«Մահախոսական»՝ պարզեցված հարկի համար

10/07/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ԵԱՀԿ հակակոռուպցիոն հանրային ընդունարանում մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց պարտքն էին համարում վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ 2008 թվականից «Պարզեցված հարկի մասին» օրենքի դադարեցումն անդառնալի հետեւանքներ է թողնելու փոքր եւ միջին ձեռնարկատիրության վրա: Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը նշում է, որ հարկերի հավաքագրումը չի կարող կատարվել փոքր եւ միջին բիզնեսի «ջախջախման» հաշվին:

«Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում քննարկումների ժամանակ եմ ծանոթացել «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխություններին, որը վարում էր Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Պարզվեց, որ փոքր բիզնեսը սպասարկող օրենքի համար գրվել է «մահախոսական», այն եկող տարվանից հանվելու է շրջանառությունից: Ստացվում է, որ միայն «փինաչիները» կարող են աշխատել այս հարկատեսակով: 2000թ. ընդունված օրենքը մինչեւ օրս ենթարկվել է 100-ավոր փոփոխությունների` գաղափարազրկելով ողջ օրենքը: Փոփոխություններով հասան նրան, որ մեծ բիզնեսին ասացին` կարող ես աշխատել պարզեցված հարկով: Սա նշանակում է, որ փոքր ձեռնարկությունները 2008 թ. հունվարի 1-ից կանգնելու են փաստի առաջ: Իմ հոգսը Երեւանը չէ, այլ ՀՀ մարզերը: Եթե փոքր բիզնեսն աշխատի Ավելացված արժեքի հարկով, պարտադիր պետք է հաշվապահ ունենա: Նրանք չեն կարող լրացնել 48 էջանոց հարկային հաշվետվությունները: Ի վերջո, փոքր բիզնեսը չի կարող բյուջե լցնող լինել: Նրա խնդիրն է՝ պակասեցնել գործազրկությունը, աշխատատեղ բացել իր իսկ համար: Սա է փոքր բիզնեսի հիմնական կոչումը: Հայտարարել են, որ 1.9 մլրդ դրամ ավելի են հավաքագրելու: Ինչպե՞ս են հաշվել: Թող ստվերից հանեն: Եթե ապրանքային մնացորդից են հարկերը հավաքելու, դա եղավ հա՞րկ: Փոքր բիզնեսը 7-8 տոկոս եկամուտ է հետապնդում, մի՞թե կարելի է փոքր բիզնեսից 20 տոկոս տանել: Ալավերդյանը հայտարարել է, որ այս ամենը համաձայնեցված է երկրի վարչապետի հետ, որ նա է ասել` ամեն ինչ պարզեցրեք, թեթեւացրեք: Բայց ի՞նչը պարզեցնել: Լավ, եթե պարզեցված հարկը վերացնում են, թող ուրիշ հարկ առաջարկեն: Այս իրավիճակը բերելու է գնաճի, առանց այդ էլ արդեն մեծ գնաճ ունենք: Կարծում եմ, որ սրա նպատակն է՝ վերացնել մանր բիզնեսը եւ ստեղծել մենաշնորհային դաշտ: Ինչպես այսօր ակնհայտ է ամենուր, խանութները փակվում են, եւ «ծլում» են սուպեր մարկետներ: Հարկայինի աչքի առաջ այդ «մարկետները» ոչ թե տարեկան, այլ օրական 50մլն դրամի առեւտուր են անում, սակայն հարկվում են պարզեցված հարկով: Պարզ չի՞, որ այս խանութները կաշառք են տալիս, որ հարկեր չտան»,- պատկերավոր ներկայացնում է Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը, որը նաեւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁ ԶԱԿ) հոգաբարձուների խորհրդի անդամ է: Գեւորգյանի հետ զրուցեցինք նաեւ ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի նպատակայնության մասին:

– ԶԱԿ-ի ֆունկցիան այն է, որ պետական բյուջեն գումարներ է տրամադրում, որոնք նստում են գործընկեր բանկերում: Բանկի վարկավորած գումարի դիմաց գրավի 70 տոկոսը բյուջեից տրամադրված գումարներն են: ԶԱԿ-ը տալիս է երաշխիքը: Մնացածը բանկերը վերցնում են տվյալ գործարարից: Դեռ 2003-ից որոշված էր, որ բավականին ցածր պետք է լինի վարկի տոկոսը, սակայն երկար, շատ երկար բանակցություններից հետո կանգնեցին 15 տոկոսի վրա: Ցավոք սրտի, այդ 15 տոկոսն էլ բանկին «ձեռք չտվեց», ձգձգեցին, ձգձգեցին ամիսներով, 100-ավոր դիմումներ էին հավաքվել, որոնցից պետք է ջոկեին՝ որին վարկ տալ: Ձգեցին-ձգեցին եւ հասան այն բանին, որ ԶԱԿ-ի թելադրած տոկոսը չեղյալ հայտարարվեց եւ մնաց առեւտրային վարկի գործող` 20 տոկոսը: Այդ դեպքում ո՞ւմ են պետք ԶԱԿ-ի միջոցով տրամադրվող բյուջետային երաշխիքները, եթե բանկերն անգամ պետբյուջեի միջոցների հաշվին պետք է հարստանան:

– ԶԱԿ-ն ասում է, որ իրենք հիմնականում երաշխիքները տրամադրում են արտադրական ծրագրերի համար:

– Մենք չենք ֆինանսավորում առեւտուրը: Պետք է ֆինանսավորվեն արտադրական ձեռնարկություններն ու ծառայությունների մատուցումը: Ճիշտն ասած, վերջերս շատ ուշ-ուշ ենք հանդիպում՝ 6 ամիսը մեկ, եւ երբեմն էլ այդ ծրագրերն այնքան արագ են բերում-նայում, որ հնարավոր է՝ արանքից սպրդումներ լինեն եւ վարկավորեն առեւտրային ծրագրերը:

– ԶԱԿ-ից երաշխիքներ ստանալու համար, ըստ շատ գործարարների, անպայման այդ կենտրոնում ծանոթ-միջնորդ պետք է ունենաս:

– Ինձ էլ են դիմել ձեռնարկատերեր, որ միջնորդեմ, սակայն ես հրաժարվել եմ: Ես ասել եմ՝ ձեր հայտերը ներկայացրեք ընդհանուր կարգով, եթե ձեր թղթերը բանկը կընդունի եւ կգտնի, որ դու վճարունակ ես, եւ, երբ հերթը հասնի ԶԱԿ-ի անդամներին՝ ես իմ «այո»-ն կասեմ: Իսկ թե ԶԱԿ-ի աշխատակազմի անդամներից կան մարդիկ, որ օգտագործում են ծանոթ-բարեկամ հարաբերությունները, կոնկրետ փաստեր չունեմ, սակայն, որ նման բաներ կան, կասկած իսկ չունեմ:

– Վարկային ծրագրերը հոգաբարձուների խորհրդում քննարկվո՞ւմ են լիարժեք:

– Ճիշտն ասած, վերջերս ձեւական բնույթ է կրել:

– ՓՄՁ-ներին հատկացված վարկերը որքանո՞վ են նպատակային եղել:

– Նշեցի, որ սկզբում այնքան էլ մեծ ծրագրեր չեն վարկավորվել, որովհետեւ բանկերը մեծ քաշքշուկ էին ստեղծել: Հիմա կարծես թե մասսայական վարկավորում են: Մինչեւ այսօր, գոնե ես, բոլորի ծրագրերին կողմ եմ արտահայտվել: Սկզբում փորձում էի դեմ կանգնել, որ գումարները նպատակային հատկացվեն: Բայց տեսա, որ հոգաբարձուների խորհրդի մնացած 12 անդամները, որպես կանոն, կողմ են լինում, եւ միայն ես եմ հակադրվում, որոշեցի ես էլ «սպիտակ ագռավ» չդառնալ: ԶԱԿ-ը կարող է շատ ավելի լավ գործ անել, քան ներկայումս է: