Այս տարվանից Վանաձորում սկսեց գործել թվով երկրորդ բանկոմատը. այն տեղադրվեց Մյասնիկյան եւ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում։ Եվ, այդուհանդերձ, Տիգրան Մեծ 22 հասցեում, ՀԳՓԲ Վանաձորի բաժանմունքի նախամուտքում 2 տարի առաջ տեղադրված «գլխավոր» բանկոմատի առջեւ բաժանորդների հերթը չի պակասում։ Պատճառն այն է, որ բաժանորդներից շատերը դժվարանում են ինքնուրույն օգտվել բանկոմատից, իսկ այդտեղ բանկի աշխատակիցներից մեկը սովորաբար (բացի շաբաթ-կիրակիից) հերթապահում է եւ օգնում բաժանորդներին։ Երբ հերթը շատ-շատ է լինում, մարդիկ «գլխի են ընկնում», որ մանկավարժներին աշխատավարձ է բաշխվում (ի թիվս այլ հիմնարկների` նախորդ տարվանից բանկոմատի ծառայությունից սկսեցին օգտվել նաեւ դպրոցները)։ Երբեմն հերթն այնքան է երկարում, որ բաժանորդները զրույցի են բռնվում, ծանոթանում, կատակներ անում, նույնիսկ… բանկոմատի հետ։ Քաջ գիտենալով, որ մինչեւ 1000 դրամ մանրադրամը հնարավոր չէ ստանալ եւ այն մնում է հաշվի վրա` որպես մնացորդ, մի կին բռունցքով խփում էր ապարատին ու «պահանջում». «Բա 100 դրա՞մս, 100 դրա՛մս տուր, արա՛»։
Որոշ դեպքերում, երբ «գլխավոր» բանկոմատի առջեւ հերթ չի լինում, ուրեմն հերթական… «հովհարային անջատումներ» են։ Նման դեպքերում բանկի աշխատակիցները պատճառաբանում են, թե «ԱրմենՏելն» է անջատել։
Այնքան էլ խրախուսելի չէ, երբ բանկոմատ տեղադրելու համար տարածք է «խլվում» մայթի կամ կանաչ գոտու հաշվին. լինի դա մայրաքաղաքում թե մարզերում։ Եվ տարբերություն չկա` դա բենզալցակայա՞ն է, թե՞ բանկոմատ։ Ամեն դեպքում` քաղաքի ճարտարապետական դիմագիծն աղճատվում է։ Չէ՞ որ կարելի է բանկոմատ տեղադրել նաեւ շենքի առաջին հարկում: Մինչդեռ Վանաձորի Հայքի հրապարակին հարող տարածքում 3 ամիս առաջ մի հսկայական եղեւնի «կիսամեռ» արվեց` ծառաբնին հենված բանկոմատ տեղադրելու նպատակով։ Կառույցը դեռեւս անավարտ է, բրեզենտով պատված։ Մարդիկ անցնում են կողքով, զարմացած նայում Հայքի հրապարակի գեղեցկությունը ստվերող շինությանը եւ հարցնում. «Տեսնես էս ի՞նչ են սարքում»։