Սահմանադրության օրվան նվիրված բազում նյութերում սահմանադրական փոփոխությունների ընձեռած հնարավորությունների մասին խոսելիս պետական այրերը հատկապես շեշտում էին, որ դրանք ավելի մեծ հնարավորություն են տալիս զարգացնելու Հայաստան-Սփյուռք կապը: Սակայն այդ հնարավորությունը գործում է ճիշտ այնքան, որքան սահմանադրության, ասենք, հոդված 17-ը, որում ամրագրված է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, որ կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք: Այս մասին առավել մանրամասն կարող է պատմել Հովիկ Թամամյանը:
Այն, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ակտիվանում են մի քանի տարին մեկ եւ մի քանի օրով՝ երբ տեղի են ունենում «Հայաստան-Սփյուռք» հերթական համաժողովները, ակնհայտ է: Սակայն, անգամ, երբ նույն դահլիճում հավաքվում են աշխարհասփյուռ հայության ու հայաստանյան քաղաքական մտքի, մշակույթի ու բիզնեսի ներկայացուցիչները, այդ դեպքում էլ ակնհայտ է, որ շատ քիչ ընդհանուր բան կա հայության այս երկու հատվածի միջեւ` չհաշված պատմական հիշողությունը: Յուրաքանչյուր գիտաժողովից հետո կողմերը միմյանցից հեռանում են դժգոհ, քանի որ Հայաստան-Սփյուռք կապը, փաստորեն, ավելի շատ մեխանիկական է: Հայաստանաբնակ հայերն ու սփյուռքահայերը տարբեր մշակութաբանական տիպեր են, ունեն տարբեր հետաքրքրություններ, նպատակներ, արժեքներ եւ, անգամ, ուղղագրություն:
Այս ցանկալի կապն ամրացնելու կամ չկորցնելու համար ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ օրենսդրությունը գործողությունների ոչ մի լուրջ ծրագիր չեն առաջարկում: Այն, որ սփյուռքի ու հայաստանյան մշակույթը հաճախ ընդհանուր եզրեր չունեն, ձեզ իր լռությամբ կպատասխանի ցանկացած տեղացի, եթե փորձեք նրանից ճշտել` քանի՞ սփյուռքահայ գրողի գիտի: Սակայն այս հարցում էականն այնքան էլ ուղղագրության տարբերությունը չէ, որքան սփյուռքահայ գրողի ներկայացրած նյութի բովանդակությունը: Օրինակ` «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հայտնվում է նվագավար Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ երգող մի երգչախումբ, որը կատարում է սփյուռքահայ բանաստեղծի ոտանավորների վրա գրված երգեր: Երաժշտության հեղինակն էլ ակնհայտորեն տեղացի չէ եւ, դատելով երաժշտությունից, երաժշտության ասպարեզում նոր է փորձում իր ուժերը: Երգչախմբի երգելուն զուգահեռ՝ ներկայացվում են նաեւ երգի բառերը (թերեւս՝ ակտիվ հեռուստադիտողներին էլ ներգրավելու հայրենասիրական երգեցողության մեջ), սակայն, պետք է խոստովանել, որ անգամ բացարձակ լսողություն ունեցողի համար երաժշտությունը վերարտադրելը բարդ է: Եվ այսպես, երգերից մեկի բառերն այսպիսին են`
Էլ բավ է (4 անգամ, խրոխտ, ձեռքի մերժողական շարժումով)
որքան մոյգեր անօրեն
բավ է չենք ուզեր (2 անգամ)
մեր ծաղիկ դաշտերն սիրուն կոխորտեն (8 անգամ)
բավ է (4 անգամ) չենք ուզեր
ոչ մի օտար ոտք հայոց վըրայ (2 անգամ)
որ մեր ցորեններն ազատ հասկանան (2 անգամ)
Արագածի պես Արագածի պես (խրոխտ երաժշտություն)
ալ բավ է բավ է բավ է բավ է
որքան մոյգեր անօրեն:
Խոսքերի հեղինակն է Ժագ Հակոբյանը, երաժշտությունը` Հակոբ Ճամպազյանի: Ի դեպ, կետադրությունն ու յուրաքանչյուր տողը մեծատառով սկսելու «ավանդույթը» հեղինակը նախընտրել է չպահպանել: Վստահ ենք, որ ոչ մի սփյուռքահայ այս երգը լսելիս պիտի չզարմանար: Եվ նույնքան վստահ ենք, որ տեղացի որեւէ հայ այս երգը դժվար թե հետաքրքրությամբ լսի կամ փորձի ունենալ դրա կարաոկե տարբերակը: Սակայն կա նաեւ խնդրի այլ կողմը: Մեր լեզվաբաններից մեկը մի առիթով պատմում էր, որ երբ արեւելահայերեն էր փորձում սովորեցնել սփյուռքահայ մի գիտնականի, վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել ո՛չ Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը», ո՛չ «Կիկոսի մահը»: Նրա համար անհասկանալի էր նյութի տրամաբանությունը, ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ Նեսոյի ջերմությունը պարացետամոլով չեն իջեցրել, այլ դիմել են նման ոչ հումանիստական քայլի:
Մենք չունենք պետական ծրագիր, որը կզբաղվի ոչ թե ցեղասպանության վրա սփյուռքահայերի ինքնագիտակցությունն ու ինքնապահպանման բնազդը վառ պահելու գործով, այլ կփորձի ստեղծել մշակութային ինչ-որ ընդհանուր, միմյանց համար ընկալելի դաշտ: Մինչ այդ Սփյուռքը, մասնավորապես՝ ամերիկահայ գաղթօջախը, եթե անկեղծ լինենք, մեզ համար ընկալվում է որպես հայկական ցածր մշակույթի կենտրոն: Եթե նկատել եք, Հայաստանում շատ սիրված ու գնահատված արվեստագետները, երբ Ամերիկա արտագաղթելուց եւ այնտեղի հայկական միջավայրում երկար բնակվելուց հետո հյուրախաղերով Հայաստան են գալիս, նրանց տեսնելն ու լսելը միշտ չէ, որ հաճելի է: Օրինակ` այլեւս դժվար է ընկալել դերասանուհի Վիոլետ Գեւորգյանին, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին, երգիչ Գրիշա Աղախանյանին: Ստացվում է այնպես, որ մեր Սահմանադրությունն ու օրենսդրությունը Հայաստան-Սփյուռք կապը դիտարկում է միայն քաղաքական շատ նեղ ենթատեքստում, երբ խոսքը երկքաղաքացիության մասին է, այսինքն` ընտրությունների ժամանակ գլխաքանակի խնդրի լուծման: Սակայն առավել լուրջ քայլեր անելու համար պետք են մասնագետներ, գիտելիքներ եւ խնդրի լրջության ընկալում: Մենք Հայաստանում սփյուռքահայերին տեսնում կամ պատկերացնում ենք միայն որպես զբոսաշրջիկներ, որոնց կարելի է հանդիպել Գառնիում, Էջմիածնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում: Սակայն նրանց վերադարձի համար պայմաններ ստեղծելն ու ծրագրեր մշակելը որեւէ մեկի նախընտրական ծրագրում չկա: Երբ վերջերս Ֆրանսիայի նախագահ ընտրվեց Սարկոզին, նրա առաջին քայլը ներգաղթի հարցերով զբաղվող նախարարություն ստեղծելն էր: Բայց քանի որ այս թեմայով բազմիցս գրել ենք, եւ, պարզվում է՝ անպտուղ, ավելի լավ է շարունակենք լսել երգչախմբին`
Մենք ազգ մը ամբողջ
շէն շինարար ու խաղաղ
մենք երկիր մը պայծառ
հող մը դալար ու չքնաղ հողը Հայաստան (Երեւանի կենտրոնում էլիտար շենքերի շինարարության կադրեր.- Լ.Ա.)
մեր շենքի վրայ լոյսի գույն կա
մեր ժպիտը կշողշողա
մեր տաղանդը կպանծանա
տեսէք մեր հողին վրայ
միրգ ու ցորեն նորեն կը աճեն:
Խոսքերի հեղինակը դարձյալ ու դարձյալ Ժագ Հակոբյանն է, երաժշտությունը Հակոբ Երուսաղեմցի Ճամպազյանինն է: