Ո՞վ` ո՞ւմ ուշադիր չի լսել

06/07/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը կարծում է, որ «168 Ժամ» թերթին տված իր հարցազրույցում («Պետությունը բարդացնում է հարկերը» հոդվածում) տեղ են գտել մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Տեղեկացնենք, որ թերթը չունի կանխակալ կարծիք, եւ, հետեւաբար, տեղեկատվությունը խեղաթյուրելու միտում ընդհանրապես չի եղել: Նույն տրամաբանությամբ՝ մենք էլ կարող ենք ասել, որ Կարապետյանը կանխակալ էր տրամադրված մեր նկատմամբ: Ասենք, հարցազրույցի ընթացքում վերջինս անընդհատ կրկնում էր, թե լրագրողի դեմքի արտահայտությունն այնպիսին է, որ կարծես թե չենք հավատում իր ասածներին: Իսկ, երբ քաղաքավարությունից դրդված փորձեցինք ժպտալով հարցեր տալ, այս անգամ էլ Կարապետյանը բողոքեց, թե քմծիծաղ ենք տալիս իր ասածների վրա: Ըստ Ի. Կարապետյանի, իր բախտը լրագրողների հարցում չի բերել. ասում է, թե իրեն հանդիպած բոլոր լրագրողները որպես կանոն խեղաթյուրել են իր ասածները:

Իսկ հիմա բուն խնդրի մասին: ՓՄՁԶԱԿ-ի գործադիր տնօրենը հոդվածից մեջբերում է. «թերեւս քչերը հավատան, փոքր եւ միջին բիզնեսում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 2մլրդ դոլար, եւ այն էլ այդ միջոցները հիմնականում հատկացվել են մարզային ձեռնարկություններին: Միայն նախորդ տարի գրանցվել է մոտ 10.000 նոր ձեռնարկություն, որի արդյունքում ստեղծվել է մոտ 14 հազար նոր աշխատատեղ»:

Ըստ Կարապետյանի այս հատվածը պետք է շարադրված լիներ հետեւյալ կերպ. «թերեւս քչերը հավատան, Հայաստանի Հանրապետությունում գործող ձեռնարկություններում վերջին 7 տարիների ընթացքում ընդհանուր ներդրումների ծավալը ըստ գնահատականների կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Միայն նախորդ տարի գրանցվել է մոտ 10.000 փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտ, ինչի արդյունքում ստեղծվել է մոտ 14 հազար նոր աշխատատեղ»:

Վիճահարույց այս զրույցի սղագրությունը ներկայացնում ենք առանց խմբագրական միջամտության:

– Մանր եւ միջին բիզնեսը մեր ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է կազմում եւ որքա՞ն օտարերկրյա ներդրումներ են եղել մանր եւ միջին բիզնեսի ոլորտում:

– Եթե ուսումնասիրեք յուրաքանչյուր ցուցանիշի կառուցվածքը, դուք կտեսնեք համախառն արդյունքը դա ինչ ա, դա տնտեսության մեջ մեկ տարվա մեջ ստեղծված ավելացված արժեքն ա, որը իրա մեջ ներառում ա ոչ միայն դրսից եկած գումարները, այլ նաեւ տեղական տնային տնտեսությունների կողմից ստեղծված արդյունքը: Իսկ օտարերկրյա ներդրումները դուք գիտեք, որ, օտարերկրյա ներդրումների ծավալը, եթե ես չեմ սխալվում, վերջին մի քանի տարիների կտրվածքով կատարված, հանրապետությունում կազմում էր շուրջ 2մլրդ դոլար:

– 2 մլրդ դոլա՞ր, դուք երեւի նկատի ունեք նաեւ դրսից ստացված տրանսֆերտները:

– Մարդկանց տրանսֆերտները չեն համարվում օտարերկրյա ներդրումներ: Օտարերկրյա ներդրումն ունի իր սահմանումը:

– 2 մլրդ դոլար ներդրումնե՞ր են կատարվել արտադրական ձեռնարկություններում:

– Այո, ձեռնարկություն-ձեռնարկություն կատարված ներդրումներն են, քաղաքացի-քաղաքացին չի համարվում ներդրում: Ես հիմա ձեզ կտպեմ եւ կտամ… Տրանսֆերտը ներդրման հետ չի կարելի շփոթել:

– Դուք նկատի ունեք նաեւ խոշո՞ր ներդրումները` Քաջարանի, Զվարթնոցի…

– Խոշոր ներդրումները հանած, ես ասում եմ ընդհանուր ներդրումների ծավալը վերջին 7 տարիների ընթացքում 2 մլրդ ա կազմել: Մի քիչ ուշադիր լսեք, էլի:

Դե հիմա հասկացեք, թե ո՞վ` ո՞ւմ ուշադիր չի լսել: Ձեւակերպումները նույնն են նաեւ Կարապետյանի կողմից վիճարկվող այլ հատվածներում: Իշխան Կարապետյանն իր նոր ձեւակերպումների ժամանակ փաստացի մեջբերել է իրենց կողմից հրապարակված տեղեկանքի տեքստերը (կոնկրետ վերոնշյալ մեկնաբանման վերջին հատվածը ճիշտ եւ ճիշտ համընկնում է 2006թ.-ի հաշվետվության, էջ 8-ում շարադրվածին), եւ բնական է, որ կենդանի զրույցի ժամանակ նա անգիր չէր կարող հիշել ու ասել այն, ինչ կցանկանար: Նշենք նաեւ, որ մեր հոդվածը ներկայացված չէր հարցազրույցի տեսքով, այլ ընդամենը հղում էր արված Կարապետյանի խոսքերին եւ պահպանված չէր մտքերի հաջորդականությունը, ուստի վերջինս չէր կարող հենց նման ձեւակերպումներով արտահայտել իր մտքերը: