Հայ փախստականների նոր հայրենիքը

06/07/2007

«Քանի դեռ չի լուծվում հայ փախստականների խնդիրը, եւ Ադրբեջանը մերժում է այդ հարցի քննարկումը, ԼՂՀ-ի իրավատիրույթում գտնվող բոլոր տարածքները, հատկապես՝ ազատագրված տարածքները, պետք է լինեն այդ մարդկանց (հայ փախստականների.-խմբ.) կրած նյութական, բարոյական վնասների փոխհատուցման ռեսուրս եւ պետք է նրանց համար դառնան նոր հայրենիք»,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը եւ վստահեցրել, որ իր հայտարարության եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման միջեւ առանձնապես մեծ տարբերություն չկա: Ա.Մելիքյանը գտնում է, որ հակամարտությունը լուծելու լավագույն տարբերակը «տարածքային տարանջատման ձեւն է»: «Ադրբեջանցիները չեն վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը: Հայերն արդեն իսկ հայտարարել են, որ չեն վերադառնալու Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլ վայրեր: Հայ փախստականներն այսօր արդեն դիմել են ԼՂՀ նախագահին՝ խնդրելով տեր կանգնել նոր հայրենիք վերագտնելու գործընթացին եւ փոխհատուցում տալ»,- ասել է Ա. Մելիքյանը: Հայ փախստականների այս քայլը նա գնահատում է որպես մանդատի հանձնում ԼՂՀ իշխանություններին՝ իրենց անունից գործելու համար: Նա փաստել է, որ 500 հազար մարդու սատարումը ԼՂՀ իշխանություններին եւ այդ մարդկանց օժանդակելու խնդիրը շատ լուրջ գործոն կարող է դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Պարոն Մելիքյանի կարծիքով՝ 500 հազար փախստականներին վերաբնակեցնելու, նոր հայրենիք տալու համար պետք է ազատագրված տարածքները նրանց տրամադրել սեփականության իրավունքով: «Ցանկության դեպքում՝ փախստականները կապրեն այդ տարածքում, իսկ չապրելու դեպքում նրանք կարող են այն վաճառել: Այդ տարածքները շատ բերրի են, եւ բազմաթիվ ընկերություններ, անհատներ հետաքրքրված կլինեն եւ օրինական կերպով կարող են գնել այդ հողերը եւ տեղում արտադրություն հիմնել: Այս խնդիրը պետք է դիտարկել տնտեսության զարգացման դաշտում»,- ասել է ԼՂՀ նախագահի խորհրդականը: Իսկ ինչո՞ւ է հայ փախստականների վերաբնակեցման խնդիրը մինչ օրս անուշադրության մատնվել: «Ա1+»-ի հարցին Ա. Մելիքյանը պատասխանել է. «Այդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր մասնակցել են բանակցային գործընթացին, զբաղվել են վերաբնակեցման խնդիրներով: Սա բանակցությունների բացթողումներից է»: Մելիքյանը նաեւ ասել է, թե 500.000 փախստական հայերի ո՛չ Թերի Դեւիսը, ո՛չ որեւէ մեկը չի կարող արգելել գալ ԼՂ եւ դառնալ ԼՂՀ քաղաքացի: «Այդ պատճառով են նրանք լռում: Լռում է նաեւ Ադրբեջանը, քանի որ դա ական է բոլորի համար»,- ասել է Ա. Մելիքյանը: Ըստ նրա, հայ փախստականների հարցը հօդս է ցնդեցնում հայերի ագրեսոր լինելու մասին ադրբեջանցիների եւ նրանց սատարողների տեսակետները: