշահոտում է, ու աղքատության սպեցիֆիկ հոտից գլուխդ պտտվում է: Ասում եմ` «Խնդրում եմ, դուռը բաց թողեք, տոթ է, վատ եմ զգում»: Էլիզան հասկանալով, որ պատճառն ամենեւին էլ տոթը չէ` խիստ հայացքով պատասխանում է. «Չէ, չէ, թող փակ մնա: Ես չեմ ուզում, որ խոսակցությունը հարեւաններս լսեն»: Ասում եմ` «Ցածր կխոսենք, դուռը բացե՛ք, չեմ դիմանում»: Սակայն տիկին Էլիզան ոչ մի կերպ չի համաձայնում դուռը բացել` այդպիսով պատժելով իր տուն եկած հյուրին: Նրա տան օդն աննկարագրելի է, իսկ ներսից փակված դուռը վախեցնում է, որովհետեւ դռան հետ ասես փակվում է դրսի աշխարհի հետ միակ կապը: Միակ բանը, որ զգում ես` սրտխառնոցն է, ու թվում է՝ աշխարհը փուլ է գալիս գլխիդ: Չեմ դիմանում, ուզում եմ դուրս գալ, բայց, երբ սենյակ են մտնում նրա որդիները` անմիջապես հանդարտվում եմ: Սարգիսն 9-րդ դասարանում է սովորում եւ ամառային արձակուրդներին մշտապես աշխատանք է փնտրում, որ մորն օգնի: Ասում է` «Դասերը վերջացել են, պիտի մի բան ձեռնարկեմ, սենց չի կարա շարունակվի: Շշերի հանձնման կետում էի աշխատում, բայց հետս շատ կոպիտ էին խոսում, չդիմացա, դուրս եկա: Պետք ա մի բան ձեռնարկել… Պիտի աշխատեմ, մի քիչ օգնեմ, որովհետեւ հետո էլ բանակ եմ գնալու, իրանք լրիվ մենակ կմնան»: Նա չափազանց մտահոգված է ընտանիքի ծանր վիճակի համար եւ պարբերաբար գլուխը ծնկներին խոնարհելով՝ ինչ-որ բանի մասին է մտածում: Այս ընտանիքի ամսական եկամուտը «Փարոսից» ստացած 18.000 դրամն է, որով ոչինչ չեն հասցնում անել: Տիկին Էլիզան բառեր չի գտնում իրենց վիճակը նկարագրելու համար եւ իր անկարողությունից նյարդային շարժումներ է անում, անընդմեջ անտեղի բղավում է տղաների վրա: Նրա որդիները չեն արձագանքում մոր անարդար պահվածքին, հավանաբար հասկանում են նրան: «Ես դիմանում եմ, հասկանո՞ւմ եք, ես 4-5 օրով հաց չեմ ուտում, բայց երեխեքս աճող տարիքում են: Սոված վիճակին չեն դիմանում, երբ տեսնում եմ, որ էլ ճար չկա` ընկնում` խանութներից նիսյայով ուտելիք եմ վերցնում: Որ իմանաք, թե ինչքան պարտքեր են գլխներիս լցվել»,- կոկորդը սեղմած՝ պատմում է Էլիզան, ում խոսքերից ամաչելով՝ տղաները տեղից վեր են կենում, որ դուրս գան սենյակից: Խնդրում եմ, որ ետ գան: 8-րդ դասարանցի Մորիսը տեսողության խնդիր ունի, մի աչքի լույսը խավարել է: Տղան մեկ անգամ վիրահատվել է, իսկ երկրորդ վիրահատությունը, որը նրան խիստ անհրաժեշտ է, չի արվել՝ գումար չունենալու պատճառով: «Պիտի ոսպնյակը փոխվի: Մի աչքն ընդհանրապես չի տեսնում, ու վտանգ կա, որ մյուսի ծանրաբեռնվածությունից կվնասվի աչքը»,- ասում է տիկին Էլիզան` հավելելով, որ Մորիսը մանկուց հաշմանդամ է: Մորիսը 3 տարի 3-րդ մանկական հիվանդանոցում է ապրել, որովհետեւ ձեռքերն ու ոտքերը կծկված են եղել: Մանկուց հաշմանդամ տղայի համար 5700 դրամ թոշակ է սահմանվել, որի տրամադրումը, սակայն, այլեւս դադարեցրել են: Էլիզան ասում է` «8-րդ հիվանդանոցի բժշկուհիներից մեկն ինձնից 50 դոլար է ուզում թոշակը վերականգնելու համար: Հենց էդ հիվանդանոցում էլ երեխեն վիրահատվել ա: Ասում ա` երեխուն տար ստուգման, նորից պիտի վիրահատություն արվի, որից հետո նոր թոշակ նշանակեմ: Ախր էդ ամեն ինչը փող ա, չէ՞: Ես սկի տրանսպորտի գումար չունեմ»: Թեեւ Մորիսը զրկված է մի՛ աչքի տեսողությունից եւ ֆիզիկապես էլ նորմալ մարդ է, այդուհանդերձ, նա հաճախում է Արաբկիր համայնքում գտնվող տեսողությունից զուրկ երեխաների դպրոց: Տղայի համար ամենասկզբում հոգեբանորեն շատ ծանր է եղել տեսողական տարբեր խեղումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց հաճախելը: Մայրը պատմում է` «Դպրոցի կույր երեխեքին տեսավ` դասի չէր գնում, վախեցել էր: Վախից փախավ մինչեւ Արաբկիրի շուկա: Ախպերը գնաց, հետ բերեց, շատ էր ազդվել հոգեբանորեն»: Մորիսը հրաժարվել է այդ դպրոցում սովորել` պատճառաբանելով, որ իրեն շատ վատ է զգում նման միջավայրում: Դպրոցի տնօրենը նրա հետ զրուցել եւ հարցրել է, թե` «Եթե եղբայրդ այս դպրոցում սովորի` դու կհամաձայնե՞ս գալ»: Այս առաջարկությունը Մորիսին անհամեմատ հուսադրել է, եւ նա համաձայնել է եղբոր հետ նույն դպրոցում սովորել: Բրայլյան համակարգով է կրթվում: Ամենատարօրինակն այն է, որ մեծ տղան` Սարգիսը, տեսողության հետ ընդհանրապես խնդիր չունի, սակայն հանուն եղբոր տեղափոխվել է տեսողական խանգարում ունեցող երեխաների դպրոց: Հիմա նրանք երկուսն էլ այդ դպրոցի սաներ են: Տիկին Էլիզան ասում է, որ Սարգսի պահվածքն իրեն մտահոգում է. «Էս վերջին տարիներին ինքը շատ ա փոխվել, տարօրինակություններ եմ նկատում: Վայրագություն, ագրեսիվություն եմ նկատում, ինքը շատ ա փոխվում: Կույր երեխեքն իրա վրա շատ վատ են անդրադառնում, հոգեբանությունը փոխվում ա»: Սարգիսն ատելությամբ նայում է մորն, ապա ասում, թե դպրոցում տեսնող սաներ էլ կան, նա իրեն այնտեղ վատ չի զգում: Մորիսը կշտամբանքով մորն ասում է` «Իմ աչքը լավ տեսնում ա, հերիք ա, հա՞: Էս մեկն ինձ բավարարում ա, ոչ մեկի օգնության կարիքը չունեմ»:

Տիկին Էլիզան ասում է, որ որդիների հագուստի հարցում շվարել է, որովհետեւ` «Ընկած շոր եմ ման գալիս, որ հագցնեմ, ուղարկեմ դասի: Ուրիշների գցելու շորերով են տեղ գնում: Առաջ դպրոցը հագուստով օգնում էր, բայց հիմա չեն օգնում»: Սարգիսն ու Մորիսն ամեն օր դասերի ավարտից հետո Արաբկիրից ոտքով գալիս են տուն` Վարդաշեն, քանի որ տրանսպորտի գումար չեն ունենում: Տղաների մայրն ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ ջանք չի խնայում երեխաներին պատշաճ մանկություն ապահովելու համար, սակայն ոչինչ չի ստացվում: Էլիզան անդադար իր դժվարությունների ու անկարողության մասին է խոսում: Պատմում է, որ Մորիսին ծննդաբերելուց հետո մեծ փորձությունների միջով է անցել, շատ է տառապել: Ասում է` տղային հազիվ է փախցրել հիվանդանոցից, որովհետեւ իրեն ստիպում էին երեխային վաճառել: «Պարոն Ուրումյանը (չի կոնկրետացնում, թե ում մասին է խոսքը.- Լ.Ս.) բռնի կերպով ուզում էր երեխայիս վաճառել: Տեսավ, որ անտեր ենք, ամուսին չունեմ, աղքատ, գլխներիս տեր չկա` զոռով ուզում էր երեխուս տաներ: Բաժնի վարիչի հետ պայմանավորվել էին, չէին թողնում, որ երեխուս գնայի, տեսնեի: Խալաթը հագս երեխուն վերցրել, փախել եմ Առողջապահության նախարարություն: Իրանց դիսպետչերականի ժամն էր: Հարցնում են, թե ի՞նչ ա եղել, ուշագնաց վիճակում ասում եմ` ուզում են երեխուս վաճառեն: Իմ կամքին հակառակ՝ ձեռքիցս վերցնում էին, առնողը մեքենայով հետեւիցս եկել էր: Գումար էին առաջարկում, ասեցի` տար, քո կնոջն ասա, թող ինքն իրա երեխուն վաճառի: Նախարարությունից զանգել են, նոր ինձ հանգիստ են թողել: Տենց ա, անտերության մատնված մարդու երեխուն էլ ձեռքից կառնեն էս երկրում: Էդ ամեն ինչը վերեւներով ա արվում, ուղղակի երեխեքիս համար վախենում եմ, թե չէ` շատ բաներ կպատմեի»:

Տիկին Էլիզան դեռ շատ բան ունի պատմելու: Սակայն դուրս եկա նրանց «տնից»: Արդեն չեմ հիշում, թե Էլիզան ետեւիցս ինչ էր գոռում, որովհետեւ աստիճաններով արագ-արագ իջնելով՝ դրսի մաքուր օդին էի ձգտում: Սենյակի ծանր օդը, Էլիզայի երկու որդիներին հնարավոր չէ մոռանալ: Ցավոք, Հայաստանում նման կյանքով ապրող ընտանիքներ շատ կան: Իհարկե, հասկանում եմ, որ «ապրել» բառը գործածելն այս դեպքում տեղին չէ: