Հերթական տնօրենը ԵԿԳ-ում

10/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Օրերս Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղի է ունեցել գինու եւ կոնյակի համաշխարհային «VINEXPO» ցուցահանդեսը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների գինի եւ կոնյակ արտադրող խոշոր ընկերությունները: Նույնիսկ Մոլդովան, որի գինիները` Գինու համաշխարհային շուկայի վերահսկող կազմակերպության կողմից «վետո»-ի էին արժանացել, Բորդոյում տաղավար էր վերցրել, որպեսզի կրկին փորձի շուկա մուտք գործել:

Բնականաբար, ցուցահանդեսի հայ այցելուներն առաջին հերթին այնտեղ փորձում էին գտնել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող «Երեւանի կոնյակի գործարանի» տաղավարը, որը, սակայն, Բորդոյի ցուցահանդեսում ներկայացված չէր: Գործարանի 1-2 աշխատակիցներ էին միայն շրջում ցուցահանդեսի հսկայական սրահներով. որեւէ տաղավար կամ ցուցանակ չկար: Հայկական կոնյակ արտադրողներից այդ ցուցահանդեսին ներկայացված էր միայն «Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը»` իր «Նոյ» ապրանքանիշով: «Նոյը» ներկայացնում էր ՌԴ-ի ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվող «Luding Trade LTD» ընկերությունը, որը ՌԴ-ում սպառվող ալկոհոլային խմիչքի 45%-ի մատակարարն է, եւ զբաղվում է նաեւ

«Նոյ»-ի վաճառքով: Արդյոք մեր կոնյակն արդեն այնքան հայտնի է աշխարհում, որ այլեւս ներկայացման կարիք չունի՞, թե՞ աշխարհում ալկոհոլային խմիչքներ արտադրող 2-րդ ընկերությանը` «Պեռնո Ռիկարին», հայկական կոնյակն առանձնապես չի հուզում` որքան էլ ԵԿԳ-ի արդեն նախկին տնօրեն Էրվե Կարոֆը հավատացնում է, թե գովազդների վրա շատ գումարներ են ծախսում: Թե՞ տաղավարի գումար չուներ գործարանը, կամ հենց «Պեռնո Ռիկարը»: «Դա այդպես չէ: Մենք ավելի շատ ուզում ենք Մեծ Բրիտանիայի շուկայում ներկայացնել հայկական կոնյակը: Այստեղ սիրում են նոր խմիչքներ հայտնաբերել: Ֆրանսիական կոնյակի համար մեծ շուկա չէ»,- երեկ մեզ հետ զրույցում պնդում էր Է. Կարոֆը: Ի դեպ, գուցե շատերի համար զարմանալի թվա, բայց մինչ օրս ԵԿԳ-ի կոնյակը գրեթե Ֆրանսիա չի արտահանվել: «Պեռնո Ռիկարը» գործարանի սեփականատերն է ավելի քան 8 տարի, եւ այդ տարիների ընթացքում չի կարողացել այստեղի արտադրանքը Ֆրանսիա արտահանել: Շատ քիչ քանակությամբ վաճառել է միայն Լիոնում: Կարոֆը բացատրում է, որ մինչեւ հիմա այդ գործն անող լավ գործընկեր չեն կարողացել գտնել: «Մի քանի անգամ փորձել ենք արտադրանքը Ֆրանսիա արտահանել, բայց չի ստացվել: Շատ կարեւոր է` ով է ներմուծողը: Այս անգամ մենք գտել ենք մեկին, ով շատ լուրջ կներկայացնի «Արարատը» եւ կզարգացնի նրա ներկայությունը Ֆրանսիայի շուկայում»,- ասում էր Է. Կարոֆը: Ըստ նրա, «Արարատ» կոնյակը սպառվում է աշխարհի 20 երկրներում, այդ թվում` ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Բալթյան երկրներում: Վերջերս արտահանել են նաեւ ԱՄՆ եւ Անգլիա: Ընդ որում` ՌԴ-ում է սպառվում արտահանվող կոնյակի 70%-ը: Իսկ ընդհանուր առմամբ, ընկերության ղեկավարների ասելով, ԵԿԳ-ի կոնյակն ավելի շատ սպառվում է այն երկրներում, որտեղ շատ են հետխորհրդային երկրներից արտագաղթածները: Եվ հատկապես այդ շուկան շատ են կարեւորում ԵԿԳ-ի ֆրանսիացի ղեկավարները: Նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթածներին նրանք համարում են ԵԿԳ-ի դեսպաններն ամբողջ աշխարհում: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ ֆրանսիացի ղեկավարների հույսը նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթածներն են, այն սպառողները, ովքեր մինչեւ «Պեռնո Ռիկարի» գալն արդեն ծանոթ էին մեր կոնյակին: Եվ եթե հայկական կոնյակի սպառման աշխարհագրությունը մեծանում է, դա կապված է ընդամենն այն հանգամանքի հետ, որ գնալով մեծանում է հետխորհրդային երկրների սփյուռքը: Եվ, ըստ էության, կարծես «Պեռնո Ռիկարն» այնքան էլ մեծ ջանքեր չի գործադրում ՀՀ-ի կոնյակը աշխարհին ներկայացնելու համար եւ ավելի շատ օգտվում է նախկինում հայկական կոնյակի ունեցած ճանաչումից: Արդյոք անցած 8 տարիները բավական չէի՞ն հայկական կոնյակի համբավը եւ սպառողների շրջանակը գոնե կրկնակի անգամ մեծացնելու համար: Չէ՞ որ գալով՝ ֆրանսիացիները խոստացել էին արտադրության ֆրանսիական մշակույթը ներդնել: Բնական է, որ մեր, ինչպես իրենք ասացին, «բացասական» դիտարկումների հետ համաձայն չէին գործարանի ֆրանսիացի ղեկավարները: «Մի մոռացեք, որ ռուս սպառողն «Արարատին» ճանաչում է մեկ դարից ավելի: Նրանք «Արարատի» լավագույն դեսպաններն են դառնալու եւ մեզ համար դուռ են բացելու դեպի այլ երկրներ: Բայց սա չի նշանակում, թե մեր զարգացումը սահմանափակված է ռուսական սփյուռք չունեցող երկրներում: «Արարատը» ներկայացված է նաեւ Ճապոնիայում եւ Վիետնամում: Բացի այդ, 1998թ. սեփականաշնորհումից հետո մեր առաջին խնդիրն էր՝ զարգացնել արտադրությունը եւ հասցնել միջազգային մակարդակի, ինչով մինչեւ հիմա «Պեռնո Ռիկարը» զբաղվում էր ՀՀ-ում: Հիմա արդեն մենք կմտածենք շուկաներն ընդլայնելու մասին»,- ասում էր Կարոֆն՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի իրենք կատարել են մոտ 15 մլն դոլարի ներդրում եւ տարեցտարի ավելացրել են խաղողի մթերման եւ կոնյակի իրացման ծավալները: Ավելացրել են հատկապես «Պրեմիում» եւ «Սուպեր պրեմիում» տեսակի կոնյակի վաճառքը: Սպառումն ավելանում է նաեւ ՀՀ-ում: Իսկ 2006-07թթ. ֆինանսական տարվա ընթացքում ԵԿԳ-ն սպառող երկրներին մատակարարել է 3650 հեկալիտր կոնյակ: Դա նախորդ ֆինանսական տարվա համեմատ 4%-ով ավելի է: Անցած տարի ԵԿԳ-ն մթերել է 28.000 տոննա խաղող եւ 2200 հեկալիտր սպիրտ: Ընդ որում, ներդրումներ են համարվել նաեւ խաղողի եւ սպիրտի ընդունման դիմաց վճարված գումարները: ԵԿԳ-ն մտադիր է առաջիկա տարիներին համալրել տեսականին եւ արտադրել «Դվին» անվանումով կոնյակ: Իսկ Է.Կարոֆին փոխարինելու է եկել 29-ամյա Սեդրիկ Ռետայոն, որը եկել է Վրաստանից եւ ԵԿԳ-ի հետ միասին ղեկավարելու է վրացական կոնյակ արտադրող «GVS» ընկերությունը: