Անկախի եւ այլընտրանքայինի տարբերությունը

06/07/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայանի հետ կապված ամբողջ այս պատմությունն ի վերջո ավարտվեց «happy end»-ով։ Հայաստանում «խոսքի ազատության վերջին բաստիոնը» չփակվեց (թեեւ որոշումը, հասկանալի է, վերջնական չէ)։ Պատճառն իշխանությունների փնթիությունն էր, թե ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը՝ արդեն էական չէ։

Բայց անկեղծ ասած՝ ուրախանալու առիթ առանձնապես չկա։ Եթե «Ազատություն» ռադիոկայանը շարունակելու է հեռարձակվել, դա դեռ չի նշանակում, թե Հայաստանում էլեկտրոնային անկախ լրատվամիջոցներ կան։ Այո, «Ազատությունը» ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ չի գտնվում, բայց դա դեռ չի նշանակում, թե այդ ռադիոկայանն անկախ է։ «Ազատությունը» չի էլ կարող անկախ լինել, որովհետեւ ամերիկյան ռադիոկայան է եւ գործում է ամերիկյան ֆինանսավորմամբ։ Հասկանալի է, չէ՞, որ ասենք, հայ-իրանական հարաբերությունները լուսաբանելիս այդ ընկերությունը չի կարող մինչեւ վերջ անկողմնակալ լինել։ Հետեւաբար, «Ազատություն» ռադիոկայանը ոչ թե անկախ լրատվամիջոց է, այլ ավելի շուտ այլընտրանքային (ԱԼՄ-ի ականջը կանչի)։ Այն իմաստով, որ Հայաստանի բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները մոտավորապես նույն բանն են ասում, եւ այլընտրանքային լրատվություն կարելի է ստանալ միայն «Ազատությունից»։

Ի դեպ, խորհրդային տարիներին էլ էր այդպես։ Պետական ռադիոն եւ հեռուստատեսությունն անընդհատ քարոզում էին «աշխատավորական կոլեկտիվների փայլուն նվաճումները», իսկ երեկոյան այդ նույն կոլեկտիվների անդամները մտնում էին խոհանոց, դուռն ու լուսամուտներն ամուր փակում ու թաքուն «Ամերիկայի ձայն» լսում՝ լավ իմանալով, որ «Ամերիկայի ձայնը» նույնպես անկախ չէ եւ նույնպես քարոզչություն է իրականացնում։

Փաստը մնում է փաստ՝ Հայաստանում էլեկտրոնային անկախ լրատվամիջոցներ չկան։ Եվ այս իմաստով որեւէ նշանակություն չունի՝ «Ազատությունը» հեռարձակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ավելին. եթե Հայաստանում էլեկտրոնային անկախ լրատվամիջոցներ լինեին, «Ազատություն» ռադիոկայանի կարիքն ընդհանրապես չէր լինի, հետեւաբար՝ այդ ռադիոկայանի փակման հեռանկարն էլ այսքան մեծ աղմուկ չէր բարձրացնի։ Հասարակությունն էլ «ըմբռնումով կմոտենար» իշխանությունների այն հարցադրմանը, թե ինչո՞ւ պիտի օտարերկրյա ռադիոկայանն անարգել գործի Հայաստանի տարածքում։

Հիմա՝ էլեկտրոնային անկախ լրատվամիջոցների մասին։ Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի լրատվամիջոցներ կարող են լինել միայն այն երկրներում, որտեղ կա ազատ բիզնես եւ կա անկախ լրատվամիջոցների հասարակական պահանջարկ։ Մեզանում բիզնեսն ազատ չէ (այսինքն՝ գործարարները գտնվում են իշխանությունների ամենօրյա հսկողության ներքո եւ ցանկացած պահի կարող են պատժվել)։ Իսկ սա նշանակում է, որ գործարարները կվախենան գովազդ տեղադրել այն լրատվամիջոցներում, որոնք թթու խոսքեր են ասում իշխանությունների հասցեին։ Այլ կերպ ասած, էլեկտրոնային լրատվամիջոցները չեն կարող գոյատեւել, որովհետեւ նրանց եկամտի միակ աղբյուրը գովազդն է։ Ինչ վերաբերում է հասարակական պահանջին, ապա այստեղ խնդիրներն ավելի շատ տեխնիկական են։ Օրինակ, տխրահռչակ այդ օրինագծով սահմանվում էր, որ «Ազատությունը» պիտի յուրաքանչյուր թողարկման համար 60 հազար դրամ վճարի։ Այդ ռադիոկայանն, անկասկած, առնվազն 60 հազար ունկնդիր ունի, եւ եթե նրանցից յուրաքանչյուրն օրը մեկ դրամ տրամադրեր, այդ հարցը կլուծվեր։ Համաձայնեք՝ նույնիսկ ամենաաղքատ մարդու համար ամիսը 30 դրամը մեծ գումար չէ։ Այլ հարց է, թե ինչպես դա կազմակերպել։ Ինչեւէ։

Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանը փակելու փորձը ձախողվեց։ Բայց իշխանություններն, անկասկած, առաջիկայում եւս անելու են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մնան միայն իրենց փառաբանող լրատվամիջոցները։ Ընդ որում, իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ հաջորդ թիրախն ամենայն հավանականությամբ լինելու են անկախ թերթերը։ Եվ քանի որ տվյալ դեպքում «ազատ կապուղիների մրցույթի» եւ «թույլիկ ծրագրերի» մասին խոսք լինել չի կարող, մեծ է հավանականությունը, որ իշխանությունները գործի կդնեն տնտեսական մեխանիզմները։ Ասենք՝ կբարձրացնեն հարկերը, կուժեղացնեն ճնշումները գովազդատուների վրա, եւ այլն։ Մի խոսքով, ամեն ինչ կանեն «օրենքի շրջանակներում»։ Արդյունքում, իհարկե, կտուժեն նաեւ իշխանամետ թերթերը, բայց դրանք, մեր մեջ ասած, իշխանություններին առանձնապես պետք չեն։ Քարոզչության համար հեռուստաընկերություններն ու ռադիոկայաններն էլ են հերիք։

Իսկ արտաքին աշխարհն առանձնապես մեծ աղմուկ չի բարձրացնի։ Ավելի ճիշտ՝ աղմուկ կբարձրացնի եւ դրանով էլ կսահմանափակվի, ինչպես եղավ «Ա1+»-ի դեպքում։ Նրանց ինչի՞ն են պետք լրատվամիջոցները, որոնք նույնիսկ իրենցից կախում չունեն։