Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանի ամենակարեւոր խնդիրը խոսքի ազատությունն է, եւ այն հանգամանքը, որ մի քանի ամսով հետաձգվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում կատարվելիք փոփոխությունը, ամենեւին չպետք է հանգստացնի մեզ։ «Ազատության» հարցն ընդամենը մի ակնառու դետալ է ամբողջ այն իրողության մեջ, որը համառոտ կարելի է անվանել տեղեկատվական շրջափակում։ Նույնիսկ «Ա1+»-ի հարցն է փոքրիկ դետալ, եթե այն դիտարկում ենք տեղեկատվության միջոցների բաշխվածության տեսանկյունից։ Հիմա պետք է պայքարել ոչ թե «Ազատության» չփակման կամ «Ա1+»-ի վերաբացման համար, այլ անհրաժեշտ է հասնել Հայաստանի տեղեկատվական դաշտի վերաձեւմանը։ Ինչպե՞ս կարելի է հասնել դրան, կասեմ մի փոքր ուշ, երբ ներկայացրած կլինեմ տեղեկատվական դաշտի պատկերը խորհրդարանական ընտրություններին հետեւող եւ նախագահականին նախորդող ժամանակահատվածում։
Հայաստանի ամենաազդեցիկ ալիքները՝ «Հ1», «Հ2», որոնց ազդանշանները ծածկում են ամբողջ հանրապետությունն, անթաքույց կերպով սպասարկում են նախագահին եւ կառավարությանը, որ նույնն է թե՝ իշխող ՀՀԿ-ին։ Հանրապետության տարածքը ծածկող մյուս ալիքը՝ ԱԼՄ-ն, որը կոնֆլիկտ չունի նախագահի եւ կառավարության հետ, ըստ էության, պատկանում է մեկ մարդու եւ մեկ կուսակցության։ Նրա գոյությունը հանդուրժվում է, որովհետեւ բազմիցս փորձվել եւ ապացուցվել է, որ Տիգրան Կարապետյանն ու իր Ժողովրդական կուսակցությունը քաղաքական դաշտում լուրջ դերակատար չեն։ «Այլընտրանքային լրատվական միջոց» ամպագոռգոռ անունով հեռուստաընկերությունն իշխանություններին կարող է պետք գալ նաեւ արեւմտյան ինսպեկտորների բերանը փակելու համար, հատկապես, որ բանից անտեղյակ այդ տեսուչները կարող են մի լավ զարմանալ, որ պաշտոնական չափած-ձեւած քարոզչության այլընտրանքը ոչ թե քաղաքական գաղափարներն ու մտքերն են, այլ՝ գեղացի էրեխեքի երգն ու պարը։
Արբանյակային տարածման շնորհիվ Երեւանից դուրս տեսանելի ալիք կարելի է համարել նաեւ «Արմենիան»։ Որքան ինձ հայտնի է, մարզային հաղորդիչ կայաններն ընդունում եւ վերահեռարձակում են «Արմենիայի» ծրագիրը։ «Արմենիան» հեռուստատեսային բիզնեսի օրինակ է եւ մյուս ազդեցիկներին թելադրում է վարկանիշային խաղի կանոնները։ Լինելով գործարար կառույց՝ «Արմենիան» եւ նրա արբանյակները չեն կարող հաղորդել անաչառ տեղեկատվություն, կազմակերպել այնպիսի քննարկումներ, որոնք կարող են դուր չգալ իշխանություններին։ Եվ նախագահը, եւ կառավարությունը հարկ եղած դեպքում ազատորեն օգտվում են այդ հեռուստաընկերության ծառայություններից, իսկ արեւմտյաններին այն կարող է ներկայացվել որպես մեդիա-բիզնեսի նմուշ։
Ամենաազդեցիկները սրանք են, հետո գալիս են մայրաքաղաքային ու մերձքաղաքային նշանակության ալիքները՝ «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Ար» եւ «Շանթ»։
Առաջինը պատկանում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որը քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից է եւ, խորհրդարանական ընտրություններում իշխանական երրորդ կուսակցություն դառնալուց հետո, պատրաստվում է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին։
«Կենտրոնի» տերն անվանի օլիգարխ Գագիկ Ծառուկյանն է, ով նաեւ նախագահն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որն Ազգային ժողովի իշխանական երկրորդ կուսակցությունն է եւ կառավարող կոալիցիայի մասը։
«Ար» հեռուստաընկերությունը, եթե նկատի ունենանք դրա սեփականատիրոջ՝ Հրանտ Վարդանյանի որդիների տեղաբաշխվածությունը Հայաստանի քաղաքական դաշտում, կարող է սպասարկել եւ Հանրապետական կուսակցությանը, եւ ՀՅԴ-ին։ Վարդանյանի մի որդին խորհրդարան է մտել ՀՅԴ-ի ցուցակով, իսկ մյուսը՝ պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի համաձայնությամբ։
«Շանթը» պատկանում է «Արմենիայի» տեսակին, եւ, լինելով բիզնես-վարկանիշային, բնականաբար, չի կարող իշխանամետ չլինել։
Ռադիոկայաններից Հայաստանի ամբողջ տարածքում լսելի է միայն Հանրայինը, որի եթերով հեռարձակվելուց էլ փորձում են զրկել «Ազատություն» ռադիոկայանին։ Մնացած ռադիոները բիզնես-ժամանցային են եւ աշխատում են չխառնվել քաղաքականությանը։ Բոլոր թերթերը՝ իշխանամետ եւ ընդդիմադիր, միասին վերցրած, չունեն որեւէ FM ռադիոյի կամ դեցիմետրային հեռուստաալիքի լսարանի տասը տոկոսի չափ ընթերցող։ Հայաստանի գյուղական բնակավայրերից շատերը տարիներ շարունակ թերթեր չեն ստանում (նույնիսկ իշխանամետ), իսկ քաղաքներում ստանում են երկու-երեք օրինակ, որոնց սպառողները, որպես կանոն, լինում են տեղական չինովնիկները։
Այս իրավիճակում առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին քաղաքական գործիչների հայտարարությունները նման են դատարկ ձեռով արջի որսի գնալու։ Տեղեկատվության միջոցների բաշխվածության այս պայմաններում ցանկացած գործիչ՝ որքան էլ խարիզմատիկ լինի, դատապարտված է պարտության։ Ուրեմն, հայտարարություններ անելուց կամ դաշինքներ ու ճակատներ ստեղծելուց առաջ երկրի ղեկավարումը ստանձնելու հավակնություն ունեցողները պետք է պայքար սկսեն տեղեկատվական միջոցների ազգայնացման համար։
Պայքարի մեթոդներին եւ մարտավարությանը կանդրադառնանք հաջորդ հինգշաբթի։