Շարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների մեր շարքն՝ այս անգամ կներկայացնենք նրանց կարծիքն այն մասին, թե ի՞նչ կարող է փոխել ՀՀ նոր կառավարությունը: Ինչպեսեւ սպասվում էր՝ նրանցից շատերը չեն հավատում, թե կլինեն համակարգային լուրջ
բարեփոխումներ:
«Օրենքի կիրառմանը կարոտ ենք»
«Անկախությունից հետո մեռանք կառավարություն փոխելով ու հավատալով, թե բարեխիղճ մարդիկ են եկել իշխանության: Հոգնել ենք արդեն, հասկանո՞ւմ եք, մարդը հիասթափվում, հույսը կորցնում ա, էլ չի հավատում լավ բանի»,- ասում է վարորդ Սարգիսը` ավելացնելով, որ այլեւս հույսեր չի կապում ՀՀ իշխանությունների հետ: «Կառավարության անդամներին փոխում են, բայց միշտ էլ նույն մարդիկ են, ուղղակի տեղերով փոխվում են: Մենք կունենանք նոր կառավարություն այն դեպքում, երբ նախարարներն ու մյուս բոլոր պաշտոնյաները նոր դեմքեր լինեն: Բոլորն էլ նույն կաթսայի մեջ եփված են, դրա համար էլ չեն կարողանա ինչ-որ բան փոխել: Ամենալավ կառավարությունն էն է, որ օրենքով է աշխատում, որ առանց վերապահումների հարկերը գանձում է ու էդ հարկերով մարդկանց կյանքն է բարելավում: Եթե օրենքը չի գործում, ուրեմն` իմացե՛ք, որ մարդիկ ոչինչ էլ չեն փոխի: Հիմա նայե՛ք, թե ինչ է կատարվում. Պետավտոտեսչության օրենքներից մինչեւ հիմա գլուխ չենք հանում: Անընդհատ ինչ-որ օրենքներ են փոխում, իբրեւ թե երթեւեկության կանոններն են բարելավում, բայց շարքային վարորդը չգիտի, թե ի՞նչ է փոխվել: Ասենք` գայիշնիկը տուգանում է, հարցնում ես, թե՝ ինչի՞ ես տուգանել, ենթադրենք, ասում է, թե՝ անթույլատրելի վայրում ես կանգնել: Ասում ես` ո՞րն է թույլատրելին, էս մեծ տարածության մեջ մի տեղ ցույց տուր, որն օրենքով թույլատրելի է: Պապանձվում է, չի կարողանում պատասխանել, բայց, միեւնույն է, ակտը գրում, տուգանք է սահմանում: Ամեն ինչ զոռբայության ու անգրագիտության վրա է: Է, եթե պետավտոտեսուչը չի տիրապետում օրենքներին, որի համար ինքը կոչված է, ուրեմն` ես որտեղի՞ց պիտի իմանամ: Կամ, եթե մեր կառավարությունը թույլատրելի վայր չի սահմանել, բայց վարորդներից պահանջում է օգտվել թույլատրելի վայրերից, ուրեմն` ո՞նց հարգես էդ անկապ օրենքը,- զայրացած ասում է Սարգիսն ու իբրեւ վարորդ առաջարկում,- «Թող օրենքը քարոզեն, որ վարորդներն էլ իմանան արգելքները: Որեւէ մեկը չի ցանկանում օրենք խախտել, բայց դրանք էնքան հաճախակի են փոփոխվում, որ չգիտես, թե քո իմացածից ի՞նչն է ուժի մեջ մնացել: Կառավարությունը թող հեռուստաընկերություններին ու ռադիոներին պատվիրի, որ օրենքը ռեկլամի միջոցով քարոզեն: Թե չէ, բոլոր վարորդներն էլ ուզում են կարգապահ երթեւեկել, բայց մեկ էլ իմանում ես, որ անգիտակցաբար խախտում ես արել, չիմանալով, իհարկե: Ընդհանրապես զգո՞ւմ եք, որ մենք օրենքի կիրառմանը կարոտ ենք, ու էն մոտեցումը, թե օրենքը չի գործում, գալիս է նրանից, որ վերեւներում չեն հարգում օրենքը, իսկ մեր նման մարդիկ, որ ուզենան էլ, չեն կարողանա խախտել: Նոր կառավարություն է ձեւավորվել, բայց ցանկացած նոր պաշտոնյա ցանկացած պահին հանգիստ օրենք կխախտի: Իրենք պիտի օրինակ ծառայեն հասարակ քաղաքացիներին, բայց մի հատ նայեք, թե պաշտոնյաները ո՞նց են երթեւեկում: Օրենքը գրում են ու իրենք էդ օրենքի վրայով անցնելով, արհամարհելով՝ պահանջում են, որ մյուսները ենթարկվեն օրենքին: Տենց ո՞նց կլինի,- հարցնում է Սարգիսն ու կատակելով ասում,- «Օրինաց երկիր» կուսակցության անվանումը լավն էր, բայց ափսոս, որ մեջը փուչ էր»:
«Վերեւի ու ներքեւի կանոններ են սահմանել»
Վարորդ Գագիկը նոր կառավարության մասին արտահայտվելիս զարմանալիորեն հիացմունքով է խոսում. «Ես շատ եմ հարգում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Գիտե՞ս, երբ Վազգեն Սարգսյանին նշանակեցին վարչապետ, ես շատ-շատ էի հավատում, որ ինքը բոլորի նալերը կձգի: Հիշում եմ, որ լուրերով ցույց էին տալիս, թե ինքը ոնց էր կառավարական նիստ անցկացնում: Իրա խստությունը, ներվայնությունը վկայում էր, որ էդ մարդը սրտացավ ա մեր երկրի հանդեպ: Ինքը սրտանց ջղայնանում էր անարդարությունների վրա ու ոնց որ թքած ունենար, որ իրանից իրա պաշտոնյա ընկերները կնեղանան: Չէր հաճոյանում սրանց պես, ամեն ինչ ասում էր իրանց երեսին ու չէր վախենում, որ գլուխը կուտեն: Իրոք, իրա նման նվիրյալները կարային մեր երկիրը նորմալ երկիր սարքեին: Իրան որ սպանեցին, իմ մեջ շատ բան կոտրվեց, որովհետեւ մտածում էի, որ մեր երկրում իսկական տղերքը տեղ չունեն»,- ասում է Գագիկն ու միանգամից անցում կատարում նոր վարչապետի գործունեությանը։ «Սերժ Սարգսյանը լինելով միշտ Պաշտպանության նախարար՝ միշտ մի տեսակ մեր համար խիստ, չոր կերպար ա եղել ու ցույց չի տվել մարդկային իրա բնավորությունը: Երբ որ ինքը դարձավ վարչապետ, իրա կերպարը լրիվ փոխվեց, սկսեց ժողովրդի մեջ մտնել, իրան հասարակ պահել ու մի տեսակ մարդկանց դարդը կիսելու քայլեր ա անում: Սերժը, եթե ուզենա` ժողովրդին էդ հույսը կվերադարձնի, որ պաշտոնյան էլ ա ժողովրդի մարդ: Էսօր հասարակ մարդուն ի՞նչ ա պետք. պետք ա, որ իրան ուշադրություն դարձնեն, իրա հետ հաշվի նստեն ու դժվարությունները կիսեն: Մեզ էդքան պետք չի իրանց նյութական աջակցությունը, ինչքան մարդկային վերաբերմունքը: Եթե Սերժը աստղայինով չի տառապում, նշանակում ա՝ ինքը կարգին մարդ ա: Դուք նայե՛ք, տեսե՛ք, թե պաշտոնյաներն ինչքան են մեծամտացել ու փառքին չեն դիմանում: Կորցրել են իրանց մարդկային հատկանիշները, արժանիքները: Վերեւի ու ներքեւի կանոններ են սահմանել ու ներքեւի հետ առնչություն ունենալը համարում են ամոթ: Էսօր ժողովրդին ավելի շատ պետք ա մարդկային վերաբերմունքը, որովհետեւ մարդիկ արդեն խոսքերին էլ չեն հավատում: Ով սկսում ա ոսկե սարեր խոստանալ` արդեն իրան ատում ես, որովհետեւ էդ մեխանիզմներն արդեն անգիր գիտենք: Հիմա նայե՛ք, Սերժը սկսել ա ժողովրդի հետ լինել չէ՞, բայց արդեն հետեւից խոսում են, իբր թե պատրաստվում ա նախագահականին, դրա համար էլ իջել ա ներքեւ: Բայց ես թքեմ տենց բան ասողի երեսին, որովհետեւ մենք էնքան հոռետես ենք դարձել, որ լավ բաներին էլ ենք անուն կպցնում: 20-ից ավելի նախագահական թեկնածուներ կան, բա իրանք խի՞ չեն իջնում ներքեւ: Թե՞ ընտրություններից մի 10 օր առաջ նոր պիտի սկսեն իրանց ռեյդն ու ստերը քարոզեն: Թեկուզեւ նախագահականին ա պատրաստվում, բայց զատո համոզվում ես, որ էս մարդը բարոյականություն ունի, եթե հիմա ժողովրդի մեջ ա, ուրեմն` հետո էլ կլինի: Հավատա՛, որ ժողովրդի սիրտը շահելու համար էսօր պետք ա ժողովրդի հետ լինել: Մարդիկ արդեն դաժե զզվել են էն բանից, որ մի քաղաքական գործիչը մյուսին ա քֆրտում: Առաջ հավեսով լսում, կայֆեր էինք բռնում, բայց հիմա զզվել ենք: Հիմա ավելի շատ դրական բանի կարիք ունենք, որովհետեւ սաղ իրար տակ են փորում, բայց դրանից մենք ենք տուժում: Չգիտեմ, ինձ շատ ա զարմացրել Սերժի՝ վարչապետի կերպարը, որովհետեւ առաջ իրա կերպարը նույնացնում էի Հիտլերի խիստ կերպարի հետ: Էսօր զգում եմ, որ բոլորից մարդկայինը ինքն ա: Դաժե նշանակություն էլ չունի, որ ինքը հայտարարել ա, թե` թոշակները կբարձրացնենք, էս կանենք, էն կանենք: Կարեւորն էն ա, որ ինքը մեր հետ ա»,- ասում է Գագիկն ու մարդկանց կոչ է անում մի քիչ լավատես լինել:
«Էս կառավարությունն էլ, իրա հերն էլ, իրա մերն էլ…»
«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ հին, ոչ էլ նոր կառավարությունը, որովհետեւ շուտով գնալու եմ Ռուսաստան,- վստահեցնում է վարորդ Կարենն ու անտարբերությամբ շարունակում: -Մեր երկրում ոչ ես, ոչ էլ իմ երեխեքն ապագա չունեն: Երեխեքս դպրոցական են, մեկը՝ 3-րդ, մյուսը՝ 8-րդ դասարանում են սովորում: Ես չգիտեմ՝ որպես ծնող էդ ինչքա՞ն փող պիտի աշխատես, որ ուսուցիչներին գոհացնես: Քննությունը փող ա, գիրքը փող ա, գնահատականը փող ա, համազգեստը, վկայականը, դասատուների ծնունդ-կնունքը, ու այ տենց կարամ ամբողջ մի ցուցակ թվարկեմ… սաղ փող ա… Աբսուրդ բան ա: Երեխեքին բան չեն սովորացնում, որ արտաժամյա պարապեն, փող աշխատեն: Բան չունեմ ասելու, էդ մանկավարժները ծիծաղելի աշխատավարձ են ստանում, բայց չի կարելի ամեն ինչ կլպելու վրա դնել: Մտածում եմ, որ իզուր էլ տվեցի էդ դպրոցը, ավելի լավ էր տարեկան 500 դոլար վճարեի մասնավոր դպրոցին ու քաշվեի մի կողմ: Պետական դպրոցներում ամեն ինչ շորթելու, խաբելու ու ֆռռացնելու վրա ա: Պետությունն ավելի կաշառակեր ա, քան մասնավորը: Մասնավորն իրա գինը դնում ա ու ասում ա` էս ա, իսկ պետությունը ձեւացնում ա, թե ինքը ծառայում ա իրա քաղաքացուն, բայց գաղտնի կերպով թալանում ա իրա քաղաքացուն: Կառավարությունը փոխվում ա, բայց հայկական խասյաթը մնում ա: Մեր կառավարության խասյաթը չի փոխվի էնքան ժամանակ, մինչեւ հայկական խասյաթը չփոխվի: Ամեն ինչ կաշառակերության վրա ա: Թող օրենք գրեն, որ դպրոցում սովորելը վճարովի ա, մենք էլ կհաշտվենք դրա հետ: Մենակ դպրոցը չի, երեխեքս եթե ավարտեն՝ չեմ թողելու սովորեն, որովհետեւ գիտեմ, որ կյանքիս կեսը կգնա: Իմ երեխեքը սովորող, խելացի են, բայց մեկ ա, ես ու կինս պիտի կաշվից դուրս գանք, որ մի հատ դիպլոմ ստանան: Եթե հետո էլ աշխատանքի տեղավորելու համար պիտի փող տամ, հեն ա, առանց կրթության էլ փողը կտանք՝ թող աշխատեն: Նոր կառավարությունը տաքսի քշելու համար խեղդող պրետենզիաներ ա դրել, բայց տենց իբր ի՞նչ: Ես հես ա ընտանիքիս հավաքելու եմ ու գնամ Ռուսաստանում տաքսի քշեմ: Ամբողջ օրը խոսում են հայաթափության մասին, բայց իրանք զոռով մեզ քշում են մեր հայրենիքից: Եթե տաքսու վարորդն էշի պես աշխատելով՝ պիտի պետությանը տա ու իրան բան չմնա, ուրեմն` թքած ունեմ էս պետության ու կառավարության վրա: Էսօր Հայաստանի տղամարդկանց 20-30%-ը տաքսի քշելով ա տուն պահում, բայց տեսեք, թե ինչ գործազրկություն ու աղքատություն ա սպասվում: Մի խոսքով, ներվերս էլի քայքայվեց: Էս կառավարությունն էլ, իրանց հերն էլ, իրանց մերն էլ…»:
«Լեւոնին պիտի գնահատենք»
Վարորդ Վարդանը զարմանքով հարցնում է` «Բայց կառավարության ի՞նչն ա փոխվել, որ… Նույն մարդիկ չե՞ն, նախարարներն իրանց տեղակալներով փոխանակման ենթարկվեցին, էլի: Ոնց նայում ես` նույն պաշտոնյաները նույն համակարգերում են: Համ էլ վարչապետի ի՞նչն ա փոխվել, որ: Նախագահն էլ, վարչապետն էլ, պաշտպանության նախարարն էլ միշտ Սերժ Սարգսյանն ա եղել: Էն ժամանակ, երբ նախարար էր, կարող ա՞ պատահի վարչապետի կամ նախագահի ֆունկցիա չէր կատարում: Միշտ էլ Սերժ Սարգսյանը հանդես ա եկել որպես Հայաստանի առաջին դեմք: Որ ճիշտ ասեմ՝ բոլորս էլ գիտենք, որ ինքն ա նախագահ նստելու: Բայց որ ճիշտն ասեմ` ես հավանում եմ Ռոբերտ Քոչարյանին ու չէի ուզենա, որ նորից նախագահ փոխվեր: Եթե փոխվեր էլ, գոնե թող Լեւոն Տեր-Պետրոսյանը նստեր: Չգիտեմ, ես էդ մարդուն շատ եմ հավանում, ինքը նենց ազնիվ կերպար ա, կիրթ, գրագետ մարդ ա: Ես չեմ ընդունում, երբ ասում են, որ մեր երկիրը Լեւոնը քանդեց, որովհետեւ անկախությունն ինչքան քաղցր բան ա, էդքան էլ բարդ ու հետեւանքներով լի պրոցես ա: Լեւոնին պետք ա շատ գնահատել, որովհետեւ ամենակարեւոր բանը հայերի համար եղել ա Լեւոնի օրոք: Շատ չես իմանա, թե, ասենք, եթե Քոչարյանը լիներ՝ էն ժամանակ ինչ կլիներ»,- ասում է Վարդանն ու մեր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չլինել այսքան երախտամոռ: