Ծիրան ու կեռաս չեն մթերի

06/07/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի եւ Լոռու մարզերում 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտն ամբողջությամբ ավերել է տասից ավելի գյուղերի ցանքատարածությունները: Այդ համայնքների գյուղացիական տնտեսությունները հիմնականում կարտոֆիլ ու հացահատիկ են մշակում: Երկուշաբթի գիշերն այդ ցանքատարածությունները հիմնովին հողին են հավասարվել:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ուսումնասիրում են կարկուտի հետեւանքները: Նրանք մտահոգ են այս տարվա ընդհանուր բերքատվության համար: Այս տարի կարկտահարությունը, կարծես թե, հաճախակի երեւույթ է դարձել: Հատկապես վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ուժեղ կարկուտը վնասել է նաեւ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի այգիներն ու ցանքատարածությունները: Գյուղնախարարության մասնագետներն այստեղ էլ են ճշտում վնասի չափերը: Իսկ ընդհանուր առմամբ Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության աշխատակիցներն անցած տարվանից տեղումների պատճառած վնասի չափերի ճշգրտումով են զբաղված: Եթե անցյալ տարի երաշտն էր վնասներ հասցրել, ապա այս տարի տեղումներն են վնասի պատճառ դարձել: Դեռ վաղ գարնանից հանրապետությունում գյուղատնտեսական տարին սկսվեց առատ եւ անընդհատ տեղացող անձրեւներով: Դրա պատճառով գրեթե բոլոր մարզերում գյուղատնտեսական տարին մոտ մեկ ամսով ետ ընկավ: Անձրեւները համընկան մրգատու ծառերի, հատկապես՝ ծիրանենիների եւ կեռասենիների փոշոտման պրոցեսի հետ եւ վնասեցին դրա բնականոն ընթացքը: Ավելի ուշ, անընդհատ տեղացող անձրեւները համընկան ձյան հալոցքի հետ եւ ջրով հեղեղեցին Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջանները: Հունիսի սկզբին պարզ դարձավ, որ վաղ գարնան ուժեղ անձրեւները Հայաստանի գյուղատնտեսությանը պատճառել են մոտ 450 մլն դրամի վնաս: Չի բացառվում, որ այս թիվը մինչեւ աշուն ավելի մեծանա: Եղանակային անբարենպաստ պայմաններից ավելի շատ տուժել են ծիրանենիները, եւ այս տարի 2006թ. համեմատ՝ ծիրանի բերքը մոտ չորս անգամ պակաս կլինի: Եթե անցյալ տարի հավաքվել էր մոտ 50.000 տոննա ծիրան, ապա այս տարի սպասելիքները 12-13 հազար տոննայից չեն անցնում: Ընդ որում, անցյալ տարի դրանից ավելի շատ արտահանվել է: Ճիշտ է, արտահանման պաշտոնական թիվը 8000 տոննա էր, սակայն Գյուղնախարարության մասնագետները համոզված են, որ իրական արտահանումը կրկնակի ավելի է եղել: Եվ այս թվաբանությունից ելնելով՝ մտահոգություն է առաջացել, թե այս տարի արտադրվող ծիրանի գերակշիռ մասը կարտահանվի: Ընդհանրապես ծիրանի արտահանումը նախորդ մի քանի տարիներին հասցրել է դառնալ ոչ միայն խիստ շահութաբեր բիզնես, այլեւ ազգային անվտանգության խնդիր: Դրանով զբաղվում էին ամենեւին էլ ոչ պատահական մարդիկ: Ծիրանն արդեն համարվում էր ազգային վալյուտայի պես մի բան: 2006թ. հրապարակումներ եղան, թե ծիրանի արտահանմամբ հետաքրքրված է նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը: Բանն այն է, որ որոշ արտահանողների ծիրանի բեռները Վրաստան հասնում էին ԱԱԾ մեքենաների ուղեկցությամբ: Այնպես որ, բոլորովին էլ չի բացառվում, որ այս տարի ծիրանի բերքի գերակշիռ մասն արտահանվի: Այսինքն՝ կարող է ստեղծվել այնպիսի մի վիճակ, երբ ծիրան ունեցող երկիրը ներքին սպառման համար ծիրան չունենա: Սպառողների մտահոգությունը, սակայն, չի կիսում ՀՀ Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: «Նման բան երբեք չի կարող տեղի ունենալ, որովհետեւ արտահանելու համար ընտրովի բերքահավաք է կատարվում, եւ ոչ բոլոր սորտերն են եւ ոչ բոլոր տարածաշրջանների ծիրանն է փոխադրունակ: Դա շատ կարեւոր հանգամանք է,- ասում է Գ. Պետրոսյանը: -Բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ գրունտային ջրերը համեմատաբար բարձր են, եւ չոր նյութերը քիչ են կուտակվում պտղի մեջ, նման պտուղը փոխադրունակ չէ: Մեր փոխադրողները դա շատ լավ գիտեն, գիտեն նաեւ, թե որ համայնքից կարող են ծիրան ձեռք բերել, որը կարող է պահպանվել եւ երկար ճանապարհ գնալ: Եվ երկրորդ. այնքան արագ է տեղի ունենում ծիրանի հասունացումը, որ մի քանի օրերի ընթացքում խակը կարող է դառնալ գերհասունացած: Իսկ գերհասունացած ծիրանը երբեք հանրապետությունից դուրս չի գալիս: Երբեք եւ ոչ մի պարագայում նման խնդիր չի կարող առաջանալ»:

Այսօր շուկաներում ծիրանի մանրածախ գինը տատանվում է 500-1000 դրամի սահմաններում: Վաճառող գյուղացիները գնորդներին զգուշացնում են գնի հարցում չտատանվել եւ գոնե համտեսի համար հենց հիմա գնել, որովհետեւ էժանացում չի սպասվում: Ծիրան չկա: Իսկ Գյուղնախարարության տվյալներով՝ հուլիսի 2-ի դրությամբ արտահանվել է ընդամենը 31 տոննա ծիրան եւ 7 տոննա էլ կեռաս: «Այս պահին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում արտահանելու համար 1 կիլոգրամը 1000 դրամով ծիրանի ընտրովի բերքահավաք է կատարվում»,- տեղեկացրեց Գ. Պետրոսյանը:

Վերամշակող գործարաններից էլ տեղեկացնում են, որ այս տարի ստիպված հրաժարվելու են ծիրանի վերամշակումից: «Սարդարապատ» գործարանի արտադրության պետ Արթուր Մկրտումյանը տեղեկացրեց, որ չեն կարող մթերել ոչ միայն ծիրան, այլեւ կեռաս, տանձ ու դեղձ:

«Եթե որեւէ մեկը մեզ ծիրան կառաջարկի, մենք ուրախությամբ կմթերենք,- ասաց պրն Մկրտումյանը: -Մեր մարզում (Արմավիր) ոչ մի գյուղ ծիրան չունի: Մեր գործարանը ունի մոտ 40 հեկտար ծիրանի սեփական այգի, բայց ծառերի վրա մի հատ ծիրան չկա: Մեր մարզում չկա նաեւ կեռասի, դեղձի ու տանձի բերք: Գարնան անձրեւները չթողեցին, որ փոշոտումը նորմալ ընթանար: Մյուս մարզերն էլ, եթե որոշ չափով ունեն, ապա այստեղ չեն հասցնի, տեղական վերամշակողներին կտան»:

Իսկ «Նոյան» գործարանի գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի ծիրան ընդհանրապես չեն մթերի, կեռասն էլ կներմուծեն «մեզ մոտիկ երկրներից»: «Մենք գիտենք, որ նման իրավիճակներ կարող են ստեղծվել, եւ այդ պատճառով անցյալ տարի ծիրան շատ ենք մթերել,- ասաց Վ. Ղազարյանը: -Այս տարվա վաճառքի համար մենք պահեստավորած ծիրանի հյութ ունենք»:

Իհարկե, ծիրանը համեմատաբար ավելի աչքի ընկնող գյուղատնտեսական մթերք է, եւ իր բերքատվության չափերով նույնիսկ կարող է բարոմետրի դեր կատարել ամբողջ ոլորտի համար: Այս առումով թերեւս կարող է համեմատության որոշակի եզրեր ունենալ կարտոֆիլի հետ: Ի դեպ, այս տարի ուշացավ նաեւ կարտոֆիլի առաջին բերքահավաքը: Դրա պատճառով շուկայում գները պարզապես «թռան»: Մերոնք էլ ելքը գտան ու Թուրքիայից ներմուծեցին: Ճիշտ է, դրանից հետո կարտոֆիլի գները փոքր-ինչ իջան, սակայն մեր գյուղացիական տնտեսությունների բերքը մնաց հողի տակ. շուկան հագեցած էր թուրքական կարտոֆիլով: