Աղքատ, հպարտ եւ ուրախ միայնակ թոշակառուները

10/07/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նորա Կարապետյանն ու Աբրահամ Դավթյանն այնպես են շոյվել իմ այցելությունից, որ շփոթված այս ու այն կողմ են գնում: Նորա տատը 72 տարեկան է եւ, չնայած իր տարիքին, վազվզում է խոհանոցից հյուրասենյակ, որպեսզի հյուրին պատշաճ վերաբերմունք ցուցաբերի:

Միայնակ թոշակառուները երեխաներ չունեն ու, երբ ինչ-որ մեկը «խաթարում» է իրենց մենակությունը` ուրախությունից եւ ամեն ինչ անելու ցանկությունից խուճապի են մատնվում: Ասում եմ` «Ինչ լավ է, որ ուրախ եք, թե չէ ինձ հանդիպած բոլոր ծերերը դժբախտ ու թշվառ վիճակում են»: Նորա տատը ժպտում է, իսկ հետո կաշկանդվելով ատամնաշարում մնացած ու կախված միակ ատամի տգեղ տեսքից՝ ձեռքով բերանը փակում է: Ասում է` «Գիտե՞ս, նույն վիճակում էլ մենք էինք: Բայց երբ իմացանք, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ թոշակները 60%-ով բարձրացնելու է, մի տեսակ ներքին ուրախությամբ լցվեցինք: Գիտե՞ս, շատ ենք ուրախացել… Ոնց որ հույսներս վերականգնվեր: Բոլորն ասում են, թե սուտ խոստում է, չգիտեմ, բայց ես մի տեսակ հավատ ունեմ, որ կկատարի խոստումը: Հավատա, որ էդ լուրից էս քանի օրը շատ բարձր տրամադրություն ունենք»: Ծեր կինը վստահեցնում է, որ, եթե անգամ կենսաթոշակները բարձրացնելու հայտարարությունը սուտ լինի, ապա մեր պաշտոնյաները ծերերին հուսահատության մեջ չգցելու համար գոնե թող չհայտարարեն, թե ասվածը սուտ էր: «Եթե պիտի Ազգային ժողովն ու կառավարությունը մեզ խաբեն, ուրեմն` չարժե, որ մենք ապրենք: Հույսով ապրելն ավելի լավ է, քան անհուսությունից մեռնելը, հասկանո՞ւմ ես: Մեր նման մարդկանց համար դա մխիթարություն է: Էդ խոսքերին հավատալով՝ կյանքը մի քիչ արժեւորում ես»,- հասկանալով, որ կարող է հուսախաբ լինել՝ խորը թախիծով ասում է Նորա տատիկն ու Աբրահամ պապիկին ուսով խփում է` «Հը՞, բիձա ջան, մի բան էլ դու ասա»: 80 տարեկան պապիկն օգտվելով իրեն տրված ձայնի հնարավորությունից՝ հպարտ կեցվածք է ընդունում, հագնում է բազմոցին դրված հնամաշ վերնաշապիկն ու հրահանգում է. «Մագնիտաֆոնդ միացրու, բալես, հիմա իմ հերթն ա»: Ասում է, որ ինքն ու պառավը միայնակ ծերեր են եղել եւ ճակատագրի բարեբախտությամբ հանդիպել, ամուսնացել են, սակայն երեխաներ ունենալու համար տարիքը չի ներել: «Հիմա, որ ասեմ՝ գեր վրա կծիծաղես: Ամբողջ օրը քնած ենք: Գիշերը քնում ենք, ցերեկը քնում ենք: Լավ է, որ ես թզբեխ ունեմ, թզբեխ քաշելով կյանքի մասին եմ մտածում, իսկ պառավս պարապությունից ամբողջ օրը բուրդ ա չբխում: Թե որտեղի՞ց սրան էսքան բուրդ, երեւի նույն բուրդն էնքան չբխի, որ էլ բան չմնա, քրքրվի գնա»: Նորա տատի եւ Աբրահամ պապի 100 տարվա հեռուստացույցն այլեւս հրաժարվում է աշխատելուց, որովհետեւ` «100 թվի ա, էլ վրեն հալ չկա»: Միայնակ ծերունիների երազանքն է նոր, հեռակառավարման վահանակով հեռուստացույց ունենալ։ Աբրահամ պապը հեգնանքով ասում է` «Քույրս տեսավ, որ սենց գժվում ենք առանց հեռուստացույց, առանց ռադիո, ինձ ասեց՝ գնա Տիգրան Կարապետիչի «Շոգեքարշի» խաղին մասնակցի, կարող է հեռուստացույց շահես: Ջղայնացանք ես էլ, պառավս էլ, ասեցինք` երբեք: Ճիշտ է, շատ նեղ վիճակում ենք, բայց մեր հպարտությունը երբեք չենք կորցնի: Մենք թասիբի, պատվի մեռած մարդիկ ենք, մեզ չենք ստորացնի ինչ-որ օգուտ ունենալու համար»: Ասում են, որ ընտրությունների ժամանակ նույնպես ընտրակաշառքի առաջարկություններ են ստացել, սակայն կտրականապես մերժել են: Նորա տատը փորձից ելնելով վստահեցնում է, որ չարժե ինչ-որ մեկին դիմել օգնության համար, որովհետեւ ձմռանն այցելելով Էրեբունու թաղապետարան` խնդրել է գազ քաշելու համար իրենց աջակցել, սակայն խորապես վիրավորված ետ է եկել. «Էդ աշխատողն ասեց` գիտե՞ս, քո նմաններն ինչքան շատ են: Կյանքում էդ մեկ անգամն ենք մի բան խնդրել, էն էլ նենց արհամարհական պատասխանեցին, որ երդվեցի էլ ոչ մի հարցով չդիմել»,- վերհիշելով իր հանդեպ անհարգալի վերաբերմունքը՝ բարկացած ասում է Նորա տատիկը, ով տառապում է ամուսնու վատառողջ վիճակի համար, սակայն չի պատրաստվում ինչ-որ բան ձեռնարկել: Աբրահամ պապիկի մոտ հայտնաբերվել է կատարախտ հիվանդությունը, մի աչքի տեսողությունն ընդհանրապես խավարել է, իսկ մյուս աչքը մշուշոտ է տեսնում: Բժիշկը դեղ է նշանակել, որն ամեն ամիս գնելու համար թոշակառուները տնտեսում են կենսաթոշակի չնչին գումարից: Բժիշկը խորհուրդ է տվել վիրահատության գնալ, սակայն ծերունիները հասկանում են, որ առանց գումարի ոչ մի բժիշկ չի համաձայնի վիրահատություն կատարել: «Մեռնելուս վախտն ա, ոչինչ, սենց մի կերպ կդիմանամ: Գոնե ուղեգիր տային, ախր սենց լրիվ մթնում է աչքիս առաջը: Դատարկ գրպանով ինձ ո՞ր մի բժիշկը բանի տեղ կդնի»,- հարցնում է Աբրահամ պապը: Նորա տատը հիշում է իր երիտասարդությունը, պատմում է «Մետաքս» գործարանում աշխատած իր տարիների մասին: Աբրահամ պապն էլ իր հարուստ կենսագրությունը ներկայացնելու համար սկսում է պատմել «Ուրարտու» գործարանից: «Դու մեզ սենց խեղճ ու կրակ մի նայի, աղջիկ ջան: Աշխատել, տելեվիզոր, սառնարան, ամեն տեսակի տեխնիկա էլ առել եմ: Ուղղակի մեծանալը լավ բան չի, չես կարում գլուխդ պահես, ու պետությունն էլ քեզնով չի հետաքրքրվում: Ես մի ժամանակ մեր հայաթում սեմուշկա էի ծախում, բայց հետո աչքս շատ վատացավ, ասեցի՝ ջհանդամը էդ երկու կոպեկը, էլ չեմ կարում: Ծեր մարդուն ի՞նչ ա պետք, պետք ա, որ այ սենց մեկ-մեկ մեր ջահելները մեզ հարգեն, մեզնով հետաքրքրվեն: Մանավանդ, որ մենք երեխա չունենք, կարոտ ենք մարդկանց»,- ոգեւորված ասում է Աբրահամ պապիկը, ում խոսքերին գլխով հավանություն է տալիս Նորա տատիկը: Միայնակ թոշակառուների ամսական եկամուտը շուրջ 30.000 դրամ է. «Հենց թոշակ կամ նպաստ ենք ստանում` մեր համար տոն է: Նախ բաժան-բաժան ենք անում, լույս է, հեռախոս է, կոմունալ ծախսերը, բիձու դեղորայքն է, հետո գնում ենք շուկա: 1 կիլո վարունգ, մի կիլո պոմիդոր, մի կիլո լոբի առնում, գալիս ենք քեֆ անելու: Էդ օրը մեզ մարդ ենք զգում, բայց դրանից հետո էլի ընկնում ենք սովի մեջ»,- իրենց կյանքն ու առօրյան այսպես է նկարագրում Նորա տատը: Աբրահամ պապիկն ուզում է մի քիչ անկեղծանալ. «Ասում, խոսում ենք, բայց մեկ-մեկ մեր նեղվածությանը չեմ դիմանում, ուզում եմ մահանամ-պրծնեմ»,- այս խոսքերը դժվարությամբ արտաբերելով՝ Աբրահամ պապն ուշադիր նայում է Նորա տատի կշտամբող հայացքին, որով Նորա տատիկը կարծես ասում է, որ ինքը նրան թույլ չի տա մահանալ: Աբրահամ պապի այս խոսքերից հետո ծանր լռություն է իջնում ծերունիների հյուրասենյակում: Ասում եմ` «Լա՛վ, ես գնամ»: Նորա տատիկը տեղից վեր է թռչում, ինձ ճանապարհում է եւ, երբ հասնում եմ 1-ին հարկ` 3-րդ հարկից լսում եմ նրա ձայնը. «Աղջիկ ջան, էլի կգա՞ս, հա՞, անպայման քեզ սպասելու ենք: Խոստանում ես, չէ՞»: