«Նաիրիտ» գործարանի աշխատավորական կոլեկտիվը դիմել էր մեր խմբագրությանը` խնդրելով իրենց պահանջ-բողոքները թերթի միջոցով հասանելի դարձնել գործարանի տնօրինությանը: Խնդիրը նրանում է, որ գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանին օրերս «Նաիրիտ» գործարանի տնօրենների խորհուրդն ազատել է աշխատանքից:
Կոլեկտիվն ուզում է բացատրություն ստանալ Իսրայելյանին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ: Վերջիններիս ասելով, նրանք այս հարցով դիմել են գործարանի արհմիության նախագահին, եւ նա էլ այս մասին տեղյակ է պահել իրավասուներին, սակայն որեւէ պատասխան դեռեւս չեն ստացել տնօրենների խորհրդի կողմից: «Կարեն Իսրայելյանը շատ ժողովրդական մարդ էր: Առաջին տնօրենն էր, որ մտածում էր մեր աշխատավարձերը ժամանակին վճարելու մասին: Առաջին անգամ է, որ «Նաիրիտ» գործարանից տնօրեն է հեռանում, առանց աշխատավարձերի նոր պարտքերի: Ավելին, Իսրայելյանն անգամ վճարել է չստացած աշխատավարձերի հին պարտքերի մի մասը: Մնացած տնօրենները աշխատավարձի գոնե վեց ամսվա պարտքեր են թողել, նոր հեռացել»,- պատմում է «Նաիրիտի» բանվոր դասակարգը: Որպես գործարանի ներքին կոնֆլիկտներին ծանոթ մարդիկ, նրանք ենթադրում են, որ Իսրայելյանի եւ գործարանը ղեկավարող Վահան Մելքոնյանի միջեւ կարող է վեճ ծագած լինել ֆինանսների բաշխման հարցով: «Խորհուրդը «կտրել էր» Իսրայելյանի ձեռքերը, նա գործ չուներ ֆինանսների հետ, եւ սա ոչ մի տնօրենի էլ դուր չէր գա: Մենք մեր խնդիրներով Իսրայելյանին էինք դիմում, եւ նա էլ օգնում էր` ինչով կարող էր: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չէր կարողանում օգնել, ապա այնպես էր անում, որ տվյալ անձն իրեն վիրավորված չզգար: Կոլեկտիվի մոտ 98 տոկոսը սիրում ու հարգում է այդ մարդուն: Նա այդ գործարանին տիրություն է արել, դրա համար էլ կարողացել ենք այդ մաշված սարքավորումներով արտադրանք տալ»,- ասում են մարդիկ: Աշխատողներին անակնկալի է բերել նաեւ «Նաիրիտ» գործարանը նոր աշխատողներով համալրելու՝ տնօրենների նախաձեռնությունը: «1970 թվից աշխատում ենք «Նաիրիտում» եւ ամսական մոտ 80 հազար դրամ ենք ստանում: Հիմա ասել են, որ մեր աշխատավարձը բարձրացնելու են 25 տոկոսով, սակայն այս գումարը չնչին է՝ իրենց եւ իրենց նշանակած մարդկանց ստացածի համեմատ: Մեծ վերանորոգում են սկսել գործարանի միայն վարչական շենքում, վերանորոգում են իրենց կաբինետները, համակարգիչներ են գնում: Գուցեեւ սա էլ է պետք, բայց ոչ մեր աշխատավարձերի ու ներդրումների հաշվին: Մենք վիրավորված ենք, որ համակարգչի առաջ նստած երեկվա երեխան ավելի է ստանում, քան մենք` գործի իսկական մասնագետները: Պահակային ծառայության նոր պետ են աշխատանքի ընդունել: Սա էլ հերթափոխի ութ պահակի ասել է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրեն: Ոչ թե հաստիքների կրճատում է գնում, այլ պահակի աշխատավարձը 130 հազար դրամ են սարքել եւ պատրաստվում են իրենց մարդկանց գործի ընդունել: Մեզ համար այս երեւույթը շատ վիրավորական է: Գործարանի թույնը մենք ենք շնչում, իսկ բարձր աշխատավարձերն իրենք են ստանում: Նոր փոխտնօրեններ են գործի ընդունել: Դեռ լավ է, որ մեկը մեր հին աշխատողներից է, իսկ մնացածի մասով չգիտենք, նրանք քիմիայից ընդհանրապես գաղափար ունե՞ն, թե՞ ոչ: Երբ մեր աշխատավարձերի բարձրացման պահանջ էինք դնում, ապա նոր տնօրինությունը հիմնավորում էր, թե գործարանը միջոցներ չունի. երբ վերագործարկեն բութադիենի արտադրությունը՝ այն ժամանակ էլ կմտածեն աշխատավարձերի բարձրացման մասին: Ներկայումս բութադիենի արտադրություն չկա, սակայն բարձրացնում են իրենց աշխատավարձերը»,- ընդվզում են բանախոսները:
Մենք փորձեցինք ճշտել, թե գուցե նոր աշխատակազմ են հավաքագրում բութադիենի արտադրամասի վերագործարկմա՞ն համար: Սակայն բանվորները հակված չէին այս տեսակետին. «Նախ՝ բութադիենի արտադրամասը եկող տարվա հունվարից շուտ չի լինի: Բացի այս էլ, դրսից եկած ոչ մի մասնագետ էլ չի կարող գլուխ հանել այդ գործից: Այդ աշխատանքը կարող են կազմակերպել միայն գործարանի փորձառու մասնագետների աջակցությամբ: Նրանք գուցեեւ ձեւի համար են աշխատանքի ընդունման հայտարարություն տվել, փաստացի ընդունում են իրենց ծանոթներին: Ով գործի է ընդունվում, նստում է վարչական շենքում: Մենք աշխատող մարդիկ ենք եւ այսքան տարիների ընթացքում բոլորովին վերջերս մենք ենք գործարանում կապիտալ վերանորոգում իրականացրել եւ այն էլ՝ մասամբ գործարանի ունեցած հին սարքավորումների հաշվին: Պարզ է, չէ՞, որ նոր ապրանքի հետ աշխատելն ավելի հեշտ է: Եվ այս տանջանքի ու արտաժամյա աշխատանքի համար ստանալու ենք չնչին կոպեկներ: Մենք կուռ կոլեկտիվ ենք, եթե մեր պահանջները հաշվի չառնեն, մենք գործադուլների, Կառավարության ու նախագահի նստավայրի առջեւ ցույցեր կազմակերպելու մեծ փորձ ունենք»: