Ինչպես է հ/կ-ն ուսումնասիրում հ/կ-ներին

11/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հայաստանում ներկայումս գործող նոր կրոնական կառույցների հետ կապված մենք ունեինք տեղեկատվություն, որ վերջիններս հիմնելով հասարակական կազմակերպություններ (հ/կ)` իրականացնում են այնպիսի գործողություններ, ինչի իրավունքը չունեն: Այսինքն` հ/կ-ների միջոցով կատարվում է հոգեորսություն եւ տեղի է ունենում «փողերի լվացման» պրոցես»,- ասում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, սկզբնական շրջանում իրենց կասկածելի գործելաոճի շնորհիվ ուշադրության կենտրոնում են հայտնվել կոնկրետ հ/կ-ներ, ինչից հետո հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել դրանց գործունեությունը: Այս պահին Ա. Ամարյանը խուսափում է նշել կոնկրետ անուններ եւ հրապարակել կոնկրետ փաստեր` պատճառաբանելով, թե պատրաստվում է դա անել սեպտեմբերին, երբ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված կլինեն եւ կհրապարակվեն բրոշյուրի տեսքով, որտեղ ներկայացված կլինեն հ/կ-ների գործունեության եւ կրոնական կազմակերպությունների ու արտասահմանյան կառույցների հետ նրանց կապերի մասին տեղեկություններ: Ուսումնասիրությունները կուղարկվեն նաեւ պատկան մարմիններին` համարժեք հետեւություններ անելու համար: «Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հասարակական կազմակերպություններն արտասահմանյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում են, եւ վերջիններս հայկական հ/կ-ներին օգտագործում են իրենց նպատակների համար: Չմոռանանք Ռուսաստանի դեպքը, երբ հ/կ-ին մեղադրեցին Անգլիայի հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորման մեջ: Սա ոչ թե մեկ պետության օրինակ է, այլ տարածված է ամբողջ աշխարհում»,- նկատում է Ա. Ամարյանը:

Բայց չէ՞ որ պրն Ամարյանի ղեկավարած կառույցն էլ է հասարակական կազմակերպություն. «Ամբողջ աշխարհում կրոնական կազմակերպությունների հետ առնչվող հ/կ-ներին «գրանտ» չի հատկացվում: Այն շահավետ չէ, դրա համար Հայաստանում այդպիսիք չկան, բացի մեր կառույցից: Ես բարեգործությամբ չեմ զբաղվում, արտասահմանից ոչ մի բան չեմ ներկրում: Թող որեւէ մեկը հիմնավորի, որ ես դրսից ֆինանսավորվում եմ, ես մեծ ուրախությամբ այդ ֆինանսը կընդունեի»: Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, ներկայացրեց «հետազոտված» հ/կ-ների ֆինանսավորման մեխանիզմը: Խոսքը վերաբերում է բարեգործական ծրագրերով երկիր մուտք գործող ապրանքներին, որոնք մաքսային օրենսդրությամբ ազատված են ավելացված արժեքի հարկից: Այդ ապրանքը, ըստ պրն Ամարյանի, բաժանվում է կրոնական կառույցների մեջ ընդգրկված անդամներին, ինչն էլ նպաստում է այդ աղանդների հետեւորդների բանակը մեծացնելուն: Նրա խոսքերով, բարեգործական հիմունքներով ներկրված «ավարի» առավելագույնը 10 կամ 20%-ն է բաշխվում համայնքի մեջ, իսկ մնացածը վաճառվում է «վերնիսաժներում» եւ տարբեր տոնավաճառներում: Ա. Ամարյանը համոզված է, որ ներկրված ապրանքի գինը Հայաստանում 5-6 անգամ աճում է, ու հենց այս շրջապտույտում են լվացվում հ/կ-ներին տրամադրված խոշոր գումարները: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ բարեգործական ծրագրերում ներառված ծառայություններին հատկացված «ահռելի գումարներին»` նկատելով, որ այդ ծառայությունները, սովորաբար, մատուցվում են արտասահմանյան մասնագետների կողմից: Այս փաստն Ա. Ամարյանը նույնպես համարում է փողերի լվացման վառ օրինակ` քանի որ ֆինանսավորողը պարտադրում է պայմաններ, որը միանշանակ փաստում է այն մասին, որ դրսից եկած գումարը գրագետ ձեւով ուղարկվում է հետ` վճարված ծառայությունների տեսքով: Ա. Ամարյանը տեղեկացրեց նաեւ, որ զուգահեռաբար ուսումնասիրություններ են կատարվել`պարզելու համար հ/կ-ների դերն արտասահմանյան այն երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություններ են տեղի ունեցել` օրինակ, Ուկրաինայում, Սերբիայում, Վրաստանում: Ըստ Ա. Ամարյանի, Հայաստանում գործում են 4 հազարից ավելի հասարակական կազմակերպություններ, իսկ իրենց ուսումնասիրությունները կատարվել են դրանց 25-30%-ում: Ընտրությունը կատարվել է ըստ գործունեության ոլորտների: «ՀԿ-ները հասարակության մեջ մեծ դեր պետք է ունենան: Ես ընդունում եմ, որ նրանց թիվը պետք է ավելանա, բայց նրանք պետք է աշխատեն հանուն ազգի, այլ ոչ թե հանուն արտասահմանյան պետությունների, որոնք նրանց միջոցով փորձում են Հայաստանում ինչ-որ ծրագրեր ներդնել: Ես գիտեմ կրոնական կառույցների ղեկավարների, որոնք իրենց գործունեությունը սկսել են կարկատան շորերով եւ հիմա շրջում են վերջին մոդելի ավտոմեքենաներով: Որտեղի՞ց նրանց այդ գումարները, ովքե՞ր են կանգնած այդ կառույցների հետեւում, դա ոչ ոք չի փորձում պարզել, քանի որ փողը շատերի աչքերը փակում է: Ես կարող եմ նշել մի փաստ եւս. կան կրոնական կառույցներ, որտեղ հավաքագրված «տասնորդականներն» ուղարկվում են արտասահման, բայց ոչ ոք չի պարզել, թե ի՞նչ հաշվի վրա»,- նկատում է Ա. Ամարյանը, ով պարզել է, թե ուսումնասիրված հ/կ-ների մոտ 10%-ը զբաղված է ոչ նպատակային խնդիրներով:

Հ.Գ. Իհարկե, Ա. Ամարյանի հայտարարություններն առաջին հայացքից իրենց մեջ սենսացիայի տարրեր են պարունակում, սակայն դրանց արժանահավատության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ նա կոնկրետ անուններ եւ կոնկրետ փաստեր կհրապարակի: Հակառակ դեպքում, բացառված չէ, որ մեկ այլ հ/կ-ի նախագահ էլ հայտարարի, թե Ա. Ամարյանը նման աղմկահարույց պնդումներ է անում, ասենք` «Պայքար ապազգային կազմակերպությունների դեմ» ծրագրով դրամաշնորհ ստանալու համար: